Մեկնաբանություն

28.04.2014 10:50


ՀՀԿ վերնախավում բոլորը Գալուստ Սահակյան են

ՀՀԿ վերնախավում բոլորը Գալուստ Սահակյան են

Քաղաքական իմաստնությամբ (եւ ոչ միայն քաղաքական) փայլատակող Սերժ Սարգսյանի որոշումը՝ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին, ցնցեց հայ հասարակությանը:

Ճիշտն ասած, բանական մարդիկ վերջին շրջանում սկսել էին ավելի հաճախ հորդորել լրագրողներին, որ զերծ մնան Գալուստ Սահակյանին հարցեր տալու գայթակղությունից: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ պետք չէ քաղաքականությունն իջեցնել «պլինտուզի մակարդակի», քանի որ իրենք քաղաքական գնահատականներ են ցանկանում լսել եւ ոչ թե վետերոկային մակարդակի «փիլիսոփայություն»:

Բայց դե, բանական մարդիկ այդ հորդորներն ուղղում էին լրագրողներին եւ ոչ թե Սերժ Սարգսյանին: Եթե վերջինս իմանար այդ հորդորների մասին, գուցե մտածեր՝ արժե՞ արդյոք առաջարկել Գալուստ Սահակյանին:

Սակայն պետք է նաեւ նկատել, որ մեր իմաստունը մյուս իմաստուններից տարբերվում է նրանով, որ ընդհանրապես չի մտածում: Եթե անգամ իմանար, որ մարդիկ նման հորդորներ են հնչեցնում:

Բացի այդ, հայտնի է, որ գորշ ու միջակ մարդիկ միշտ էլ իբրեւ ենթականեր ընտրել են իրենցից ավելի գորշություններին, որպեսզի նրանց ֆոնին իրենք մի քիչ ավելի «լավը» երեւան:

Ավաղ, Հայաստանում ներկա պահին այս «կանոնը» չի գործում, քանզի եթե արդեն վերևում նստածը գորշություն է, նրանից ավելի ցածր նստածները նույնն են լինելու՝ իրենց տեսակով ամենեւին չզիջելով վերինին (բացառություններ, իհարկե, եղել են ու կան):

Ինչեւէ, դառնանք հանրային արձագանքին:

Ի դեպ, եթե շատերին ցնցել է այն, որ Գալուստ Սահակյանն է լինելու երկրի երկրորդ դեմքը, ապա ինձ համար ապշեցուցիչ էր ՀՀԿ բարձրագույն մարմնի միաձայնությունը Սերժ Սարգսյանի որոշմանը:

Իշխող ուժի վերնախավի անդամները, ովքեր ներկա էին նիստին, միաձայն կողմ են արտահայտվել ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի առաջադրմանը Սերժ Սարգսյանի կողմից:

Ուրեմն, բոլոր ներկաները Գալուստ Սահակյան են: Իշխող ուժի վերնախավի անդամները ոչնչով չեն տարբերվում Գալուստ Սահակյանից, նրանց բոլորի մտահորիզոնը, ընդհանուր մակարդակը, հոգեկերտվածքն ընդհանրապես գալուստսահակյանական է:

Սա պետք է ընդունել ի գիտություն, որ իշխող ուժի «մտավոր-ինտելեկտուալ» պոտենցիալն ավելին չէ, քան Գալուստ Սահակյանինն է:

Եվ թող աշոտյաններն ու մյուսները հանկարծ ձեւեր չթափեն, թե իրենք իրենց «մտավոր բագաժով» Գրիգորիչից մի քիչ ավելի բարձր են, քանի որ, նախկին վարչապետի հովանավորությամբ, «Չտո, Գդե, Կագդա» են խաղում: Ո՛չ: Նույն փտած, կարծրացած, ճահճացած միտքն է: Հիրավի, բրոնզե դարի հանգույն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը