Մեկնաբանություն

23.04.2014 15:34


Իշխանությունների «կուտակային» արցունքները

Իշխանությունների «կուտակային» արցունքները

Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանը փողի այլ աղբյուր է գտել։ Այդ փողը, թերևս, գալու է Ռուսաստանից՝ 1 միլիարդ դոլար վարկի տեսքով։ Դրա համար էլ «տաբուն» հանված է «կուտակայինի» վրայից։

Իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսել են «քլնգել» կուտակայինի պարտադիր բաղադրիչի գոյությունը։

Սերժի արտահաստիքային մամլո խոսնակ ու համատեղությամբ վարչապետ աշխատող Հովիկ Աբրահամյանից սկսած ու ՀՀԿ–ն ներկայացնող մյուս գործիչներից վերջացրած՝ դեմ են «պարտադիր» բաղադրիչին ու սրտաճմլիկ ձևակերպումներ են տալիս այդ թեմայով։ Մինչդեռ, ընդամենը շաբաթներ առաջ, համավոր հարսի պես ծպտուն չէին հանում այդ թեմայով, իսկ հանելուց էլ կրծքով պաշտպանում էին Սերժ Սարգսյանի հայտնաբերած «Ժամանակի մեքենան», այն է՝ ՀՀ աշխատող քաղաքացիների գրպանից էժան ու երկար փողեր պոկելու գաղափարը։

Թեև Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելիս պահանջեց շարունակել «կուտակայինի» կիրառումը և չշեղվել Տիգրան Սարգսյանի գծից, սակայն հիմա բան է փոխվել, և ՀՀԿ ղեկավարն այլևս այդ կարծիքին չէ։

Հիմա բոլորը կոկորդիլոսի արցունքներ են թափում «կուտակայինի» պահով։ Աղի արտասուքը հոսում է վարար գետի պես։ Արդեն բոլորի աչքերը բացվել են, ու բոլորը հասկացել են, որ պարտադիր բաղադրիչը լավ բան չէ։ Չի բացառվում, որ ՀՀԿ–ն հանրահավաք անի ու միանա «Դեմ եմ»–ին (տեսնես՝ այդ ո՞ւմ մտքով էր անցել այդպիսի ախմախ «բարեշրջում» նախաձեռնել, որը հերիք չէ՝ հակասահմանադրական է, դեռ մի բան էլ՝ անմարդկային)։

Ինչպես վերևում նշեցի, ՌԴ–ից նոր վարկի հոտ է գալիս, որը կօգտագործվի այնպես, ինչպես մյուս վարկերը, այսինքն՝ կփոշիացվի։ Ահա՛ այն աղբյուրը, որը ժամանակավորապես փոխարինելու է «կուտակայինից» ակնկալվող գումարներին։

Առանց մանրամասների մեջ խորանալու՝ ՄՄ մտնելու և Եվրասիական միավորմանն անդամակցելու ստորագրության դիմաց Հայաստանի իշխանությունները, «ա լյա» Պանիկովսկի, ՌԴ–ից խնդրում են մեկ միլիարդ դոլար։ Վարկի ստացումը հնարավորություն կտա այս համակարգին հագեցնել փողի դեֆիցիտի ծարավն ու ընթացիկ տարում խուսափել բյուջեի սեկվեստրից։ Բնականաբար, այդ ամենը դուրս է գալու հայ ժողովրդի «ջանից», սակայն դա Բաղրամյան 26–ին չի հետաքրքրում։

Սերժ Սարգսյանը 2008ից հետո եռապատկել է ՀՀ արտաքին պարտքը։ Այժմ նա գնում է պարտքի չափի քառապատկման ուղղությամբ։ Այսինքն, փողի անհրաժեշտություն կա, բայց «կուտակայինն» այս պահին «ջրելով»՝ Աբրահամյանին որոշակի «ֆոռա» են տալիս, որպեսզի նա հանրային ճնշման տակ չհայտնվի, բայ ոչ թե որ նրա համար Բաղրամյան 26–ում ուշքները գնում է, այլ ուրիշ պատճառով։

Սերժի արտահաստիքային մամլո խոսնակին մարտական առաջադրանք են տվել։ Հովիկին թույլ են տվել հետ պտտեցնել «կուտակայինը», բայց փոխարենը հանձնարարել են լծվել Սերժի վերարտադրությանը նպաստող սահմանադրական փոփոխություններին։

Ասել է թե՝ հիմա ուզում են «կուտակայինի» թեմայով «աչոկ» հավաքել, որպեսզի հետագայում «հորով–մորով» անեն սահմանադրական հանրաքվեն ու դրանից հետո է՛լ ավելի մեծ չափով կեղեքեն հանրությանը, այդ թվում՝ «կուտակայինի» պարտադիր կիրառմամբ։

Իսկ դա նշանակում է, որ բոլոր այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնք կողմ կարտահայտվեն սահմանադրական փոփոխություններին, կխաղան Սերժի դաշտում, այսինքն՝ Հայաստանի դեմ, ու, հետևաբար, ամբողջական պատասխանատվություն կկրեն երկրում ստեղծված իրավիճակի և հետագա գործընթացների համար։

Ի դեպ, առանձնահատուկ կուզենայի ընդգծել, որ «դհոլության» նոր տարբերակը չի անցնելու։ «Դեմ ըլլալով՝ կողմ ըլլալը» վաղուց պայթած բանաձև է, և թող որևէ մեկը չմտածի, թե իր բաց հետույքը չի երևում։ Երևում է, այն էլ՝ ինչպես։

Այնպես որ, «կուտակային» արցունքները հաշիվ չեն։ Քաղաքական դաշտում նոր ջրբաջան է հասունանում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը