Մեկնաբանություն

25.04.2014 13:35


Կադրերը ոչինչ չեն որոշում

Կադրերը ոչինչ չեն որոշում

«Ժողովուրդների հայր» Ստալինի սիրած կարգախոսը «Կադրերն են ամեն ինչ որոշում»–ն էր։

«Բեղավորը», ինչպես Ստալինին էր անվանում Խրուշչովը, տիրապետում էր կադրերին տեղաշարժելու և նրանց ճիշտ տեղերում նշանակելու արվեստին։

Ստալինին ներքուստ երկրպագող և ստալինյան սահմանադրությունը Հայաստանում վերականգնել ձգտող Սերժ Սարգսյանը, սակայն, համաձայն չէ «Ժողովուրդների հոր» հետ կադրերի հարցում։

«Վերջի բոլշևիկի» կարգախոսն այդ հարցում ճիշտ հակառակն է։ «Կադրերը ոչինչ չեն որոշում». ահա՛ Սարգսյանի մոտեցումը։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում միևնույն է, թե ով կնշանակվի այս կամ այն նախարարությունում։ Եթե վարվող ներքին ու արտաքին քաղաքականությունը պահպանվելու է և շարունակվելու է տխրահռչակ նեոբոլշևիզմը, ապա ի՞նչ տարբերություն, թե ով է փոխարինելու այս կամ այն պաշտոնյային։

Եթե Հրանուշ Հակոբյանին փոխարինում է Հակոբյան Հրանուշը, իսկ Երիցյան Արմենին՝ Արմեն Երիցյանը, ապա դրանից բան չի փոխվում։

Սերժ Սարգսյանի պատկերացրած կադրային քաղաքականությունը «մեխի գլուխների» կամ «ֆուտբոլի գնդակների» սկզբունքի համաձայն է կատարվում։ Հատկապես երբ «կադրերն» էլ իրենց հերթին աչքի չեն ընկնում սեփական «ես»–ով։

«Կադրերը» երեկ չէ առաջին օրը լևոնական էին, երեկ՝ քոչարյանական, իսկ այսօր՝ սերժական (վաղը նույն Սերժի դեմ դուրս գալու պատրաստակամությամբ)։

Հետևաբար, անհեթեթություն է պնդելը, թե կառավարությունում քոչարյանական կադրեր են նշանակվում։

«Անկախ» մամուլի «մուտիլովկաներն» այս առումով հնամաշ են. «Խե՜ղճ Սերժ Սարգսյան։ Չեն թողնում, որ մարդն աշխատի։ Նա հազիվ էր Տիգրան Սարգսյանի հետ բարեշրջումներ անում և ֆանտաստիկ ցուցանիշներ ապահովում, երբ չար Քոչարյանը կրկին խանգարեց նրան՝ իր կադրերին պարտադրելով։ Արևմտամետ Սարգսյանները հիմա շատ ծանր դրության մեջ են։ Նրանք իշխանության մեջ գերու կարգավիճակում են հայտնվել, քանզի ուրիշի կադրերով են ստիպված «յոլա» գնալ, քանզի օլիգարխիան հաղթեց բարեշրջիչներին»։

Քանի՞ ախմախ կա, որ կհավատա այդ հեքիաթին։

Եվ ուրեմն, Հայաստանում «էսինչի մարդու» տեսությունը կեղծ է։ Պաշտոնյան պետք է նախ ողնաշար ունենա, որպեսզի սեփական «ես»–ը պաշտպանի, հետո նոր կարելի է այդ մարդուն սրա կամ նրա «մարդը» համարել։ Իսկ մեզանում ում ասում են՝ պաշտոնը վարունգ է, անմիջապես աղն առած վազում է։ Եզակի բացառություններ, իհարկե, կան (օրինակ՝ ՀՀԿ–ական Կարեն Կարապետյանը), բայց այդ բացառությունները պարզապես հաստատում են կանոնը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ «մարդն» է Սերժ Սարգսյանը։ Ասում են՝ Կևորկովի։

Այս խորագրի վերջին նյութերը