Լրահոս

28.04.2014 16:31


Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամվել Հակոբյանի և նույն բաժանմունքի տեսուչ Ֆելիքս Մկրտչյանի կողմից շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու, իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու և Ֆելիքս Մկրտչյանի կողմից խարդախության փորձ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սամվել Հակոբյանը և Ֆելիքս Մկրտչյանը նախապես տեղյակ լինելով անչափահաս Գ. Զ.-ի և 18 տարին լրացած Ջիվան Մարտիրոսյանի կողմից տանը միայանակ լինելու, այդ ընթացքում համբուրվելու մանրամասների մասին, 2014 թվականի հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության բաժին են հրավիրել Ջիվան Մարտիրոսյանին և նրա հորը` Գրիգոր Մարտիրոսյանին, որտեղ հիշյալ ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են, որ անչափահասի հետ վերը նշված գործողություններ կատարելը քրեորեն հետապնդելի արարք է, ուստի դրան ընթացք չտալու համար Գրիգոր Մարտիրոսյանից շորթմամբ պահանջել են խոշոր չափերով` 813.980 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառք, hակառակ դեպքում` սպառնացել են իրենց հայտնի դարձած ենթադրաբար կատարված հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստել նյութեր և քրեական հետապնդում իրականացնել: Գրիգոր Մարտիրոսյանը ստիպված համաձայնել է տալ կաշառքի գումարը: Միաժամանակ, Սամվել Հակոբյանը և Ֆելիքս Մկրտչյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, նույն օրը Ջիվան Մարտիրոսյանին ժամը 10:00-ից` ավելի քան 8 ժամ ապօրինի ազատությունից զրկելով, պահել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքում` պահանջված կաշառքի գումարը Գրիգոր Մարտիրոսյանից ստանալուց հետո բաց թողնելու պայմանով, սակայն պարզելով, որ նշված օրը Գրիգոր Մարտիրոսյանը ոչ մի կերպ չի կարողանում կաշառքի գումարը տալ` ժամը 19:00-ի սահմաններում Ջիվան Մարտիրոսյանին ազատ են արձակել:
2014 թվականի փետրվարի 6-ին Ֆելիքս Մկրտչյանը, Սամվել Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ և նախապես կատարած դերաբաշխմամբ, իր աշխատասենյակում Գրիգոր Մարտիրոսյանից անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառքի գումարի մի մասը և հենց տեղում բռնվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում:
Բացի այդ, նախաքննության ընթացաքում հիմնավորվել է նաև, որ Ֆելիքս Մկրտչյանն իր ծանոթ Էվելինա Բաբլոյանից 2013 թվականի հոկտեմբերին օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, չարաշահել է վերջինիս վստահությունը` կաշառք ստանալու պատրվակով փորձել է խաբեությամբ հափշտակել զգալի չափերով` 200.000 ՀՀ դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել` նույն օրը Գ. Մարտիրոսյանից կաշառք ստանալու համար ձերբակալվելու պատճառով:
Սամվել Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ֆելիքս Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում Սամվել Հակոբյանի և Ֆելիքս Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը