Մեկնաբանություն

19.04.2014 14:08


ՀՀԿ–ն էլ դուրս եկավ կոալիցիայից

ՀՀԿ–ն էլ դուրս եկավ կոալիցիայից

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց դեմ է հանրության 80 տոկոսը, բայց իրենք շարունակելու են այն, ինչ արել են մինչև հիմա։

Նոր վարչապետին նշանակելիս էլ Սարգսյանը նույն բանը հայտարարեց, բայց մի փոքր այլ բառերով։ Նա Հովիկ Աբրահամյանին կոչ արեց շարունակել Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում վարվող քաղաքականությունը։

Հարկ է արձանագրել, որ 2008–ից հետո Սերժ Սարգսյանն անշեղորեն գնում է ինքնամեկուսացման ճանապարհով։ Նա այնպես կառավարեց, որ հիմա որևէ մեկը չի ուզում կողքը կանգնել։

«Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում կոալիցիան լքեց ՀՅԴ–ն, իսկ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործընթացը հանգեցրեց այն բանին, որ իշխանական ճամբարից հեռացավ ԲՀԿ–ն։

Ներսից արձանագրելով իշխանական բուրգի փլուզման գործընթացը՝ Սերժ Սարգսյանին լքեց անգամ ՕԵԿ–ը, որը թվում էր, թե անվերադարձ և անվերապահ կցվել էր ՀՀԿ–ի սայլակին։ Ասել է թե՝ Արթուր Բաղդասարյանը գերադասեց մինուսից սկսել քաղաքական նոր կարիերա, քան մնալ Սերժի կողքն ու հարյուր տոկոսով խորտակվել։

Իշխող կոալիցիայում հիմա մնացել է միայն ՀՀԿ–ն, այն էլ՝ խիստ պայմանականորեն։ ՀՀԿ–ն ինքը խիստ պայմանական ու հարաբերական հասկացություն է, քանզի կավե ոտքերով հսկա է հիշեցնում։ Բավական է՝ իշխանությունից զրկվեն, ու ՀՀԿ–ի գրասենյակի պահպանման ծախսերը փակող չի գտնվելու փողատերերի այդ կառույցում, և սև շենքն այդ դառնալու է կա՛մ կոռուպցիայի թանգարան, կա՛մ մանկապարտեզ, կա՛մ Լֆիկն այն կսարքի «Երևան սիթի»։

Իսկ այն, որ այս կառավարությունում ՀՀԿ–ն ներկայացված չէ, հաստատվում է դրա կազմի առաջին նշանակումներով։

Բանն այն է, որ նորանշանակ նախարարներն ամենևին էլ ՀՀԿ–ից չեն։ Մեկ գիշերվա մեջ ՕԵԿ–ի հետ գաղափարական տարաձայնություններ հայտնաբերած նախարարները Սերժ Սարգսյանի դրածոներն են, այլ ոչ թե ՀՀԿ–ականներ։

Պաշտպանության նախարարն ու արտաքին գործերի նախարարը նունպես ՀՀԿ–ից չեն։

Մյուս նախարարների ով լինելը դեռ պարզ չէ, բայց դե, նրանք էլ նույն «մաստի» պաշտոնյաներ են լինելու՝ ընկալվելով կա՛մ Ս. Սարգսյանի, կա՛մ Հ. Աբրահամյանի «մարդ»։

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ–ից չէ, քանզի նրան մեղադրանք ներկայացվեց ներթիմային պահով։

Այնպես որ, ՀՀԿ–ին նույնպես կարելի է կոալիցիայից դուրս համարել։

Հիմա Սերժ Սարգսյանը, բառիս բուն իմաստով, մենակ է մնացել։ ՀՀԿ ասելով՝ նա ինքն իրեն է պատկերացնում ու իրեն կցված երիտօլիգարխիային։

ՀՀԿ–ում էլ հասկանում են, որ նավակը խորտակվում է, և տարբերակներ են ման գալիս «էշ նահատակ» չդառնալու համար։

Քանի՞ ամիս է մնացել Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Այս հարցը հետաքրքրում է ոչ միայն հանրությանը, այլև բուն ՀՀԿ–ականներին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը