Մեկնաբանություն

24.04.2014 11:29


Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում

Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում

Մինչ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը հրաժարվում է ԱԺ նախագահի պաշտոնից եւ հիմնավորում է առաջարկված պաշտոնից հրաժարվելու պատճառները, իշխանության մեկ այլ ներկայացուցիչ (նախարարի պաշտոնակատար) ամեն ինչ անում է, որ վերանշանակվի իր պաշտոնում:

Խոսքը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մասին է, ով Սերժ Սարգսյանին հաճոյանալու համար կամ վերջինիս հրահանգով պոռոտախոսում է Ռոբերտ Քոչարյանի դեմ: Դե, որպես իսկական «ճաք տված»:

Սարգսյանն իր ենթակայի միջոցով փորձում է պարզել Քոչարյանի ծրագրերը։

Եվ մինչ սրանք զբաղված են «քաղաքականություն մտնելու» մասին Քոչարյանի բերանից «խոսք քաշելու» խիստ կարեւոր գործով, Կարեն Կարապետյանի գրասենյակը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրեց, թե ո՞ր դեպքում կարող է Կարապետյանը չմերժել Սերժ Սարգսյանին եւ ստանձնել որեւէ պաշտոն:

«Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում»,- նշված է ՀՀԿ-ական պատգամավորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Փաստորեն, Կարեն Կարապետյանը համոզված չէ, որ ստանձնելով որեւէ պաշտոն, կարող է դրական ինչ-որ բան փոխել: Եվ այս մասին անկեղծորեն խոստովանում է իշխող ուժի ներկայացուցիչը, որ նաեւ կուսակցության բարձրագույն մարմնի անդամ է: Այսինքն՝ ով-ով, բայց ինքը լավ գիտի, որ Սերժ Սարգսյանի սահմանած խաղի կանոններով գործելու դեպքում որեւէ պաշտոնյա ի զորու չէ ինչ-որ բան փոխել դեպի դրականը: Ուրեմն՝ անիմաստ է նրա ձեռքից պաշտոն վերցնել ու զբաղվել ինքնախաբեությամբ:

Բայց պատգամավորն իր այս խոստովանությունը քիչ համարելով, ավելի անկեղծացավ եւ հրապարակեց սեփական տեսակետը «կուտակայինի» վերաբերյալ:

Սա արդեն իսկապես աննախադեպ քայլ է, երբ ՀՀԿ-ականը որոշել է հրապարակավ արտահայտել իր տեսակետը «պատմական» որոշման մասին: ՀՀԿ-ում ո՞վ կարող է հանդգնել Սերժ Սարգսյանին առարկել: Իսկ Կարապետյանը ոչ միայն առարկում է, այլեւ համոզված է, որ օրենքից «պարտադիր» բաղադրիչը պետք է բացառել.

«Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել կառավարության և նորանշանակ վարչապետի օպերատիվ արձագանքը, այն է՝ ընդունել օրինագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հետագայում, հատկապես օրինագիծը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու գործընթացում, զերծ մնալ աճպարարություններից և «ձախ ձեռքով աջ ականջը քորելու» գործելաոճից: Իմ խորին համոզմամբ, մենք պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադրիչը: Հակառակ պարագայում, ինչպիսի լուծում էլ առաջարկվի, հասարակության մի զգալի հատվածի համար առաջանալու է լուրջ ֆինանսական բեռ»,– իր հոդվածում նշել է Կարապետյանը:

Նա նաեւ նկատում է, որ այսօր պետության գերակա խնդիրը տնտեսությունը զարգացնելն ու մարդկանց եւ պետբյուջեի եկամուտներն ավելացնելն է: Ոչ թե փորձել «երկար փողեր» ունենալու ցանկությունն իրականացնել քաղաքացիների հաշվին: Երբ հանրությունը չի վստահում իշխանությունների որոշումներին՝ չպետք է պարտադրանքի ուժով հասնել այս կամ այն որոշման իրագործմանը:

«Իսկ որ անվերապահորեն հարկավոր է խուսափել պարտադիր բաղադրիչից, աներկբա է»,– համոզված է Կարապետյանը:

Հարցի վերաբերյալ առաջնորդի եւ կուսակցության ընդհանուր դիրքորոշման դեմ արտահայտվելու Կարապետյանի այս քայլն իսկապես անսպասելի է և գնահատելի:

Մարդն անկեղծորեն ասում է՝ տնտեսությունը զարգացնելու փոխարեն չգիտես թե ինչով եք զբաղված:

Հետեւաբար, ինքը չի կարող նստել ԱԺ նախագահի աթոռին եւ մասնակից դառնալ սպասվող աճպարարություններին, մանավանդ, երբ խորապես համոզված է, որ «կուտակային» համակարգը ներդրվում է ընդդեմ քաղաքացիների շահերի:

Ահա այսպիսի բաներ են կատարվում իշխանական համակարգի ներսում։ Մեկը «ճաք տվածի» պես դուրս է տալիս, իսկ մյուսը՝ բաց տեքստով խոսում առկա խնդիրներից ու հրապարակավ մերժում պաշտոնը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը