Լրահոս

26.04.2014 14:15


Արցախի տնտեսության ամենամեծ խնդիրը

Արցախի տնտեսության ամենամեծ խնդիրը

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Արցախի բնակչությունն ավելանում է, 2007թ. համեմատ 137 հազարից հասել է 145 հազարի, գոյություն ունի բնական և մեխանիկական աճ, հետևաբար Արցախից ոչ թե արտագաղթում են, այլ՝ ներգաղթում են դեպի Արցախ: Ներկայացնելով վիճակագրական ծառայության այս թվերը՝ վարչապետը փորձում է ցույց տալ իր 7-ամյա կառավարման հաջողությունները, այնինչ, պաշտոնական այլ թվեր հուշում են, որ Արայիկ Հարությունյանի հրապարակած թվերը խիստ կասկածելի են, իսկ վարչապետությունը՝ ողբերգական երկրի համար: ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2006/07 ուսումնական տարում Արցախի դպրոցականների թիվը եղել է 21880, իսկ 2012/13 ուս. տարում այս թիվն իջել է ավելի քան 500 դպրոցականով՝ հասնելով 21314-ի: Տարբեր տարիների տվյալներն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ վերջին տարիներին դպրոցականների թիվը կտրուկ իջել է: (Այս թվերը մենք պատրաստ ենք եղել հրապարակել նաև նախկինում, սակայն վախեցել ենք, որ Վիճակագրական ծառայությունը կփորձի կեղծել սրանք ևս: Իշխանությունների կողմից արտագաղթի բացակայության և բնակչության աճի շահարկումների պարագայում այլ բան չի մնում, քան այս տվյալները հրապարակելը):

Համաձայն ԼՂՀ 2014թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի` 2012թ. ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11,1 տոկոսով, այդ թվում` արտահանումը` 27,4 տոկոսով, իսկ ներմուծումը` 7 տոկոսով: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 12,3 տոկոսով, ընդ որում` արտահանումը կրճատվել է 7,6 տոկոսով, իսկ ներմուծումը` 13,2 տոկոսով:

Դպրոցականների թվի և ապրանաքաշրջանառության կրճատումը փաստում է, որ Արցախում տեղի է ունեցել բնակչության թվի կրճատում, ինչն արտագաղթի արդյունք է: Պետք է նկատել նաև, որ բնակչության թվի վերաբերյալ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները հատուկ նպատակով կեղծվում են: Դրանով մի քանի հարց է լուծվում: Նախ Արայիկ Հարությունյանն աջ ու ձախ խոսում է Արցախի բնակչության աճի մասին, ներկայացնում դա որպես իր վարչապետության հաջողություն, մյուս կողմից բնակչության մասին կեղծ թվերը թույլ են տալու ունենալ ընտրողների մեծ թիվ՝ ավելացնելով ընտրախախտումների հնարավորությունը:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարություններն Արցախում բնակչության աճի մասին ոչ այլ ինչ են, քան դասական ցինիզմ, սեփական ժողովրդին արհամարհելու բարձր աստիճան: Սա ցույց է տալիս, որ կառավարությունը խնդիրների լուծումը տեսնում է թվերը կեղծելու և խաբելու միջոցով: Նման վարքը վտանգավոր է, քանզի ժամանակի հետ դառնում է բնավորություն և մղում նոր հանցագործությունների:

Վեց տարի առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Տիգրան Սարգսյանը նույնպես նման վարքագիծ էր որդեգրել: Անկարող լինել լուծել տնտեսության առջև ծառացած խնդիրները՝ Տ.Սարգսյանը քննադատություններին պատասխանում էր անսահման ցինիզմով և դեմագոգիայով՝ խրվելով կոռուպցիոն սկանդալների մեջ: Արդյունքներն ավելի քան ողբերգական էին Հայաստանի համար: Պաշտոնը ստանձնելու տարում, 2008թ. ՀՀ համախառն ներքին արդյունքը 11662 մլն դոլար էր, իսկ 2013թ.՝ 10416 մլն: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ՝ 3917 դոլար էր, այժմ՝ 3452 դոլար: Տիգրան Սարգսյանը վարչապետությունն ընդունել էր ՀՀ 1449 մլն դոլար արտաքին պարտքով և վեց տարում երկրի պարտքը հասցրել 3903 մլն դոլարի: Օտարերկրյան ուղիղ ներդրումները մեկ միլիարդ դոլարից պակասել են մինչև 270 մլն դոլար: Այս թվերը ցույց են տալիս, թե ինչ ողբերգական արդյունքների է հասել Հայաստանը Տիգրան Սարգսյանի վարչապետության ընթացքում:

Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը շատ չի տարբերվում հայաստանյանից: Ավելին, Արցախում սոցիալական պայթյունից հնարավոր է լինում խուսափել միայն Երևանից մեծաքանակ ֆինանսական ներարկումների շնորհիվ: Վարչապետ Արայիկ Հարությունյանը Տիգրան Սարգսյանից երանելի վիճակում է: Խորհրդարանական երեք ուժերն էլ պաշտպանում են նրան և մաս կազմում նրա գլխավորած կառավարությանը: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն արտախորհրդարանական ուժ է և ազդեցության մեծ լծակներ չունի: Ազգային ժողովի երկու անկախ պատգամավորներն էլ գործում են ոչ մշտական հիմունքներով և նույնպես սահմանափակ հնարավորություն ունեն հակակշիռ դառնալու իշխանությանը: Հետևաբար ոչինչ չի խանգարում Արայիկ Հարությունյանին բաց խոսելու խնդիրների մասին և փորձելու լուծումներ գտնել իր դաշնակից կուսակցությունների հետ: Սակայն պարզվում է Արցախի վարչապետն ընտրել է Տիգրան Սարգսյանի ճանապարհը՝ սուտ տվյալներ ներկայացնել և պարտադրել հանրությանը որպես իրականություն: Կարծես թե այդ հանրությունն էլ Մարս մոլորակից է իջել Արցախում և ի վիճակի չէ հասկանալ, թե ինչ է կատարվում:

Իրականում Արայիկ Հարությունյանի կառավարությունն ի վիճակի չէ լուծել Արցախի տնտեսության առջև կանգնած խնդիրները, քանզի ամենամեծ խնդիրը հենց ինքը կառավարությունն ու վարչապետն են՝ իրենց անարդյունավետությամբ և կոռուպցիոն ռիսկերով:

Հայկ Խանումյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը