Մեկնաբանություն

26.04.2014 11:35


Իշխանության փողերը

Իշխանության փողերը

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելիս խնդիր էր դրել փող հավաքել։ Շատ փող։ Տիգրանն էլ սկսեց հավաքել՝ գաղափարական հիմնավորում տալով հետադիմական այդ ծրագրին։

Արդյունքները ցնցող են՝ 300 հազար ՀՀ քաղաքացի լքեց մեր երկիրը, աղքատության հետ առերեսվեց մոտ 1 միլիոն մարդ, ներդրումները երկնիշ տոկոսներով անկում ապրեցին, մոտ 6 միլիարդ դոլար փող արտահոսեց դեպի դուրս, ՀՀ արտաքին պարտքն ավելացավ 3 անգամ։

Դե իսկ տնտեսական անկման ցուցանիշով Հայաստանը համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ դոլարային հաշվարկով 2009ին գրանցելով ՀՆԱ–ի կրճատում 40 տոկոսի չափով։

Տիգրան Սարգսյանը փող բերելու 2 հիմնական գործիքակազմ ուներ՝ 1.հարկային տեռոր և 2.արտաքին պարտքի ավելացում։

«Հայկական աշխարհ» կառուցելու շրջանակներում որքան մեծացնում էին հարկային բեռը, այնքան ավելի էր դժվարանում բյուջեն լցնելը, քանզի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների մի մասը նախընտրում էր խաղից դուրս գալ, իսկ մյուս մասն էլ գերադասում էր արտագաղթել։

Սերժ և Տիգրան Սարգսյանների նախագծած հարկային տեռորի արդյունքում քչացան հարկատուները, ինչն էլ ազդեց բյուջետային մուտքերի վրա։

Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին, ապա այդ շերտի ներկայացուցիչները նեոբոլշևիկյան տնտեսական քաղաքականությանն արձագանքեցին իրենց փողերը Հայաստանից փախցնելով։ Դա ազդեց ինչպես ներդրումային, այնպես էլ ընդհանուր բիզնես դաշտի վրա՝ անուղղակիորեն ազդելով նաև սպառողական շուկայի վրա։

Որքան մեծացնում էին ճնշումը բիզնեսի վրա, այնքան վիճակը վատանում էր ու է՛լ ավելի էր դժվարանում բյուջե հավաքելը։ Բայց քանի որ Սերժ և Տիգրան Սարգսյանների ախորժակը աճի միտում ուներ և պահպանվում էր «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու «իդեա–ֆիքսը»՝ փողի պակասը լրացվում էր պետության հաշվին դրսից վարկ վերցնելով։

Հարկային տեռորին դիմադրող խոշոր բուրժուազիան իր ինստիտուցիոնալ ներկայացուցիչ ԲՀԿ–ով թույլ չտվեց, որպեսզի նեոբոլշևիկները մինչև վերջ հասցնեն իրենց ծրագրերը և Հայաստանը վերածեն անապատի։ Արտաքին քաղաքական «նախաձեռնողականության» ու «արևմտամետության» ֆիասկոն էլ իր հերթին փոքրացրեց դրսից վարկ բերելու հնարավորությունը։

Զրկվելով փող հավաքելու երկու հիմնական աղբյուրներից՝ իշխանությունն անցավ աշխատուժին՝ փորձելով փողի նոր աղբյուր գտնել մարդկանց գրպանը մտնելով։ Ներդրվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որպեսզի Սերժ և Տիգրան Սարգսյաններն էժան ու երկար փողեր ունենան։ Քաղաքական ուժերն ու հանրությունը դիմադրեցին։ Արդյունքում՝ իշխանությունը փողի այդ աղբյուրից զրկվեց ՍԴ որոշմամբ, բայց նույն ՍԴ որոշմամբ «կռուտիտի» տեղ թողնվեց։

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հիմա փորձում է այնպես անել, որ հա՛մ «կուտակային» փողը հավաքվի, հա՛մ հանրությունը գոհ մնա։ Բայց այդպես չի լինում։

Տիգրան Սարգսյանն այնպիսի ական է դրել տնտեսության տակ, որ «և, և»–ը չի աշխատելու։ Այստեղ «կամ, կամ»–ի հաշիվ է։

Հայաստանի տնտեսությունը բանկրոտ վիճակում է։ Փող չկա։ Ավելի ճիշտ կա, բայց լրիվ այլ տեղ է հայտնվել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Տիգրան Սարգսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ու փողերը հետ ստանալ։

Կառավարությունը բազմաթիվ գաղտնի որոշումներ է կայացրել վարկերի օգտագործման մասով ու մեջ–մեջ է արել փողերը։ Պարզ է, որ Տիգրանը մենակ չի «կերել» միջոցները, բայց Հայաստանի Սահմանադրության տողատակերում կա վարչապետի իրավաքաղաքական պատասխանատվության հարց։ Թող վերադարձնի Տիգրանը փողերը։ Այլապես նրա փոխարեն պետք է պատասխան տա կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ էլ որոշ ժամանակ անց՝ Հովիկ Աբրահամյանը։

Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Տիգրանի սարքած «բորշչը» իմաստ չունի ուտել։ Հետևաբար՝ Հովիկ Աբրահամյանը պետք է ցույց տա, թե որտեղ են «ձմեռում» իշխանության փողերը։

Տիգրան Սարգսյանին ոչ թե դիվանագիտական, այլ «դիվանագիտական» աշխատանքի պետք է ուղարկել՝ Կոշի համապատասխան հատվածում։ Համ էլ ձեռքի հետ օֆշորի գործը կբացահայտվի ու առանձին վերցրած մեկ բիզնեսմենի մասով կվերականգնվի արդարությունը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը