Տնտեսական

28.04.2014 15:01


Ստեփան Դեմիճյան. «Վտանգվելու է Սևանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը»

Ստեփան Դեմիճյան. «Վտանգվելու է Սևանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը»

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը» հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ անընդունելի է համարում այդ նախագիծը։

–Տարեկան 70 մլն խոր. մ-ով Սևանից ջրի բացթողնման ավելացումը լուրջ խնդիրներ է առաջացնելու, հակասելու է 2001թ. ընդունված՝ Սևանա լճի մասին օրենքին։ Սա վտանգելու է ռազմավարական նշանակություն ունեցող բնական պաշարի, Սևանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը,–ասել է նա։

Նա նաև կարևորել է Եղվարդի ջրամբարի ֆինանսավորման հարցը, ինչը հնարավորություն կտա տնտեսել 100 մլն խոր. մետր ջուր և լուծել Սևանա լճից բաց թողնվող ջրի հիմնահարցը, վերանորոգել և ապահովել Արփա-Սևան ջրատարի անխափան աշխատանքը.

–Չի շահագործվում Որոտանի թունելը, որով 165 մլն խոր. մետր ջուր պետք է հոսի Սևանա լիճ։ Ծանր վիճակ է առաջացել Արարատյան արտեզյան ավազանի անփույթ օգտագործման և առաջին հերթին՝ ձկնաբուծարանների անխնա շահագործման հետևանքով։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը մեկ միլիարդ 226 մլն խորանարդ մետր է։ Դրանից ավելի ջուր վերցնելու դեպքում սկսվում է պաշարների սպառում, ինչը և տեղի է ունենում։ Առանց հաշվի, հաշվարկի՝ ստեղծվել են ձկնաբուծարաններ, որոնք օգտագործում են տարեկան թույլատրելի պաշարների չափ ջուր։ Ձկնաբուծությունը կազմում է ջրի ծախսի ավելի քան 60 տոկոսը։

Ս. Դեմիրճյանն ավելացրել է, որ տարիներ շարունակ շահագործվել են հորատանցքեր, որոնցից ջրօգտագործումը իրականացվել է առանց թույլտվությունների, ինչը և հանգեցրել է ստորգետնյա ջրի պաշարների վերացման։

–Քանի դեռ երկրում տիրում են ամենաթողությունը և անպատժելիությունը, քանի դեռ բարձր պաշտոններն օգտագործում են սեփական բիզնես շահերը սպասարկելու համար, չի՛ կարելի ակնկալել դրական փոփոխություններ։ Պետք է արմատապես փոխվի բնապահպանական ոլորտում իրականացվող քաղաքականությունը, փոխվի պետության, հասարակության վերաբերմունքը բնապահպանական խնդիրների նկատմամբ: Ի վերջո, բնության հանդեպ վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքանով է քաղաքակիրթ տվյալ երկիրը,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը