Մեկնաբանություն

19.04.2014 16:57


Ուշադրությու՛ն, դռները փակվում են։ Հաջորդ կանգառը «Հայրենասիրական»։ Վերջի՛ն կանգառն է։

Ուշադրությու՛ն, դռները փակվում են։ Հաջորդ կանգառը «Հայրենասիրական»։ Վերջի՛ն կանգառն է։

Սերժ Սարգսյանը ՊՆ հրամկազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ–թուրքական արձանագրություններին ու դրական գնահատականներ տվել «ֆուտբոլային» դիվանագիտությանը։

Ըստ նրա՝ եթե հայ–թուրքական արձանագրություններն այդքան վատն են մեզ համար, ապա ինչո՞ւ պաշտոնական Անկարան դրանք չի վավերացնում։ Համաձայնե՛ք, որ «երկաթյա» տրամաբանություն է։

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ «ֆուտբոլային» դիվանագիտության դրական կողմն այն է, որ աշխարհը տեսավ, թե ինչ խաղաղասերն է Հայաստանը և ինչ վատն է Թուրքիան, որ չի բացում սահմանները։

Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ թուրքերը մի պահից սկսած առաջ քաշեցին նախապայմաններ, որոնք հայկական կողմի համար, բնականաբար, ընդունելի չեն։

Ցեղասպանության մասով էլ մատնացույց արեց ԱՄՆ–ում տեղի ունեցող գործընթացները (կարելի է կարծել, որ ամերիկացիները «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում են օրենսդիր մարմնում քննարկման առարկա դարձրել Հայոց ցեղասպանության հարցը)։

Սերժ Սարգսյանի երեկ հնչեցրած գնահատականներն ու նրա մամլո խոսնակի այսօրվա ակնարկները հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Բաղրամյան 26–ում որոշել են հետ վերցնել պաշտոնական Երևանի ստորագրությունները հայ–թուրքական արձանագրություններից կամ էլ գնալ միջանկյալ տարբերակով, այն է՝ հետ կանչել արձանագրություններն ԱԺ–ից՝ պահելով ստորագրությունները։

Անշու՛շտ, ճիշտ կլինի, եթե հայ–թուրքական արձանագրություններից հետ վերցվի հայկական կողմի ստորագրությունը։ Դա կլինի ուշացած, բայց ճիշտ քայլ, սակայն «նախաձեռնողականության» հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու։

Մենք դեռ «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում էինք զգուշացնում, որ թուրքերը նախապայմանների լեզվով են խոսում, իսկ իշխանությունները համառորեն չէին ուզում տեսնել նախապայմանները, քանզի իրենց պետք էր հայ–թուրքականի շոուն՝ ներքին լեգիտիմության բացակայության հարցը կեղծ օրակարգով փոխարինելու համար։ Իրենց չէր հետաքրքրում այն, որ Սերժ Սարգսյանի անձնական շահը խոր հակասության մեջ է մտել Հայաստանի ու Ղարաբաղի շահի հետ։

Եթե այժմ Սարգսյանը որպես ձեռքբերում է ներկայացնում այն, որ աշխարհը տեսավ, թե ինչ ապակառուցողականն է Թուրքիան ու ինչ «պուպուշ» է Հայաստանը, ապա դա առնվազն գործից չհասկանալու դրսևորում է, կամ էլ՝ դեմագոգիա։

Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ հայ–թուրքական «ֆուտբոլի» նպատակն է բացել հայ–թուրքական սահմանը և հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

Սարգսյանն այնքան վստահ էր, որ միջազգային «պապաները» օգնելու են իրեն այդ հարցերում, որ հայտարարեց, թե կմեկնի Թուրքիա ֆուտբոլ դիտելու, եթե լինեն բաց սահմաններ, կամ եթե մենք գտնվենք սահմանների բացման նախաշեմին։

Սարգսյանն, ինչպես հայտնի է, սխալվեց։ Նա մեկնեց փակ սահմանով և սահմանի բացման հոտն անգամ չի գալիս։

Նա սխալվել էր նաև մինչև այդ հայտարարությունը, երբ դրական էր գնահատել Թուրքիայի նախագահ Գյուլի առաջարկը՝ օժանդակել Ղարաբաղի հարցում։

Ինչ վերաբերում է այն թեզին, թե իբր հայ–թուրքական արձանագրություններն այնքան հայանպաստ են, որ Թուրքիան չի շտապում վավերացնել դրանք, ապա պետք է նկատել, որ Թուրքիային «էն գլխից» պետք չի եղել արդյունքը, այդ իսկ պատճառով էլ նրանք չեն վավերացրել արձանագրությունները։

Թուրքիային պետք էր հայ–թուրքական գործընթացը, իսկ Հայաստանին՝ արդյունքը (սահմանի բացումը)։ Թուրքիան գործընթացն օգտագործեց Ղարաբաղի հարցում լեգիտիմ մակարդակով ճնշումներ բանեցնելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն օրակարգից հանելու համար։ Արդյունքը եղավ այն, որ 2011թ. Կազանում Հայաստանը փրկվեց միայն Ալիևի էշության ու ագահության շնորհիվ։

Երկրորդ կարծիք լինել չի կարող. Ղարաբաղի հետ կապված կազանյան գործընթացը հայ–թուրքականի ուղղակի հետևանքն էր։ Սերժ Սարգսյանը, հանուն հայ–թուրքական «ֆուտբոլի» առաջընթացի, պատրաստ էր զիջել Ղարաբաղում (ցեղասպանության հարցը նա արդեն զիջել էր՝ արձանագրություններում պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը հավանություն տալով), սակայն Ալիևը, տեսնելով, որ դիմացինը «նախաձեռնողական» է, ավելին պահանջեց, ինչն էլ ստիպեց Սարգսյանին հետ քաշվել, քանզի այստեղ կկորցներ աթոռը։

Հիմա եթե Սարգսյանը չի հասկանում, որ Թուրքիան չի ուզում վավերացնել արձանագրությունները, քանզի մեր ոխերիմ հարևաններին միայն գործընթացն է պետք, ապա դա վատ է։

Իսկ եթե Սարգսյանը հասկանում է, որ սխալվել է, բայց չի ուզում համապատասխան հետևություններ անել ու փորձում է վիրտուալ հաղթանակներից խոսել, ապա դա շատ ավելի վատ է։

«Հայրենասիրությամբ» հեռու չես գնա, մանավանդ որ բոլորն արդեն գիտեն, որ թագավորը մերկ է։ Սակայն Սարգսյանն այլ տարբերակ չունի։ Երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունն ամբողջությամբ ձախողած «Վերջի բոլշևիկին» այլ բան չի մնում, քան «հայրենասիրություն» խաղալը։ Դա նրա վերջին կանգառն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը