Քաղաքական

21.08.2009 17:16


Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը ձախողվել է հայ–թուրքական հարաբերությունների բնագավառում»

Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը ձախողվել է հայ–թուրքական հարաբերությունների բնագավառում»

«Դուպլեքս» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների զարգացումներին անդրադառնալով՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է, թե Սերժ Սարգսյանը ձախողվել է հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում։ Նա մատնանշել է Սերժ Սարգսյանի մի շարք ձախողումներ.

-Առաջինը՝ նրան խաբել են։ Չնայած որ նա գնաց, մեր կարծիքով, անհարկի զիջումների՝ մասնավորապես ընդունեց, որ Ցեղասպանության հարցը պետք է ուսումնասիրի հայ-թուրքական համատեղ հանձնաժողովը, ինչն, ըստ մեզ, հավասարազոր է Ցեղասպանության ուրացմանը, այնուամենայնիվ, Ղարաբաղյան կարգավորման հարցը չանջատվեց հայ-թուրքական հարաբերություների կարգավորման հարցից, և Թուրքիան վերադարձավ իր դիրքորոշմանը, թե մինչև Ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի, հայ-թուրքական սահմանի բացում չի լինի։ Սա ձախողում է, որը հնարավոր չէ ուղղել։

Սերժ Սարգսյանի երկրորդ սխալն, ըստ Լ. Զուրաբյանի, այն էր, որ համաձայնելով նման զիջմանը՝ Ս. Սարգսյանը, փաստորեն, կասեցրել է  Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Երրորդ՝ ամենախոշոր սխալն այն է, որ «ժամանակակից դիվանագիտության մեջ ինչ-որ նորամուծություն է կատարվել», այսինքն՝ Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նման գաղտնի պրոտոկոլներ  են համաձայնեցվել, որոնք առ այսօր գաղտնի են պահվում և՛ թուրք, և՛ հայ հասարակություններից»։

-Ինչպե՞ս կարող ենք նման վարվելակերպից հետո վստահ լինել, որ Ղարաբաղի հարցում ևս գոյություն չունեն արդեն համաձայնեցված գաղտնի փաստաթղթեր,- տարակուսել է նա։

Նրա կարծիքով «Պե՞տք է գնա Սերժ Սարգսյանը Թուրքիա, թե՞ ոչ, պե՞տք է շարունակի ֆուտբոլային դիվանագիտությունը, թե՞ ոչ» հարցադրումներն անիմաստ են, քանի որ ո՛չ գնալով, ո՛չ չգնալով՝ Սերժ Սարգսյանն իր կողմից մատնանշած սխալները չի կարող ուղղել. «դրանք անշտկելի սխալներ են»։

Լևոն Զորաբյանը համոզված է, որ այդ սխալներին Սերժ Սարգսյանին դրդել է իր ներքին քաղաքական թուլությունը, քանի որ, «լինելով ոչ լեգիտիմ նախագահ, նա փորձել է այդ տեսակ անհարկի զիջումների գնալ Արմուտքի աջակցությունն ու իր լեգիտիմության ընդունումն ապահովելու համար»։

-Նման սխալները կարող է շտկել միայն լեգիտիմ իշխանությունը,- հավելել է նա։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը