Մեկնաբանություն

23.04.2014 12:25


Էլի խելքը պետք չեկավ

Էլի խելքը պետք չեկավ

Այսպես, շատերին էր հետաքրքրում, թե իշխանությունից ով կամ ովքեր կպատասխանեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ով անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին եւ պատասխանել այլ հարցերի:

Քանի որ Ռոբերտ Քոչարյանի ակնարկներն ու գնահատականները վերաբերում էին հատկապես Սերժ Սարգսյանին՝ ենթադրվում էր, որ «հակադարձելու» գործն իր վրա է վերցնելու Բաղրամյան 26-ը, մասնավորապես, Սարգսյանն իր մամուլի քարտուղարի կամ իր գլխավորած կուսակցության մամուլի խոսնակի միջոցով կփորձի պատասխանել երկրորդ նախագահին: Դե, իսկ Աշոտյանի կամ «Կարեն Ավագյանի գրասենյակի» մասին էլ չենք խոսում: Սրանք էլ իրենց հերթին կփորձեին «մեյդան ընկնել» ու պատասխանել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես վարվել են միշտ՝ ջանալով մտնել «Վերջի բոլշեւիկի» աչքը:

Նրանք, ովքեր այս «կոնտինգենտի» կողմից էին «հակահարված» սպասում, ինչ որա առումով զարմացան ու քմծիծաղ տվեցին՝ տեսնելով, թե Բաղրամյան 26-ը ում է մղել առաջին պլան:

Քոչարյանի հարցազրույցին առաջին արձագանքողը եղավ Հովիկ Աբրահամյանը (չհաշված մանր–մունր «արձագանքիկները» և վաղուց մոռացված «ընդդիմադիր» մեկ–երկու դեմքի հնչեցրած էժանագին գնահատականները):

Նոր վարչապետին նշանակելիս եւ նրան հրապարակավ ներկայացնելիս՝ Սերժ Սարգսյանը, կարծես թե, Աբրահամյանի առաջ նման պայման չդրեց: Ասաց, որ պետք է շարունակի Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը, ամեն կերպ պետք է զերծ մնա նախկին վարչապետի եւ նախկին կառավարության գործունեության պախարակումից եւ վստահեցրեց, որ նոր վարչապետին կադրերի ընտրության հարցում տալիս է մեծ ազատություն (վերանշանակումներն այդ «ազատության» վկայությունն են): Ոչ ավելին:

Ամեն դեպքում Սերժ Սարգսյանն այլ գործառույթ չի նշել: Ասենք հրապարակավ չի հայտարարել, որ Աբրահամյանի պարտականությունների մեջ է մտնում նաեւ այլ գործիչներին կամ ուժերին հակադարձելու գործը, ովքեր կքննադատեն իշխանությանը կամ հենց իրեն՝ Սարգսյանին:

Պարզվում է, սակայն, Սարգսյանը շշուկով կամ գաղտնի է ասել այդ մասին, որ այսուհետ իր մամուլի քարտուղարի կամ մյուս «մամուլի խոսնակների» պարտականությունները դրվում են Աբրահամյանի վրա:

Այլապես, ինչպես հասկանալ նորանշանակ վարչապետի ակտիվությունը այլոց արձագանքելու հարցում:

Վարչապետ նշանակվելուց մի քանի օր անց Աբրահամյանը պատասխանեց ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր- Պետրոսյանին, ընդ որում, բավական կոշտ: Այն դեպքում, երբ ՀԱԿ-ի հայտարարության մեջ որեւէ բացասական գնահատական չկար կոնկրետ նոր վարչապետի մասին: Ընդամենը նշվում էր, որ այսուհետ քառյակի առաջնային խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:

Իսկ հիմա Աբրահամյանը արձագանքում է Քոչարյանի հարցազրույցին: Այն պարագայում, երբ երկրորդ նախագահը դրական է գնահատել իր՝ նախկինում կատարած աշխատանքը եւ հաջողություն մաղթել վարչապետի պաշտոնում:

Ավելին՝ նկատել է, թե ինչ ծանր ժառանգություն է ստացել Աբրահամյանը:

Իրոք, տարակուսելի է Աբրահամյանի «նախաձեռնողականությունը»՝ նախկին նախագահներին արձագանքելու առումով:

Հիմա էլ նրան զարմացրել է Քոչարյանի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արած դիտարկումները: Իսկ երկորդ նախագահն, ինչպես հայտնի է, դեմ է այդ փոփոխություններին, քանի որ դրանք արվում են իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակով:

Ակնհայտ է, որ Աբրահամյանի պատասխանը, ինչպես Տեր–պետրոսյանի դեպքում, նույնպես գրվել է Բաղրամյան 26-ում: Պարզվում է, որ, ըստ Սերժ Սարգսյանի, իշխանությունների գործունեությունը գնահատելիս Ռոբերտ Քոչարյանը օբյեկտիվ չէ, ավելին՝ «չարախնդում» է այդ ողբալի արդյունքների վրա: Իսկ ահա «ժամանակը» կտա իր ուզած գնահատականը:

Մինչդեռ, առանց Քոչարյանի գնահատականի էլ, ժողվուրդն ամեն օր «չարախնդությամբ» տալիս է Սերժ եւ Տրգրան Սարգսյանների գործունեության իրական գնահատականը:

Բայց իսկապես զարմանալի է, թե ինչու է Սարգսյանի փոխարեն արձագանքում Աբրահամյանը:

Դե, որովհետեւ «քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի» : Ընդամենը պետք է կատարել «արդար, ազնիվ ու ճիշտ» «Վերջի բոլշեւիկի» հրահանգները:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը