Մեկնաբանություն

30.05.2014 11:20


«Սերժ ամենակարողից» մինչև «Սերժ անկարող»

«Սերժ ամենակարողից» մինչև «Սերժ անկարող»

Սերժ Սարգսյանին սատարող քարոզչամեքենան նրան ներկայացնում է երկու հակադիր կերպարներով։

Բազմաշերտ և բազմաթև «Գեբելսյան» քարոզչամեքենան ՀՀԿ ղեկավարին մատուցում է որպես ամենակարող գործիչ, ում «դաբրոյով» է ամեն ինչ տեղի ունենում, ում մատը խառն է քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր գործընթացներում, և ում ձեռնտու տարբերակով են զարգանում քաղաքական հարաբերությունները։

Նույն «Գեբելսյան» քարոզչամեքենայով Սերժ Սարգսյանը հանդես է գալիս որպես անկարող, ոչինչ չորոշող գործիչ։

Կախված իրավիճակից՝ «Սերժ ամենակարողն» ու «Սերժ անկարողը» հաջորդում են միմյանց։ Սրանք հատուկ նպատակով տարածվող միֆեր են։

Նման իմիջային քաղաքականություն վարելով՝ լուծվում են կոնկրետ խնդիրներ՝ զերծ պահել ՀՀԿ ղեկավարին երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատվությունից և միևնույն ժամանակ նրան դարձնել քաղաքական դաշտի միակ, ամեն մի հարց լուծող ու անկրկնելի դեմքը։

«Անկախ» լրատվամիջոցներից յուրաքանչյուրը մասնագիտացած է մի ուղղության վրա։ Երբեմն հանդիպում ենք նաև երկակի ֆունկցիա կատարողների (ասենք՝ նույն լրատվամիջոցի նույն հոդվածագիրը մե՛րթ կարող է Սերժին ներկայացնել որպես ամենակարող, մե՛րթ՝ որպես անկարող. նայած, թե ինչ տիպի «մուտիլովկա» է «ռասկրուտկա» արվում)։

Ընդհանուր կանոնը հետևյալն է՝ երբ կա Սերժի անմիջական պատասխանատվություն որևէ բացասական երևույթի մեջ, անմիջապես ասվում է, թե նա մեղավոր չէ, քանզի ձեռքին ճար չկա, և նա քրեաօլիգարխիայի կամ մութ ու դավադիր ուժերի ձեռքում պատանդի կարգավիճակ ունի, իսկ երբ գրանցվում է նրա պարտությունը, կամ քաղաքական զարգացումները գնում են Սերժի չուզած ուղղությամբ, ապա փորձ է արվում ցույց տալ, թե, իբր, դա ոչ թե պարտություն է, այլ նրա կողմից կառավարվող շախմատային կոմբինացիայի արդյունք։

Ուշագրավն այն է, որ նույն երևույթը «Գեբելսյան» քարոզչամեքենան օրերի կամ երբեմն ժամերի տարբերությամբ կարող է իրարամերժ գնահատականների ներկայացնել։ Այսպես. երբ Սարգսյանը փորձում էր տարատեսակ ճնշումների միջոցով ԲՀԿ–ին պահել կոալիցիայում ու թվում էր, թե արդյունքի է հասել, քարոզչամեքենան տարածում էր, թե Սերժն ամենակարող է և հիմա ԲՀԿ–ին կոալիցիա բերելով «փչացնելու» է, բայց երբ պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը «պասլատ» է անում Սերժի առաջարկները, նույն քարոզչամեքենան, որպեսզի թաքցնի Սերժի անկարողությունը, սկսեց տարածել, թե իբր ԲՀԿ–ին ՀՀԿ ղեկավարը չէր էլ ուզում կոալիցիա բերել, այլ ցանկանում էր նրան գործուղել ընդդիմադիր դաշտ, որպեսզի հետագայում ստանա նրա աջակցությունը նախագահական ընտրություններում։ Նախագահական ընտրություններում Սերժը ԲՀԿ–ի աջակցությունն, իհարկե, չստացավ, բայց «Գեբելսյան» քարոզչամեքենան, բնականաբար, «մոռացավ», որ սխալվել է իր գնահատականներում ու շարունակեց նույն ոճով այլ «մուտիլովկաներ» տարածել։

Սերժի PR–թիմն օրվա կուրսով է ապրում և թիթեռնիկի կյանք ունեցող ստեր տարածում։ Նրանց ուրիշ բան պետք չէ, քանզի գաղափարներից ու սկզբունքներից զուրկ Սերժին այլ բան պետք չէ։ Բաղրամյան 26–ն, ըստ այդմ, վերածվել է ստի ու կեղծիքի արտադրամասի։ Երիտբոլշևիկները զբաղված են բացառապես գաղջ մթնոլորտ ապահովելով ու Սերժի հետույքը փրկելով։

Թիրախ են բոլորը, բացի Սերժից («Սերժն ի՞նչ անի, Քոչարյանից վատ ժառանգություն է ստացել», «Սերժն ի՞նչ անի, Տեր–Պետրոսյանն անընդհատ շնչին նստած է ու չի թողնում, որ աշխատի», «Սերժն ի՞նչ անի, Ծառուկյանը սպառնում է զանգվածներով», «Սերժն ի՞նչ անի, քրեաօլիգարխիան է ընտրակեղծիքներ պարտադրում», «Սերժն ի՞նչ անի, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն է մեղավոր» և այլն)։

Պատասխանատու են բոլորը, բացի Սերժից։

Օրինակ՝ երբ տնտեսության մեջ անկում է գրանցվում, կամ Հայաստանը տանուլ է տալիս արտաքին քաղաքական դաշտում, այդ ժամանակ Սերժը ներկայացվում է որպես արտաքին ուժերի կամ ներքին ուժերի (այդ թվում՝ ՀՀԿ–ի ու, այսպես կոչված, օլիգարխիայի) ձեռքը կրակն ընկած մեկը, ում չեն թողնում, որ աշխատի։ «Մեղավոր են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից». սա՛ է քարոզչամեքենայի հիմնական կոդերից մեկը։

Բոլորն էլ գիտեն, որ ընտրակեղծիքների կամ Լիսկայի «քաջագործությունների» թիվ մեկ պատասխանատուն ու հովանավորը Սերժ Սարգսյանն է, բայց որպեսզի պատասխանատվության հարցը լղոզվի, առաջ է քաշվում այն թեզը, թե, իբր, քրեաօլիգարխիան թույլ չի տալիս Սերժին չկեղծել ընտրությունները, կամ թույլ չի տալիս, որպեսզի Լիսկան պատժվի։ Թե քանի չորքոտանու են կարողանում համոզել, թե մեզ մոտ իշխում են ինչ–որ վերացական քրեաօլիգարխներ, իսկ ահա Սերժը լուսնի վրա է ապրում ու ոտքերն էլ ամպոտ են, այլ հարց է։ Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի համար յուրօրինակ ալիբի են ուզում ապահովել բոլոր այն դեպքերի ժամանակ, երբ առկա են նրա անմիջական պատասխանատվությունն ու ներգրավվածությունը։

Ինչ վերաբերում է «Սերժ ամենակարողի» իմիջին, ապա այն ակտիվացվում է, երբ դեպքերն ակնհայտորեն զարգանում են «Վերջի բոլշևիկի» ցանկությանը հակառակ ուղղությամբ։

Օրինակ՝ ոչիշխանական քառյակը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի տակ ստիպեց Սերժ Սարգսյանին հեռացնել Տիգրան Սարգսյանին։ Ու որպեսզի իշխանական բուրգի ներսում Սերժին «սպիսատ» չանեն ու չհամարեն, որ նա թուլացել է, անմիջապես «լավաշներ» են «թխվում» այն մասին, որ դա Սերժին ձեռնտու էր, և նա իր կամքով է Տիգրանին հեռացրել։ Կամ երբ Սերժին չի հաջողվում ԲՀԿ–ին որոշումներ պարտադրել, «անկախ» լրատվամիջոցները սկսում են հեքիաթներ պատմել այն մասին, թե, իբր, դա ոչ թե Սերժի անկարողության դրսևորում է, այլ նրա ու Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված գաղտնի համաձայնության դրսևորում (աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է խակ էր)։

Ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է։ Սերժ Սարգսյանը ո՛չ ամենակարող է, ոչ էլ՝ անկարող։ Ներքաղաքական կյանքում նրան երբեմն հաջողվում է հասնել իր ուզածին, իսկ երբեմն՝ ոչ (այլ է պատկերը արտաքին քաղաքականության մեջ. այդտեղ նա կայուն պարտություններ է արձանագրում)։

Սերժն ուզում էր ԲՀԿ–ի հետ համատեղ ցուցակով մասնակցել 2012թ. ԱԺ ընտրություններին, որպեսզի չեզոքացներ ԲՀԿ–ի գործոնը, բայց նրան դա չհաջողվեց։ Ճիշտ է, ՀՀԿ ղեկավարը կարողացավ շրջիկ խմբերի և այլ անօրինական տեխնոլոգիաների կիրառմամբ ու մեծամասնական ընտրատարածքների «անլեզուների» օգնությամբ խորհրդարանում մեծամասնություն ձևավորել, բայց չկարողացավ կոալիցիայում պահել ԲՀԿ–ին, ինչը վերջինիս ոչնչացմանը կբերեր ու կհանգեցներ Սերժի թուրքմենբաշիացմանը։ Իսկ ԲՀԿ–ի ոչնչացմանն է ուզում հասնել Սերժը, որպեսզի կարողանա դրանից հետո անապատացնել քաղաքական դաշտն և զրոների ընկերակցությամբ հավերժ կառավարել ու փող աշխատել։

Սերժին հաջողվեց 2013թ. նախագահական ընտրություններում տոկոս «խփել»՝ նախապես զերծ մնալով կոշտ մրցակցությունից, բայց նա չկարողացավ ԲՀԿ–ից աջակցություն ստանալ, ինչպես նաև չկարողացավ Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմել. Ծառուկյանը նույնիսկ չմասնակցեց նրա երդման արարողությանը։

ՀՀԿ «ճկուն» ղեկավարը պլանավորել էր Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու միջոցով իշխող կոալիցիայի անդամ դարձնել ԲՀԿ–ին ու այդպիսով վերջապես լուծել այդ կուսակցության հարցերը, ինչպես նաև Ծառուկյանից ստանալ իր վերարտադրության համար արվող սահմանադրական փոփոխությունների աջակցություն, սակայն չկարողացավ ու ցայտնոտային իրավիճակում վարչապետ նշանակեց նույն Հովիկ Աբրահամյանին և հիմա փորձում է «պոստ ֆակտում» ստանալ այն, ինչը չհաջողվեց «բոլորի համար ընդունելի վարչապետ» օպերացիայի շրջանակներում։

Սերժ Սարգսյանը վեց տարի շարունակ ատամներով պահում էր «մեկ օլիգարխի տնտեսության» գործիք և «ատկատների» քայլող մարմնավորում հանդիսացող Տիգրան Սարգսյանին, սակայն երբ ԱԺ չորս ոչիշխանական ուժերը միասնաբար պահանջեցին Տիգրան Սարգսյանի հրաժարականը, նա ստիպված եղավ տեղի տալ, քանի որ հասկացավ, որ Տիգրանի հրաժարականի պահանջով շուրջօրյա հանրահավաքները կարող են վերածվել իր յանուկովիչացմանը, բայց առանց Դոնի Ռոստովում հայտնվելու հնարավորության։

«Արևմտամետ» Սերժն իր ոչ պակաս «արևմտամետ» հաճախորդների աջակցությամբ ցանկանում էր արևելյան տիպի սուլթանատ ձևավորել։ Նա իր ընտանիքի անդամների հետ միասին ահագին արդյունքների հասավ այդ ուղղությամբ (Սաշիկն ահագին տեղեր փայ է մտել, իսկ երիտօլիգարխիան արդեն «սամալյոտի» միս է ուտում), սակայն նրան չհաջողվեց ամբողջությամբ կուլակաթափ անել բիզնես դաշտին, քանզի բուրժուազիան ուղղակի և անուղղակի դիմադրություն ցույց տվեց։

Սերժն ուզում էր քաղաքային տրանսպորտի գինը դարձնել 150 դրամ, բայց երբ հանդիպեց դիմադրության, հետ քաշվեց։

Սերժն ուզում էր «կուտակայինը» փաթաթել աշխատողների վզին, սակայն ստիպված եղավ նահանջել իր դիրքերից ու հիմա փորձում է «մուտիլովկաների» միջոցով էժան ու երկար փողեր հավաքել։ Կհանդիպի դիմադրության՝ հետ կքաշվի, չի հանդիպի դիմադրության՝ այսօրվա կենսաթոշակառուներից էլ էժան ու երկար փողեր կհավաքի։

Երևանի ավագանու ընտրությունները խայտառակ ձևով կեղծելով և ՀԱԿ–ին ավագանու կազմից դուրս թողնելով՝ Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, չկարողացավ կազմալուծել ընդդիմադիր դաշտը։ ՀԱԿ–ը հարվածներ ստացավ, բայց պահպանեց իր դիրքերը ու շարունակում է մնալ որպես լրջագույն գործոն ընդդիմադիր դաշտում։

Տարատեսակ մեխանիզմներ գործի դնելով՝ Ս. Սարգսյանը ՀԱԿ–ից պոկեց «թունդ ընդդիմադիրներին», սակայն չկարողացավ իր ձեռքի տակ գործող փողոց ձևավորել. ՀԱԿ–ը պահպանեց հրապարակը վերահսկող տիտղոսային ընդդիմադիրի իր կարգավիճակը։ Նիկոլփաշինյանները, արամսարգսյանները չկարողացան Արտաշես Գեղամյանի ֆունկցիան կատարել և Բաղրամյան 26–ին կից «փողոց» ձևավորել ու հիմա զբաղված են բացառապես իշխանական լրատվատարածքներում Սերժի ընդդիմախոսների դեմ կռիվ տալով՝ անշուշտ «խիստ արմատական» դիրքերից։

Սերժին հաջողվեց կեղծել վերջին նախագահական ընտրությունները, բայց չհաջողվեց Րաֆֆի Հովհաննիսյանին ներգրավել իր վերարտադրության ծրագրում՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացների մեջ։

Սերժն ուզում էր «Ժառանգությանը» հեռու պահել ոչիշխանական ուժերի հետ միասնաբար հանդես գալուց և մասնավորապես Տիգրան Սարգսյանի հեռացման պահանջին միանալուց, սակայն չկարողացավ։ Որքան էլ տարատեսակ «դհոլները» փորձեցին «Ժառանգության» ներսում «մուտիլովկաներ» անել, բան դուրս չեկավ։

Մի խոսքով, Սերժի մասին տարածվող միֆերը մեծ փուչիկներ են, որոնք պարբերաբար պայթում են։ Այո՛, նրան առայժմ հաջողվում է մնալ աթոռին, բայց դա ոչ թե իր շնորհքն է, այլ մեր սխալների կամ անմիաբան լինելու հետևանքը։

Կա հստակ օրինաչափություն. երբ հանրությունն ու քաղաքական ուժերը հանդես են գալիս միասնաբար, Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, դառնում է փիսիկ, իսկ երբ քաղաքական դաշտում արձանագրվում է պառակտվածություն, իսկ հանրությունն էլ ընկնում է կեղծ «կլիշեների» ազդեցության տակ, նույն Սերժ Սարգսյանը դառնում է առյուծ։

Այնպես որ ամեն ինչ շատ հստակ է՝ միասնական պայքարը հաշված ամիսների ընթացքում գրողի ծոցը կուղարկի Սերժին։ Հակառակ դեպքում նա սահմանադրությունն էլ կփոխի, «գենսեկ» էլ կդառնա, Հայաստանն էլ կկործանի։ Բայց դրա մեղավորը ոչ միայն Սերժը կլինի, այլ նաև մենք, որ չկարողացանք ռացիոնալ քայլերով շարժվել։

Եվ ուրեմն, «Վերջի բոլշևիկին» պետք է թույլ չտալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով վերարտադրվել, իսկ եթե նա գնա այդ քայլին ու նեոստալինյան մոդելի Սահմանադրություն դնի հանրային քննարկման, ապա հանրաքվեն պետք է վերածել իշխանափոխության գործընթացի։

«Սերժ ամենակարողից» մինչև «Սերժ անկարող» մեկ քայլ է, և այդ քայլը ոչիշխանական ուժերի ու հանրության միասնական պայքարն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը