Մեկնաբանություն

25.04.2014 11:48


Զարմանալի զարմանք, կամ ով ում «մարդն» է Հայաստանում

Զարմանալի զարմանք, կամ ով ում «մարդն» է Հայաստանում

Կառավարության ամեն մի անդամի նշանակումից կամ վերանշանակումից հետո ոմանք ախ ու վախ են քաշում, հիստերիկայի մեջ ընկնում, սեփական և ուրիշի մազերը պոկռտում, զարմանում ու զայրանում։

Բայց ես զարմանում եմ, որ դեռ մարդիկ զարմանում են այս կամ այն նշանակման կամ վերանշանակման վրա։

Եթե Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին է, ապա ՀՀ յուրաքանչյուր գրագետ կամ անգրագետ, քաղաքականապես մեղսունակ կամ անմեղսունակ, նախաձեռնող կամ չնախաձեռնող քաղաքացի կարող է հավակնել ցանկացած պաշտոնի։ Իսկ ինչո՞ւ ոչ։

Այդ ինչո՞վ է, օրինակ, Գալուստ Սահակյանը զիջում Սերժ Սարգսյանին, որ վերջինս պետք է լինի ՀՀ թիվ մեկ պաշտոնյան, իսկ Գալուստը՝ հավակնի թիվ երկուսին։

Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը լինի թիվ մեկ պաշտոնյան, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ թիվ երրորդը։

Ինչո՞ւ պետք է Հրանուշ Հակոբյանն իր կոմսոմոլական անցյալով և սեփական անձի նկատմամբ ունեցած անսահման բարձր ինքնագնահատականով ընդամենը նախարար վերանշանակվի, իսկ ահա նույն կոմսոմոլական անցյալով ու ոչ պակաս ինքնահավան Սերժ Սարգսյանը լինի նախագահ։

Ինչո՞ւ պետք է «ճաք տված» ու երիտօլիգարխիային կցված իրավաբան աշխատող Հրայր Թովմասյանը մազից կախված լինի վերանշանակման հարցում, իսկ ահա Սերժ Սարգսյանը մազից փրկվի՝ Տիգրան Սարգսյանին «փուռը» տալով։

Այս «ինչու»–ների շարքն անսպառ է։ Այնպես որ, մի՛ զարմացեք։ Զարմացե՛ք զարմացողների վրա։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Մամուլում շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե, իբր, Ռոբերտ Քոչարյանի կադրերին են բերում կառավարություն։

Վայ, քոռանամ ես, ինչի Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը լուսնի՞ց էին իջել, որ Ճշմարիտյան Կարենին կամ Սարգսյան Նարեկին համարում եք քոչարյանական կադր, իսկ ահա Սերժ Սարգսյանին՝ Քոչարյանի նախագահության շրջանում թունդ ընդդիմադիր գործիչ։

Տիգրան Սարգսյանը Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, երևի, Ազատության հրապարակում պահանջել է վերջինիս հրաժարականը, իսկ ընդդիմադիր պայքարից ազատ ժամանակ այցելել է Կենտրոնական բանկ՝ երկրի փողերը հաշվելու։

Եթե սրա կամ նրա «մարդու» տեսությամբ եք ուզում առաջնորդվել, ապա Քոչարյանի թիվ մեկ «մարդը» Սերժ Սարգսյանն էր։ Այլ հարց է, որ երկրորդ նախագահն այնքան էլ հաջողված կադր չի համարում նրան, ու դժվար է նրա հետ չհամաձայնելը։

Ի դեպ, եթե այս կամ այն չինովնիկի «պատկանելությունը» գնահատենք «անկախ» մամուլի տրամաբանությամբ, ապա Հայաստանում բոլորը Լևոն Տեր–Պետրոսյանի «մարդիկ» դուրս կգան, քանզի ուղղակի կամ անուղղակի ձևով նշանակվել են նրա կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը