Լրահոս

23.04.2014 12:37


Ն. Զոհրաբյանը Մ. Եսայանին՝ «Մարդ կա՝ իրեն արագաչափի տեղ է դրել»

Ն. Զոհրաբյանը Մ. Եսայանին՝ «Մարդ կա՝ իրեն արագաչափի տեղ է դրել»

«Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ եթե որևէ արդյունք չլինի, ապա սրանք ընդամենը գալչկայի համար արված լսումներ կլինեն։

–Կամ եթե արդյունքում 30 հազար դրամ տուգանքը մեծ անձնազոհությամբ պետք է նվազեցվի 25 հազար, դա ուղղակի աչքակապություն կլինի։ Ինձ համար նաև անհասկանալի ձևակերպում հնչեց, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ն ռիսկային գործունեություն է իրականացնում։ Իսկ իրականում, փող աշխատելուց բացի, այլ ռիսկային աշխատանք չեն կարատում, և, կարծես, անձնազոհության մեդալով պետք է պարգևատրենք այդ ընկերությանը։ Ինչո՞ւ մի կազմակերպություն պիտի գերշահույթ ստանա, և այստեղ դա որպես անձնազոհություն ներկայացվի,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա նաև անդրադարձել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի պնդմանը, թե ճանապարհային երթևեկության խախտումները համաչափ են քաղաքացիների ստացած եկամուտներին։

–Միայն խելագարության կանխավարկածով է հնարավոր դա համարել համաչափ։ Չկա՛ աշխարհում մի երկիր, որտեղ տուգանքները լինեն այդքան անհամաչափ, որքան Հայաստանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեկ միլիոն մարդ այսօր ապրում է աղքատության սահմանագծին, էլ չեմ խոսում, թե որքանն է ապրում այդ սահմանագծից ներքև: 30 հազար դրամ տուգանքը չի կարող լինել համաչափ,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով.

–Մեր երկրում կա խավ, ով իրեն օրենքներից բարձր է դասում, բայց նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության, այդ թվում՝ քրեական։

Ի դեպ, Ն. Զոհրաբյանի ելույթի ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը շարունակ ժամացույցն է մատնացույց արել՝ հուշելով, թե Զոհրաբյանին հատկացված 5 րոպե ժամանակը սպառվել է։

–Ավարտում եմ, մի՛ անհանգստացեք, տիկի՛ն Եսայան,–հանգստացրել է Ն. Զոհրաբյանը, իսկ ելույթն ավարտելուց հետո ակնարկել է. «Մարդ կա՝ իրեն արագաչափի տեղ է դրել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը