Մեկնաբանություն

24.04.2014 19:48


Ինչպես են շախ ու մատ անում «մեծն շախմատիստին»

Ինչպես են շախ ու մատ անում «մեծն շախմատիստին»

Բոլորն հիմա շոկի մեջ են, թե ի՞նչպես պատահեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարությամբ հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին: Ի՞նչպես պատահեց, որ պատմության մեջ առաջին անգամ Էրդողանը որոշեց խոսել «ընդհանուր ցավի» մասին:

Ինչից հետո հայ պատմաբանները, ցեղասպանագետները, քաղաքագետները կամ փորձագետները համար միաբերան գոչեցին, թե Էրդողանը կեղծում է, կամ՝ Էրդողանի հայտարարությունը ցեղասպանության ժխտման ավեի կատարելագործված դրսեւորում է եւ այլն:

Հասկացանք: Բայց հարցը մնում է՝ ինչո՞ւ հանկարծ խոսեց Էրդողանը:

Այս հարցը շրջանցում ու դրան չեն պատասխանում վերոնշյալ հայ «գետ»-ները: Փոխարենը թունդ «հայրենասիրական» ճիչեր են արձակում, թե Էրդողանը կեղծում է, ժխտում է եւ այլն, եւ այլն:

Մինչդեռ, Էրդողանը հենց այնպես «ծանր տեղը թեթեւացնողը» չէր, եթե չլիներ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ արեց ապրիլի 18-ին պաշտպանության նախարարության հրամկազմի հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով հայ-թուրքական գործընթացի արդյունքների մասին՝ Սերժ Սարգսյանը վստահորեն հայտարարեց, թե այդ հարցում ՀՀ-ի գործընկեր եւ աջակից պետությունները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությանների բացակայության պատճառը հայկական կողմը չէ։

«Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում»,- ապրիլի 18-ին վստահ հայտարարեց Սարգսյանը:

-Ուրեմն՝ այդպես, հա՞,- մտածեց Էրդողանը եւ օրեր անց՝ ապրիլի 23-ին հանդես եկավ հակընդդեմ հայտարարությամբ՝ աշխարհին ապացուցելով, որ թուրքական կողմը կառուցողական է եւ հարաբերությունների բացակայության հարցում իրենք էլ մեղքի բաժին չունեն:

«Ապրիլի 24-ը ամբողջ աշխարհի հայերի համար պատմական հարցի շուրջ ազատորեն խոսելու լավ առիթ է: Անվիճարկելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիները, անկախ կրոնից՝ թուրք, հայ, քուրդ, արաբ և այլ միլիոնավոր մարդկանց համար եղել են դժվարին ժամանակաշրջան: Ինչպես ասել են մեր նախնիները՝ «կրակն ընկած տեղն է այրում»։ Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է»,- հայտարարեց Էրդողանը:

Էրդողանի այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, որը ողջունեց Թուրքիայի վարչապետի հայտարարությունը։

«Մենք հավատում ենք, որ սա դրական նշան է առ այն, որ կարող է լինել փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչում, ինչը, հուսով ենք, առաջ կմղի թուրքերի և հայերի միջև հաշտեցման գործը:Մենք ողջունում ենք իրադարձությունը: Ողջունում ենք հայտարարությունը: Կարծում ենք, որ այն դրական քայլ էր»,- հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը՝ Ջեն Փսաքին:

Սա էլ Սերժ Սարգսյանի նշած բարեկամներից մեկը, որն իբր համոզվել է, որ թուրքական կողմն է մեղավոր հարաբերությունների բացակայության համար:

Էրդողանն այնքան օպերատիվ արձագանքեց Սարգսյանի ապրիլի 18-ի հայտարարությանը, որ ԱՄն պետդեպարտամենտը լրիվ «մոռացավ», թե ով էր անմեղը, ով՝ մեղավորը:

Կարեւորն այն, որ Էրդողանը ԱՄՆ–ի համար ողջունելի հայտարարություն է արել, ինչը «առաջ կմղի թուրքերի եւ հայերի միջեւ հաշտեցման գործը»:

Թե չէ, հայ չգիտեմինչագետները գլուխները քորելով ընկել են դեսուդեն ու արդեն 24 ժամ է մեկնաբանում-բացահայտում են Էրդողանի հայտարարության կեղծ ու ժխտական բնույթը՝ ամենեւին չցանկանալով կամ չկարողանալով նկատել, թե ո՞րն էր Թուրքիայի վարչապետի հայտարարության թե՛ դրդապատճառը եւ թե՛ նպատակը:

Պարզից էլ պարզ է, որ Էրդողանի հայտարարության դրդապատճառը Սարգսյանի հայտարարությունն էր, նպատակը՝ հայ-թուրքական գործընթացին աջակցող գերտերություններին ապացուցելը, որ ՀՀ նախագահը ճիշտ չէ, թուրքական կողմը հարաբերությունների բացակայության հարցում մեղք չունի:

Պարզ է նաև այն, որ թուրքական կողմն այսպիսի պահվածքի հնարավորություն է ստացել «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում, քանի որ հայ–թուրքական արձանագրությունների «օդում կախված» լինելը պարզապես գտածո է պաշտոնական Անկարայի համար։

Դատելով ԱՄՆ Պետդեպարտամենտի արագ արձագանքից՝ կարելի է ասել, որ Թուրքիայի վարչապետին հաջողվեց հասնել իր նպատակին:

Ահա այսպես են սեփական «նախաձեռնողականությամբ» շախ և մատ լինում։

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Ի դեպ, Էրդողանը մեկ այլ հայտարարություն էլ է արել։ Նա կրկնել է այն, ինչի մասին ասում էր «Ֆուտբոլային» դիվանագիտությունից առաջ, ընթացքում ու հիմա։ Թուրքիայի վարչապետը նշել է, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ (լուծման տակ թուրքերը, բնականաբար, հասկանում են հայկական կողմի զիջումները), իրենք սահմանը չեն բացի։

Եթե այսքանից հետո Երևանը հետ չի վերցնում ստորագրություններն արձանագրությունների վրայից, ապա դա առնվազն քաղաքական անգրագիտություն է։

Այս խորագրի վերջին նյութերը