Լրահոս

21.04.2014 19:00


Թբիլիսիում հարություն են տվել Ջուղայի խաչքարին

Թբիլիսիում հարություն են տվել Ջուղայի խաչքարին

Ապրիլի 21-ին Թբիլիսիի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցում կայացավ հետաքրքիր և նշանակալի իրադարձություն` խաչքարի օծում: Խաչքարի օծման արարողությունը եկեղեցու բակում հավաքված հյուրերի և ծխականների ներկայությամբ կատարեց Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Եկեղեցու բակում տեղադրված խաչքարն իսկապես հիանալի է: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Չէ՞ որ դա 1602թ.ին անհայտ վարպետի ստեղծած և 2005 թ.ին ադրբեջանցիների կողմից ոչնչացված Ջուղայի հայտնի խաչքարերից մեկի ճիշտ և ճիշտ նմանակն է: Անցել է ընդամենը 9 տարի նրանից հետո, երբ ադրբեջանցի զինվորները փորձելով ոչնչացնել հայկական հետքը ոչնչացրել են Նախիջևանի տարածքում գտնվող Հին Ջուղայի հարյուրավոր միջնադարյան խաչքարերով զարդարված հայկական գերեզմանոցը: Եվ ահա, թվում է, թե ոչնչացված խաչքարերից մեկը հարություն է առել Թբիլիսիում: Հարություն առավ մի հայտնի քանդակագործ վարպետի, բազում ժամանակակից խաչքարերի հեղինակի` վարպետ Վարազդատ Համբարձումյանի ջանքերի շնորհիվ: Հիմա Ջուղայի խաչքարը զարդարում է Թբիլիսիի սբ.Էջմիածին եկեղեցու բակը, և յուրաքանչյուր ցանկացող կարող է մոտենալ և հերթական անգամ հիանալ XVII դարում ապրած անհայտ վարպետի հանճարով և հնագույն խաչքարին հարություն տված մեր ժամանակակից վարպետ Վարազդատի տաղանդով:

Խաչքարի պատվանդանին գրված է՝ «Ջուղա 1602», իսկ կողքին փակցված է մետաղյա տախտակ գրառումով` «խաչքարը նվիրվում է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրաց Հայոց Ցեղասպանության զոհերի խնկելի հիշատակին: Խաչքար հուշարձանը նմանօրինակն է Հին Ջուղայում ազերների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկին»:

Պետք է նշել, որ բացման արարողության ժամանակ, Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ ներկա չեին: Չկային նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, և այս ամենը իր բացատրությունը ունի:

Ցավալի փաստ է, բայց արդեն 20 տարի է, որ անկախ Վրաստանի իշխանությունները կտրականապես հրաժարվում են ընդունել 1915-23 թթ. Ցեղասպանության փաստը, ինչպես նաև խուսափում են ցանկացած խոսակցություններից, որոնք վերաբերում են 99 տարվա վաղեմության ողբերգական դեպքերին: Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները նույնպես խուսափում են Ցեղասպանության մասին խոսելուց: Միանգամից, անհրաժեշտ է հիշել, որ ցավոք, քաղաքային իշխանություններին ուղղված` Համայնքի` 1915-23թթ. Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման թույլտվություն ստանալու ջանքերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել:

Շատ տարիների ընթացքում Համայնքը դիմում է Քաղաքապետարանին խաչքարի տեղադրման թույլտվություն ստանալու հարցով: Այստեղ պետք է նշել, որ 6 տարի առաջ, քաղաքային իշխանությունները, բանավոր կերպով հայտնել էին Համայնքին իրենց տեսակետը, Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման մասին՝ «Հայկական եկեղեցու բակում, կարող եք տեղադրել այն ինչ ցանկանում եք: Մեր թույլտվությունը դրա համար ձեզ պետք չէ: Իսկ քաղաքապետարանին պատկանող տարածքում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված որևէ հուշարձանի տեղադրման թույլտվություն երբեք չի տրվի»:

Չնայած քաղաքապետարանի այս դիրքորոշմանը, Համայնքը շարունակում էր և կշարունակի պահանջել քաղաքի իշխանություններից հարգել Թբիլիսիի հայ բնակչության իրավունքները, և պաշտոնապես թույլատրել տեղադրել քաղաքում՝ 1915-23 թթ. Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Քաղաքապետարանը ուղղակիորեն անտեսում է բազմաթիվ դիմումները, իսկ 2013թ.ին ի վերջո տվեց գրավոր պատասխան. «քանի որ ձեր կողմից նշված փաստը (հայ ժողովրդի ցեղասպանություն-խմբ) տեղի չի ունեցել Վրաստանի տարածքի վրա, հուշակոթողի տեղադրման թույլտվություն չի տրվի: Հուշարձանն իր բովանդակությամբ ենթադրում է իրադարձության հավերժացումը կոնկրետ վայրում»: Ահա այսպիսի աբսուրդ-ցինիկ պատասխան:

Սկզբունքորեն, եթե մտածենք, Թբիլիսիի քաղաքապետարանի պատասխանը լիովին համապատասխանում է նրան, թե ինչպիսի ջանքերով ենք մենք` թիֆլիսահայերս, պահանջում մեր իրավունքների պաշտպանությունը, լինի դա 1915-23թթ. Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի տեղադրում, հայկական դպրոցների հարց, դպրոցում հայ ժողովրդի պատմության ուսուցման հարց և բազում այլ հարցեր:

Առաջին հերթին մենք ինքներս պետք է փոխվենք: Մեզնից յուրաքանչյուրը չէ, որ գիտակցում է այն ուժը, որը մենք կարող են ցուցաբերել միավորելով մեր ջանքերը: Մեզնից յուրաքանչյուրը չէ, որ հետևելով իր օրինական, Վրաստանի Սահմանադրությամբ հաստատված իրավունքներին, հիշում է, որ Թբիլիսիում հայությունը կազմում է քաղաքացիների ընդհանուր քանակի 7.6%-ը: Դա ոչ միայն քիչ չէ, դա լիովին բավարար է նրա համար, որպեսզի ստիպենք քաղաքի իշխանություններին հաշվի նստել թբիլիսահայության կարծիքի հետ և հաշվի առնել մեր շահերը: Բավական է միայն հիշել ցանկացած ընտրություններ, և ամեն ինչ պարզ կդառնա: Ո՞ր կուսակցությունը կամ քաղաքապետի ո՞ր թեկնածուն չի ցանկանա ստանալ լրացուցիչ 7.6% ձայներ: Բոլորն են ուզում: Եվ, ցավոք, դեռևս բոլորն էլ ստանում են...

Ահա այստեղ է երևում մեր թուլությունը: Վրաստանի անկախության ձեռք բերման օրվանից մենք այդպես էլ չկարողացանք այնքան համախմբել մեր ուժերը, որ օգագործելով մեր քանակը, կարողանանք պաշտպանել բոլորիս իրավունքներն ու առաջ տանել կենսական կարևորագույն շահերը: Հանուն արդարության, իհարկե, պետք է ասել նաև, որ միայն մենք չենք մեղավոր նրանում, ինչ չկարողացանք անել անցած տարիներին: Այո´, մենք բոլորս գիտենք և հիշում ենք ո՞վ ինչպես է գործել շատ տարիների ընթացքում: Բոլորը տեսնում և հասկանում էին ինչո՞ւ և ո՞ւմ հրամաններով տարիներ ի վեր տարբեր «գործիչներ» ամեն կերպ խոչընդոտում էին Թբիլիսիի հայությանը համախմբել և ստեղծել ուժեղ Համայնք: Բայց միևնույն ժամանակ մեզնից յուրաքանչյուրը կարող է և պարտավոր է մտածել մի պարզ հարցի մասին` արդյո՞ք ամեն ինչ անում ենք մեր կյանքն ավելի լավը դարձնելու համար և ուր կհասնենք բոլորս, եթե շարունակենք ինքներս մեզ հանգստացնել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է:

Մենք կարող ենք բացել հարյուրավոր խաչքարեր ու հուշարձաններ՝ շշուկով անվանելով դրանք Եղեռնի 1.500.000 զոհերին հիշատակին նվիրված հուշակոթողներ: Բայց արդյո՞ք այդպիսի գործունեությամբ այսօրվան կմոտեցնենք մեր ժողովրդի համար արդարության վերականգնման նվիրական սպասումը:

Երկու օրից` ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում թուրքական դեսպանատների առջև կանցկանվեն ցույցեր` իրագործած հանցագործության ճանաչման կոչով և հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պահանջով: Ցույց կկայանա նաև Թբիլիսիում: Ինչ-որ մեկը կարող է մտածել, որ ցույցով չի լուծվի Հայկական հարցը: Այո´, ցույցն ընդամենը մի միջոցառում է` բողոքի արտահայտման ձև, բայց հատկապես նրանից, թե քանի՞ հոգի է պատրաստ արտահայտել իր ակտիվ բողոքը, կախված է հաշվի կնստե՞ն արդյոք մեր կարծիքի հետ, թե՞ ոչ: Հատկապես նրանից է կախված, թե մեզնից քանի հոգի է պատրաստ բարձրաձայն հայտարարել իր իրավունքների մասին, կօգտվե՞նք արդյոք այդ իրավունքներից թե ոչ: Ամեն ինչ մեր ձեռքում է և ամեն ինչ կախված է միայն մեզնից:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը