Մեկնաբանություն

27.04.2014 21:00


Մեր ժամանակների հերոսները կամ «ум, честь и совесть нашей эпохи!»

Մեր ժամանակների հերոսները կամ «ум, честь и совесть нашей эпохи!»

Զարմանալ պետք չէ։ Այսպես էլ պետք է լիներ։

Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը ինդիկատորի ֆունկցիա են կատարում։ Նրանք ցույց են տալիս մեր պետության դեգրադացման աստիճանը։

Եթե Սերժ Սարգսյանը հայտնվել է նախագահի աթոռին, ապա ինչու՞ պետք է Հովիկը վարչապետ չդառնա, իսկ Գալուստը՝ ԱԺ նախագահ։

Եթե հանդուրժում ենք Սերժին, ապա ինչու՞ ենք սվիններով ընդունում նորանշանակ վարչապետին ու խորհրդարանի խոսնակին։ Զարմանալ, կրկնում եմ, պետք չէ։

Պետք է ոչ թե զարմանալ, այլ հետևություններ անել ու դիմել գործողությունների, եթե, իհարկե, ուզում ենք պետություն ունենալ։

Սերժ Սարգսյանը գիտի, թե ինչ է ուզում։ Նա ուզում է իշխել, ընդ որում՝ ցմահ։

Իր այդ ցանկությունն իրականացնելու համար «Վերջի բոլշևիկը» Ձմեռ Պապիկի ֆունկցիա է կատարում իր շրջապատի համար։ Նա իրականացնում է ոմանց մանկության երազանքը։

Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը միշտ մոտ է եղել վարչապետի աթոռին, սակայն չի հասել դրան։ Հիմա նա դարձել է վարչապետ և ուրախությունից գլխապտույտ է ունենում։ Հովիկը պատրաստ է կատարել «Ձմեռ Պապիկի» բոլոր հրահանգները, քանզի ստացել է «մանկուց» երազածը։

Գալուստ Սահակյանն էլ հասավ իր մուրազին։ Նրան պարբերաբար նշանակել են խմբակցության ղեկավար ու «նստացրել» կուսակիցներին խորհրդարան բերման ենթարկելու գործի վրա, բայց մոտ չեն թողել ԱԺ նախագահի աթոռին։ Այժմ այդ աթոռը հասանելի է Գալուստին։ Ինչո՞վ Ս. Սարգսյանը Ձմեռ Պապիկ չի Գ. Սահակյանի համար։ Ինչո՞վ այս խորհրդարանն արժանի չէ Գալուստին։ Համ էլ փոքրիկ երեխաները կիմանան, որ դեպի ԱԺ նախագահի աթոռ տանող ճանապարհն ընկած է երթուղային գծերի արանքում։

Էլ չասած մյուս պաշտոնյաների մասին։ Նրանց համար նույնպես Սերժը Ձմեռ Պապիկ է ու մի բան էլ ավելին, քանզի մատուցում է կապույտ եզրաշերտով սկուտեղ, որի մեջ ինչ ասես կա։

Այլ է պատկերը Սերժ Սարգսյան– Հայաստանի հանրություն հարաբերություններում։ Սերժն այստեղ հանդես է գալիս աղբյուրի վրա նստած վիշապի դերում։ Նա փակում է աղբյուրի բերանը և չի թողնում, որպեսզի որևէ կաթիլ ջուր հասնի հանրային օրգանիզմ։

Հանրությունը պետք է հետևություններ անի այս ամենից, այլ ոչ թե վերացական խնդիրներ հետապնդի ու կեղծ օրակարգերի գերի դառնա։

Հանրությունը պետք է նաև կազմակերպվի, իսկ դա բացառապես քաղաքական ուժերի ֆունկցիան է։ Եթե այդ ֆունկցիայի պատշաճ գիտակցում և իրականացում չլինի, ապա բոլորս ականատես կլինենք, թե ինչպես է վերջնականապես ձեռքից գնում Հայաստանի Հանրապետությունը՝ «Ձմեռ պապիկի» ղեկավարման շնորհիվ։

Մի հատ նայեք մեր երկրի առաջին երեք դեմքերին ու ամեն ինչ պարզ կդառնա։ Ինչպես ասում են՝ «ум, честь и совесть нашей эпохи!»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը