Լրահոս

23.04.2014 19:25


ԱՊՀ երկրները համագործակցում են հումանիտար ականազերծման բնագավառում

ԱՊՀ երկրները համագործակցում են հումանիտար ականազերծման բնագավառում

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել հումանիտար ականազերծման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ձևավորել հումանիտար ականազերծման իրականացման բազմակողմ համագործակցության նորմատիվ իրավական բազա, մշակել կազմակերպական և տեխնիկական հարցերի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի կողմից ականազերծման համաձայնեցված համատեղ գործողությունների համադրման ընդհանուր մոտեցումներ:

ՀՀ կառավարությունը հաստատել է հակաականային գործողությունների ազգային չափորոշիչների կիրառման ուղեցույցը և մի շարք հարակից փաստաթղթեր: Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ տարածքում իրականացվող մարտական գործողությունների ժամանակ կիրառվող մարտավարություններից մեկը ականների տեղադրման միջոցով հակառակորդին հեռու պահելն էր: Ական էին տեղադրում ինչպես մեր ազատամարտիկները, այնպես էլ հակառակորդի զինվորները: Դրա հետևանքով այսօր Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը ենթակա են ականների ռիսկի: Կարելի է առանձնացնել մարդկանց կյանքի և առողջության սպառնալիքը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրները: Սույն որոշման ընդունումը միտված է հակաականային գործողություններում ընդգրկված անձանց անվտանգությանն ու աշխատանքի արդյունավետությանը:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքների պահանջներին համապատասխան կառավարությունը ստեղծել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը: Նշված օրենքներով մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը