Մեկնաբանություն

28.04.2014 11:24


Ով ում «մարդն» է

Ով ում «մարդն» է

Հայաստանում ընդունված է այս կամ այն պաշտոնյային համարել այս կամ այն մարդու «մարդը»։

Կարեն Ճշմարիտյանին նշանակեցին էկոնոմիկայի նախարար, և անմիջապես սկսեցին խոսել այն մասին, թե, իբր, քոչարյանական կադրերը վերադառնում են կառավարություն։ Ուզում էին ասել, որ Կարենը Քոչարյանի «մարդն» է։ Փաստորեն, Կարենից առաջ Օբամայի «մարդիկ» էին կառավարությունում, իսկ հիմա խեղճ Սերժը ստիպված կառավարությունը հանձնել է Քոչարյանին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ավելի ախմախ գնահատական հնարավոր չէր պատկերացնել։ Կներեք, իսկ ո՞ւմ «մարդն» է Սերժ Սարգսյանը, և ո՞ւմ «մարդն» է Տիգրան Սարգսյանը։ Վերջինս 10 տարի եղել է Կենտրոնական բանկի նախագահ, ում առաջադրել է Ռ. Քոչարյանը։

Ինչ մնում է Սերժ Սարգսյանին, ապա նա Քոչարյանի նախագահության շրջանում դե ֆակտո երկրորդ դեմքն էր իշխանական բուրգում և զբաղվում էր քրեաօլիգարխիկ շրջանակների կուռացիայով։

Այդ ո՞ր տեսության համաձայն է քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը քոչարյանական կադր։ Որ երկրորդ նախագահի կառավարման փուլում աշխատել է Երևանի գլխավոր ճարտարապե՞տ։ Հետո ի՞նչ։

Եթե «մարդու» տեսությամբ առաջնորդվենք, ապա հարց է առաջանում, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ո՞ւմ մարդն է։ Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի՞, Լևոն Տեր–Պետրոսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի։

Իրականությունն այն է, որ Գ. Հարությունյանը և նրա նմանները չեն կարող սրա կամ նրա «մարդը» լինել, քանզի սկզբունքներ և սեփական տեսակետներ չունեն։ Սրանց կարգախոսն է՝ «Ով էշ, ես՝ փալան»։ Իսկ նման կարգախոսով որևէ մեկի «մարդը» չեն լինում։ Դա նույնն է, թե Խոսրով Հարությունյանին հիմա համարենք Սերժի «մարդը»։

Մեր քաղաքական դաշտի քամելեոններին այսինչի «մարդը» համարելը լուրջ կոմպլիմենտ է քամելեոնների հասցեին։ Դա նշանակում է՝ մենք ընդունում ենք, որ նրանք բարոյական նորմեր ունեն, ու գաղափարական կոդերի կրող են։ Բայց չէ՞ որ չկա նման բան։ Արմեն Աշոտյանը ինչո՞վ է տարբերվում Աշոտյան Արմենից։ Հովիկ Աբրահամյանն ինչո՞վ է տարբերվում Աբրահամյան Հովիկից։

Վաղը Սերժ Սարգսյանը իշխանությունից հեռանա, այսօրվա ՀՀԿ–ի 99,9 տոկոսը (ամենաքիչը) քարկոծելու է նրան, ու այն էլ՝ ինչպես։ Ի վերջո, չմոռանանք, որ ՀՀԿ-ն 2000թ. պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ կասկածելով նրան հոկտեմբերի 27–ի գործի բացահայտմանը խոչընդոտելու մեջ։

Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստերը վարում է Վազգեն Սարգսյանի սպանության թեմայով իր հրաժարականը պահանջող Անդրանիկ Մարգարյանի և Վազգեն Սարգսյանի նկարների տակ նստած։

Այնպես որ, «մարդու» տեսության թեմայով ապուշություններ դուրս տալը պարտադիր պայման չէ քաղաքականությամբ զբաղվելու համար։

«Քոչարյանական» կադրերի վերադարձի թեման «անկախ» լրատվամիջոցներն ու նրանց կողմից «ռասկրուտկա» արվող փորձագետները շրջանառության մեջ են դրել լրիվ այլ նպատակով, բայց պետք է ասել, որ այդ «պլաստինկան» արդեն վաղուց փչացած է, ու հակառակ էֆեկտն է ունենում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը