Մեկնաբանություն

27.04.2014 00:10


«Վերջի բոլշևիկի» վերջին վերանշանակումները

«Վերջի բոլշևիկի» վերջին վերանշանակումները

Մեծ թափով ընթանում է նոր կառավարության ձևավորումը։ Նախարարները հիմնականում վերանշանակվում են։

Չբերեց միայն Քաղաքաշինության նախարարի բախտը (չհաշված՝ Դերոյինը)։ Նա մտածում էր, որ եթե ՕԵԿ–ից դուրս գա ինչպես Արմեն Երիցյանը, ապա կմնա իր աթոռին, սակայն ավա՜ղ...

Առայժմ չի բերում նաև «ճաք տվածի» բախտը։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին դեռ չեն շտապում վերանշանակել։ Թեև նա որևէ վերանշանակվածի չի զիջում։ Ավելին, գերազանցում է, քանզի հասցրել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին անդրադառնալ և այդպիսով Սերժի սրտից ջուր խմել։ Հրե՛ն, մյուս վերանշանակվածներն ու նորանշանակները ծպտուն չեն հանում երկրորդ նախագահի «մոմենտով», իսկ ահա «ճաքոն» բացել է իր բերանն ու Նիկոլ Փաշինյանի ճղճղան ձայնով հուժկու ելույթ ունեցել։

Վերանշանակվածների մեջ ամենամազալուն Արմեն Աշոտյանի պահն է։ Սոցիալական ցանցերում Հովիկ Աբրահամյանի դեմ աշխատող «ֆեյքերի» կուռատորը «վերևից», փաստորեն, կատարելու է նորանշանակ վարչապետի հրահանգները, իսկ ահա «տակից» շարունակելու է իր բուն գործը։

Էլի մի քանի վերանշանակումներ են եղել, բայց առանձնահատուկ կուզենայի անդրադառնալ Սոցապ նախարարի՝ Արտեմ Ասատրյանի վերանշանակմանը։

«Կուտակայինը» կրծքով պաշտպանող այս տխրահռչակ նախարարի մնալը ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանը սովորական թամաշայով է զբաղված։ Հովիկի խնդիրը ժամանակ ձգելն է, ուրիշ ոչինչ։

Եթե իր պաշտոնին մնում է «պարտադիր» բաղադրիչի ջերմեռանդ պաշտպանը, ապա դա հանրությանն ուղղված «մեսիջ» է Սերժ Սարգսյանի կողմից, որ իշխանությունը չի հրաժարվելու աշխատող քաղաքացիներին ռեկետի ենթարկելու ծրագրից (մեր ջերմագին ողջույնները «կուտակայինի» հարցը չքաղաքականացնելու կողմնակիցներին)։ Այս վերանշանակումը վերահաստատում է համընդհանուր թալան իրականացնելու և «Ժամանակի մեքենայի» միջոցով էժան ու երկար փողերը մարդկանց գրպանից հանելու սերժսարգսյանական հաստատակամությունը։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ շուրջօրյա հանրահավաքների կազմակերպման և կառավարության ծրագիրը չհաստատելու միջոցով ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու գաղափարն առավել քան արդիական է։

Նկատենք, որ Արտեմի վերանշանակմամբ յուրօրինակ «փչացման» ենթարկվեց Հովիկ Աբրահամյանը, ում ձևականորեն կադրային ազատություն է տրվել, բայց ակնհյատ է, որ սա Սերժ Սարգսյանի նշանակումն է։

Հովիկ Աբրահամյանի քայլերն ու պահվածքը մեկ բանի վկայություն է. Տիգրան Սարգսյանին ճնշումների տակ հանեցին, բայց նրա փոխարեն բերել են այլ ֆունկցիոնալ նշանակության շոումենի, ում վրա դրված հարցերը լղոզելու խնդիրը։

Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ գնալու է մինչև վերջ։ Պետք է, հետևաբար, համարժեք ձևով պատասխանել նրան։ Ժամանակ ձգելն իմաստ չունի։ Նշանակումներն ու վերանշանակումները շատ խոսուն են։ Առնվազն միամտություն է կարծելը, թե Աշոտյան Արմենն ավելի լավն է լինելու, քան Արմեն Աշոտյանը, կամ էլ՝ Ասատրյան Արտեմը մի քանի օրվա մեջ բարեշրջվել ու դարձել է Արտեմ Ասատրյան։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը