Լրահոս

26.04.2014 12:37


Տարին սակավաջուր է լինելու

Տարին սակավաջուր է լինելու

Այս տարի Հայաստանում սպասում է ջրի պակասի վտանգ: Այսօր ԱԻՆ-ում կայացած հանդիպման ժամանակ այդ մասին ասել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանն էլ նշել է. «Ներկայիս հիդրոօդերեւութաբանական պայմանները ստիպում են ավելի լուրջ մոտենալ ջրօգտագործման հարցերին, տեղումները նորմայից քիչ են գրանցվել, օդի ջերմաստիճանը` բարձր, իսկ ձյան ծածկույթի բարձրությունը զգալի քիչ է նորմայից: Գետերի ելքերը նույնպես նորմայից ցածր են, եւ սա նշանակում է, որ մենք պետք է ոռոգման համար նախատեսված ջուրը հնարավորինս խնամքով օգտագործենք, որովհետեւ տարին սակավաջուր է լինելու»:

Նա անդրադարձել է նաեւ Սեւանա լճի մակարդակի մասին կանխատեսումներին՝ նշելով. «Հիմք ընդունելով սպասվող եղանակային պայմանների եւ Սեւանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումների ճշգրտումները, լճի մակերեւույթից գոլորշացման նորմատիվային մեծությունները, ինչպես նաեւ այն, որ Արփա-Սեւան ջրատարով լիճ տեղափոխման ենթակա ջրի քանակը նախատեսվում է 120 մլն խմ, իսկ «Սեւանի մասին» ՀՀ օրենքի համաձայն` լճից ջրառը ոռոգման նպատակով թույլատրվում է առավելագույնը 170 մլն խմ, 2014թ. հուլիսի 1-ին, 2014թ. ապրիլի 1-ի համեմատությամբ, կանխատեսվում է Սեւանա լճի մակարդակի բարձրացում 20-25 սմ-ով՝ 1900.40-1900.45 մ սահմաններում, իսկ 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.11-1900.16մ սահմաններում, որը լավագույն դեպքում կհամապատասխանի 2014 թ. հունվարի 1-ի մակարդակին, կամ դրանից 5-7 սմ ցածր»:

Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գ. Սուրենյանն էլ խոսել է առաջիկայում սպասվող եղանակի մասին. «Այսօր եւ վաղը հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում»:

Հանդիպման ավարտին Ն. Գրիգորյանը եւս մեկ անգամ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համաքաղաքացիներին զգոնության կոչ է արել` հորդորելով խնայողաբար վերաբերվել ոռոգման ջրի պաշարներին` ջրի սակավության պայմաններում հնարավոր վնասները նվազեցնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը