Լրահոս

25.04.2014 12:35


Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Փարիզում

Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Փարիզում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, որն այս տարի նախաձեռնվեց Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետ Անն Իդալգոն:

Վերջինս նշեց, որ երևույթները պետք է կոչել իրենց անուններով և ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ողջ թուրք ժողովրդի համար: Փարիզի քաղաքապետը խոսեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում մայրաքաղաքի իշխանությունների կողմից անցկացվելիք միջոցառումների՝ մասին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, որոնք, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի նախօրեին արված հայտարարությունները, ընդգծեցին Թուրքիայի իշխանությունների կողմից ժխտողական կեցվածքի անարդյունավետ լինելը:

Միջոցառման եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի նորընտիր քաղաքապետին ավանդական ընդունելության շարունակականությունն ապահովելու համար՝ դեսպան Չիտեչյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հավատարմությունը, մարդու և ժողովուրդների համընդհանուր իրավունքների և արժեքներին նվիրվածությունը Ֆրանսիայի մեծության վկայություններն են: Աշխարհի մայրաքաղաքներից մեկը՝ Փարիզը, ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը: Արդեն տարիներ Ֆրանսիան, որը օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, նախագահի մակարդակով է հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: Հայաստանը գիտակցում և կարևորում է այս ամենը»: ՀՀ դեսպանն այնուհետև անդրադարձավ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը` փաստելով, որ «Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում առերեսվել անցյալին և շարունակում են օրեցօր ավելի մխրճվել իրականության խեղաթյուրման անօգուտ քաղաքականության մեջ:

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Չիտեչյանը հայտնեց, որ Անն Իդալգոն որպես հայ ժողովրդի բարեկամ միշտ սպասված է Հայաստանում և Փարիզի քաղաքապետին հանդիսավոր կերպով փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նրան ուղղված պաշտոնական հրավերը:

Այս խորագրի վերջին նյութերը