Լրահոս

29.04.2014 08:23


Սիրիայի հայերի բռնագաղթի հարցով միջազգային հետաքննություն իրականացնելու հարցի կապակցությամբ

Սիրիայի հայերի բռնագաղթի հարցով միջազգային հետաքննություն իրականացնելու հարցի կապակցությամբ

Սիրիայում ապստամբների կողմից հայկական Քեսապի բռնազավթումը ու Քեսապի հայության նոր բռնագաղթը, ցույց են տալիս, թե ինչ վտանգավոր չափերի է հասել Սիրիայի հայության, Մերձավոր Արեւելքի հայության եւ քրիստոնյաների կյանքի եւ գույքի ապահովությանն ու անվտանգությանն ուղղված ռասիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության եւ դրանց հիմքի վրա՝ բռնության, էթնիկ զտումների ու ցեղասպանության սպառնալիքների ողջ համալիր փաթեթն ու չդադարող սադրիչ գործողությունների շարքը:

Այս հարցում, սական, բավարար չեն խորհրդարանների կողմից ընդունված դատապարտման հատուկ բանաձեւերը, ինչպես օրինակ Եվրոխորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, ինչի առնչությամբ ճիշտ նկատողություն է անում Բաստիան Բելդերը (Ազատ եւ ժողովրդավարական Եվրոպա կուսակցություն, Նիդերլանդներ), ով ընդգծում է, որ «բանաձեւն ամբողջական չի լինի, քանի դեռ ողջ ճշմարտությունը չի բացահայտվել Քեսաբի մասին, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունից հետո եւս մեկ անգամ Թուրքիայի ներգրավվածությունը հայ բնակչության տեղահանմանը»:

Իրականությանն ավելի մոտ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության առաջարկը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ Քեսապի հարցով միջազգային հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, որտեղ ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայում ծայրահեղականների վայրագությունները: ՄԱԿ-ի Անվտանգության Խուրհուրդը պետք է քննարկի Քեսաբում տիրող իրավիճակն ու սկզբունքային գնահատական տա տեղի ունեցող դեպքերին»:

Սիրիայի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայերի բռնագաղթ՝ էթնիկ զտումներ, իրականացնելու հետագա բոլոր փորձերը վճռականորեն կանխարգելելու նպատակով առաջարկում ենք իրականացնել խորհրդարանական հարցապնդում եւ հետաքննություն, միջազգային հետաքննություն պահանջելու ու իրականացնելու նպատակով:

Քեսապի իրադարձությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն իրականացնելը կարեւոր է հետեւյալ պատճառներով.

1. Բացահայտելու եւ դատապարտելու համար Քեսապի հայերի բռնագաղթը ծրագրող եւ իրականացնող կազմակերպություններն ու երկրները:

2. Բացահայտելու եւ դատապարտելու համար հայերի ցեղասպանության եւ բռնագաղթի այն հետքը, որ ձգվում է 1894-1923 թթ.՝ իրականացված Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում եւ օսմանյան կայսրության ողջ տարածքում, իրականացված թուրքական երեք կառավարությունների կողմից՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական:

3. Ինչպես նաեւ բացահայտելու եւ դատապարտելու համար հայերի ցեղասպանության եւ բռնագաղթի այն հետքը որ ձգվում է 1905-1990 թթ.՝ Կովկասում, Բաքվում, Շուշիում, Հայաստանի Հանրապետության տարածքում, Նախիջեւանում, հետագայում Սումգայիթում եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, Արցախում, հարակից հայկական բնակավայրերում, իրականացված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:

Գտնում ենք, որ սիրիական ընդդիմության ապստամբների կողմից միջազգային իրավունքի ընդունված նորմերի անտեսումը, դրանց ամենացինիկ ոտնահարումը մեզ բոլորիս բացառիկ իրավունք է ընձեռում գործելու եւ հայտարարելու, որ աշխարհի ցանկացած վայրում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները անպատիժ չեն մնալու:

Խնդրում եւ ակընկալում ենք գործնական եւ արդյունավետ ակտիվ քայլեր մարդու իրավունքների պաշտպանության այս կարեւորագույն հարցերում: Մեր կողմից պատրաստ ենք ամենալայն համագործակցության եւ փոխօգնության:

Արմեն Տեր-Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը