Մեկնաբանություն

21.04.2014 15:00


«Ֆուտբոլայինի» հետողորմյան. Գյուլն այլևս գործընկեր չէ

«Ֆուտբոլայինի» հետողորմյան. Գյուլն այլևս գործընկեր չէ

Ցանկացած մարդ որեւէ գործ սկսելիս եթե թունելի վերջում լույսը չի տեսնում՝ պարզապես հրաժարվում է գործընթաց նախաձեռնելուց:

Իսկ եթե այդ մարդը երկրի ղեկավար է՝ առավել զգոն պետք է լինի: Այսինքն՝ ոչ թե պետք է 50/50-ով կանխատեսի, որ թունելի վերջում հնարավոր է լույս երեւա, այլ գործընթացի մեջ նետվելուց առաջ պետք է հստակ իմանա, որ թունելի վերջում ինքը հաստատ լույս է տեսնելու:

Թեմայի վերաբերյալ հեգնանքը հակացուցված է, սակայն դատելով պաշտպանության նախարարությունում արած Սերժ Սարգսյանի հայտարարություններից՝ ստացվում է, որ այս մարդը 2009-ին հայ-թուրքական գործընթաց էր սկսել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը հերոսաբար հայտարարի, թե թուրքերը մեզ խաբեցին:

Իհարկե, նախարարությունում ունեցած նրա սրտաճմլիկ ելույթում բառ անգամ չասվեց այն մասին, թե ինչ է պատրաստվում անել հայ-թուրքական արձանագրությունների հետ. թողնելու է ՀՀ Ազգային ժողովի օրակարգո՞ւմ, թե՞ Հայաստանը հետ է վերցնելու իր ստորագրությունը այդ փաստաթղթերի տակից:

Դրա համար էլ հավելյալ պարզաբանման կարիք զգացվեց եւ գործակալություններից մեկի հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը ոչ թե պարզաբանեց ու հստակեցրեց Հայաստանի մոտեցումը, այլ մշուշոտ ինչ-որ բան ասաց, թե սպասեք ապրիլի 24-ին եւ կլսեք քաղաքական հայտարարություններ:

Ինչից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հերոսաբար հետ վերցնել ստորագրությունը արձանագրությունների տակից եւ այդ փաստաթղթերը հանել ԱԺ օրակարգից:

Վա՜յ, էս ինչ ցնցող քայլ է պատրաստվում նա անել, եւ սա այն պարագայում, երբ 2009-ից մինչ օրս բոլորը միաբերան նրան խնդրում ու պահանջում էին, որ հրաժարվի եւ ՀՀ օրակարգից դուրս շպրտի այդ հակահայկական արձանագրությունները: Ավելին՝ չսկսի «ֆուտբոլային» դիվանագիտությունը և վնաս չտա մեր շահերին։

Մինչդեռ, Սերժ Սարգսյանը ոչ ոքի չէր լսում, ավելին՝ արհամարհում էր նման կոչերը:

Իսկ հիմա, արձանագրությունները ստորագրելուց (2010-ի հոկտեմբեր) երեք ու կես տարի հետո հանդիպելով պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի հետ, Սերժ Սարգսյանը որոշել է «սիրտը բացել» ու ի լուր բոլորի ասել, թե ինչքան տմարդի են թուրքերը, ովքեր խաբեցին հայկական կողմին՝ անընդունելի նախապայմաններ առաջադրելով (այդ նախապայմաններն, ի դեպ, նկատել եւ դրա մասին բարձրաձայնել են քաղաքական ուժերը և փորձագետները դեռ 2009-ին):

Այցելել է նախարարություն ասելու, թե թուրքերին իսկի «գործընկերներ» էլ չի կարելի ասել:

Երբ հաճոյանում էր Գյուլին, մեր ֆուտբոլային թիմի մարզաշապիկից հանում էր Արարատ լեռան պատկերը ու Հայաստան Գյուլի այցի ժամանակ անջատում էր Ծիծեռնակաբերդի լույսերը, հետաքրքիր է, թուրքական կողմին այդպիսի տգեղ ռեւերանսներ անող մարդը հիմա ի՞նչու է «վառված» ու չի ցանկանում այլեւս Գյուլին, Էրդողաին ու Դավութօղլուն «գործընկերներ» համարել:

Երբ ուրախությամբ հետեւում էր, թե Ցյուրիխում ինչպես էին քաշքշում Նալբանդյանի թշիկները, այն ժամանակ թուրքերը գործընկերներ էին, իսկ հիմա արդեն նրանց այդպիսին չի համարում:

Դե, քանի որ արդեն խաղաղության Նոբելյան մրցանակի հարցը փակված է (Սարգսյանը հայ-թուրքական գործընթաց սկսելիս նման մրցանակի արժանանալու թաքուն հույսեր էր փակփայում) և «պատմական դեմք»« դառնալու հուսերը մեռել են, ուրեմն՝ թուրքերին արդեն «գործընկերներ» էլ չի կարելի համարել:

Արձանագրելով սառեցված գործընթացի արդյունքները, Սերժ Սարգսյանն հայտարարում է. «Մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում»:

Սակայն չի նշում, թե այդ ո՞վքեր էին մեզ կշտամբող «բարկամները», որ հանուն նրանց կարծիքի փոփոխության գնացինք մեր ազգային շահերի ոտնահարման ճանապարհով։ Կշտամբանքներից խուսափելու համա՞ր էինք «ֆուտբոլ» խաղում։ Մեր բարեկամներն էլ, հավանաբար, խոսքը Նալբանդյանի թշիկները քաշքշողներն էին։

Հետաքրքիր է, այս «բարեկամների» կասկածները փարատելու համար պարտադիր պետք է չորս տարի անիմաստ ժամանակ վատնվե՞ր:

Պակաս ուշագրավ չէ նաեւ իրեն քննադատողներին հակադարձելու համար Սարգսյանի ներկայացրած «ալիբին»:

Այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցվել է՝ սա փաստ է:

Բայց Սարգսյանը մի օրինակ է բերում, ասելով թե այսօր թուրքերն զբաղված են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի դեմ պայքարով: Ուրեմն՝ հայ-թուրքական գործընթացը չի վնասել միջազգային ճանաչմանը:

Իսկ թուրքերը ե՞րբ են դադարեցրել պայքարը, նրանք միշտ էլ պայքարել են տարբեր պետությունների ու միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունելու մտադրությունների ու ծրագրերի դեմ:

Սակայն, մինչեւ 2008-ը ավելի քան մեկուկես տասնյակի չափ այդպիսի բանաձեւեր ու որոշումներ են ընդունվել:

Ինչը դժվար է ասել ԱՄՆ Սենատի հանձնաժողովի դեպքում, քանի որ դեռ հարց է՝ կընդունե՞ն, թե՞ ոչ բանաձեւը:

Ինչեւէ, «էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու այիբ»:

Չնայած, դեռ համոզված չենք գոնե հիմա վերջապես կորոշի՞ «էշից իջնել»։ Տվյալ դեպքում ժողովրդական բանահյուսությունը մեկ այլ իմաստ կստանա։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը