Մեկնաբանություն

25.04.2014 16:58


Սերժ Սարգսյանի առաջարկած արհեստական օրակարգերի «թոփ» եռյակը

Սերժ Սարգսյանի առաջարկած արհեստական օրակարգերի «թոփ» եռյակը

2008–ի մարտի 1–ի շնորհիվ հայտնվելով նախագահական նստավայրում՝ Սերժ Սարգսյանը որոշեց լեգիտիմության բացը լրացնել ոչ թե ներիքն խնդիրները լուծելով, այլ Հայաստանի ու Ղարաբաղի շահերը միջազգային ասպարեզում վաճառքի հանելով։

Հայաստանի հանրությանը փորձ արվեց արհեստական օրակարգեր պարտադրել։ Արդյունքում՝ Հայաստանը արտաքին ոլորտում հայտնվեց ֆուտբոլի գնդակի կարգավիճակում, իսկ ներքին կյանքում գրանցվեցին խայտառակ արդյունքներ։

«Միայն հայ–թուրքական սահմանի բացմամբ կա հային փրկություն»

Իր պաշտոնավարման սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի մոտ «քիրվայության» նոպաներ բռնեցին, ու նա դարձավ խիստ «նախաձեռնողական»։

Իշխանություններն ու նրանց կցված քարոզչամեքենան տարածում էին, թե միայն հայ–թուրքական սահմանի բացմամբ է հնարավոր զարգացում ապահովել, և եթե դա չլինի, ապա մենք կորած ենք։ Այդպիսով փորձ էր արվում տարածել այն միտքը, թե մեր խնդիրները ներսում չեն, այլ դրսում։

«Սերժ Սարգսյանը կեղծիքներով ու մարդկային զոհերի գնով է դարձել նախագահ, բայց «զատո» նա առաջադեմ քայլերի է գնում, ու պետք է նրան աջակցել հայ–թուրքական հարաբերությունների բարելավման հարցում»,– հայտարարում էին պալատական սազանդարները։

Հայ–թուրքականի ժամանակ նաև այն միտքն էր շրջանառվում, թե սահմանի բացմամբ դուրս կշպրտենք ռուսական զորքերը Հայաստանից ու «չերեզ» Թուրքիա կինտեգրվենք լուսապայծառ ԵՄ–ին։ Թե ինչու պետք է Հայաստանը հայ–թուրքական հարաբերությունները կարգավորի ՌԴ–ի հետ հարաբերությունների հաշվին, չէր բացատրվում։

Այս ամենի արդյունքը եղավ այն, որ Թուրքիան չբացեց սահմանը՝ միաժամանակ հաջողացնելով սառեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես նաև Ղարաբաղի խնդրի լուծման (թուրքական կողմի տեսանկյունից՝ հայկական կողմի զիջումների) հարցը դարձնել միջազգային օրակարգի առաջնահերթ խնդիր։

Օգտվելով Սերժ Սարգսյանի կոպիտ սխալից՝ պաշտոնական Անկարան հնարավորություն ստացավ լեգիտիմ մակարդակով ներգրավվել հայ–ադրբեջանական հարաբերություններում և զիջումներ պարտադրել Երևանին։ 2011–ին մենք միայն հրաշքով փրկվեցինք Կազանում։

«Ֆուտբոլային» դիվանագիտության մյուս արդյունքն այն էր, որ կես դարով երկարաձգվեց ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում ամրագրող պայմանագրի ժամկետը։

Անշու՛շտ, հայ–թուրքական սահմանի բացումը դրականորեն կանդրադառնա Հայաստանի վրա, սակայն դրա գինը չեն կարող լինել Ղարաբաղն ու, ի վերջո, նաև Հայաստանը։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունն, ըստ այդմ, որևէ կապ չուներ մեր շահերի հետ։ Ճիշտ հակառակը։

«Ֆուտբոլը» պետք էր բացառապես Սերժ Սարգսյանին աթոռը պահելու համար։ Ու որքան էլ հիմա նա փորձի «հայրենասիրությամբ» զբաղվել, միևնույն է, Հայաստանին նա արդեն լրջորեն հարվածել է։

«Միայն ԵՄ–ի հետ ասոցացվելով կա հային փրկություն»

Սերժ Սարգսյանի առաջարկած մյուս արհեստական օրակարգը ԵՄ–ի հետ ասոցացումն էր։ Դա, ըստ էության, «Ֆուտբոլային դիվանագիտություն»-2 էր։

Հայաստանում արձանագրվող սոցիալ–տնտեսական վիճակի վատացման ֆոնին առաջ քաշվեց «Արևմտամետ Սերժ» նախագիծը։

«Ճիշտ է, Սերժ Սարգսյանը տոկոս «խփելով» է մնացել իր պաշտոնին, ու մեր երկրում հետընթաց է գրանցվել, բայց «զատո» նա առաջադեմ քայլի է գնում ու մեզ ասոցացնում լուսապայծառ ԵՄ–ի հետ»,– կրկին հեքիաթ էին պատմում նույն սազանդարներն ու նրանց միացած ընդդիմադիր «դհոլները»։

Նշվում էր նաև, որ ԵՄ–ի հետ ասոցացումն ուղղված է Ռուսաստանի դեմ, և շուտով մենք ռուսական «սապոգը» քշելու ենք Հայաստանից։ Բնականաբար, կրկին չէր բացատրվում, թե ինչու պետք է Հայաստանն իր հարաբերություններն Արևմուտքի հետ լավացնի ՌԴ–ի հետ պարտադիր առճակատման գնով։

Թե ինչ էր սպասվում մեզ Ռուսաստանի դեմ անիմաստ պայքարի արդյունքում, ցույց են տալիս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։

Մենք զգուշացնում էինք, որ ԵՄ–ի հետ այդ փաթեթով ասուցացումը կբերի մեր տարածքային կորուստներին, սակայն Սերժ և Տիգրան Սարգսյանները, ինչպես նաև նրանց կցված «ընդդիմադիր արևմտամետները» պնդում էին, թե Արևմուտքն անվտանգության հստակ երաշխիքներ կտա ու դեռ մի բան էլ ծովից ծով Հայաստան կնվիրի մեզ։ Ուկրաինական կորուստները, թերևս, այն երաշխիքներն են, որոնք տալիս է Արևմուտքը։ Ինչևէ։

Սերժի «արևմտամետությունը», ինչպես հայտնի է, ավարտվեց Մաքսային միություն մտնելու «հակառուսական» որոշմամբ։ Սրա արդյունքում մենք վատացրեցինք մեր հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ Ռուսաստանում էլ ձեռք բերեցինք անվստահելի գործընկերոջ համբավ։ Սակայն դա Սերժ Սարգսյանին չէր հետաքրքրում։ Նրան «ասոցացումը» պետք էր ընտրակեղծիքների վրա եվրաօլուխների աչքփակոցին ապահովելու համար։ Ընդամենը։

Սերժը հիմա շտապում է դեպի Գյուլիստան. ահա՛ արհեստական օրակարգի մյուս արդյունքը։ Մինչդեռ ՀՀ–ի շահերից էր բխում այն, որ մենք վարեինք հավասարակշռված ու փոխլրացնող քաղաքականություն՝ զերծ մնալով ինչպես ԵՄ–ի հետ այս փաթեթով ասոցացվելուց, այնպես էլ ՄՄ–ին անդամակցելուց։

«Միայն սահմանադրական փոփոխություններով կա հային փրկություն»

Տապալվելով արտաքին դաշտում և համակարգային հարված հասցնելով Հայաստանի միջազգային վարկին՝ Սերժ Սարգսյանը հիմա էլ ներքին կյանքին առնչվող արհեստական օրակարգ է առաջարկում՝ նպատակ ունենալով ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը։

Առաջ է քաշվել սահմանադրական փոփոխությունների խնդիրը։ Սերժն իրեն տեսնում է սովետական գենսեկի կարգավիճակում։

Հետևաբար, բոլորն այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կողմ կարտահայտվեն Սերժի հերթական արհեստական օրակարգին, կխաղան Հայաստանի դեմ։

Սոցիալ–տնտեսական վատ վիճակի հաղթահարումը գործող Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորելն առնվազն էժանագին «տրյուկ» է, քանզի մեզանում ճգնաժամն առաջացել է «բարեշրջումների», այլ ոչ թե Սահմանադրության այս կամ այն հոդվածի պատճառով։

Դեմագոգիկ են այն հայտարարությունները, թե, իբր, եկեք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գաղափարը պաշտպանենք, ու կապ չունի, որ դա առաջարկում է Սերժ Սարգսյանը։ Դեմագոգիկ են, քանզի Սերժը ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդայի՛ն կառավարման համակարգ է առաջարկում, որի պայմաններում երկրի նախագահի դերում է հայտնվելու Գագիկ Հարությունյանի տիպի կամակատարը, վարչապետի պաշտոնում՝ «Հայկական աշխարհ» կառուցող Տիգրան Սարգսյանը, իսկ ահա երկրի փաստացի ղեկավարի դերը վերապահված է մեծամասնականով պատգամավոր դարձած հանցագործների խմբապետին՝ ԱԺ նախագահի կարգավիճակով։ ԱԺ նախագահի ու ՀՀԿ գենսեկի դերում Սարգսյանը, բնականաբար, ինքն իրեն է տեսնում։

Սերժի առաջարկած սահմանադրական փոփոխություններին այսօր կողմ արտահայտվելը «դհոլության» նոր ձև է, և, հետևաբար, «դհոլները» համապատասխան վերաբերմունքի են արժանանալու։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ երկրի Սահմանադրությունը քարացած փաստաթուղթ չէ և կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել։ Բայց այսօր այդ փոփոխությունը հրատապ չէ։ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրությամբ։

Նոր Սահմանադրության հարցին կարող են անդրադառնալ միայն նոր իշխանությունները, երբ վերականգնված կլինի հանրության հավատն ընտրական ինստիտուտների նկատմամբ։

. . .

Եվ այսպես, պետք է զերծ մնալ Սերժ Սարգսյանի պարտադրած արհեստական ու կեղծ օրակարգերից և առաջնորդվել իրական օրակարգով, այն է՝ համակարգային փոփոխությունների իրականացում, որի նախապայմանն իշխանափոխությունն է։ Իսկ թե ինչպիսի «գել–թոզ» է անում «նոր» կառավարությունը, արդեն չորրորդական հարց է։ Շոուների ժամանակները վաղուց անցել են։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը