Մեկնաբանություն

29.04.2014 16:44


Խորհրդարանական մարազմ

Խորհրդարանական մարազմ

Մարազմն այն չէ, որ Գալուստ Սահակյանը 101 կողմ և 3 դեմ ձայնով դարձավ ԱԺ նախագահ, այսինքն՝ Հայաստանի երկրորդ պաշտոնյայի կարգավիճակ ստացավ։

Մարազմը շատ ավելի շուտ է եղել, երբ Սերժ Սարգսյանը դարձել է ՀՀ նախագահ։ Դրանից հետո այլևս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնել բոլոր հնարավոր պաշտոններին։

Բացի վերը նշված մարազմից` կան նաև այլ մարազմատիկ երևույթներ, որոնց ականատես եղանք այսօր խորհրդարանում։

Մարազմ է այն, որ ԲՀԿ–ն, մյուս ուժերի հետ միասին, երեկ տորպեդահարեց Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները, սակայն այսօր մասնակցեց ԱԺ նախագահի ընտրությանը և կողմ քվեարկեց Գալուստ Սահակյանին։ ԲՀԿ–ից միայն հատուկենտ պատգամավորներ չեն մասնակցել այդ քվեարկությանը։ Քվեատուփին չեն մոտեցել Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը և էլի մի քանիսը։ Բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում։

Մարազմ է այն, որ Հրանտ Բագրատյանը, սեփական դիպլոմների քանակն ու լեզուների իմացությունը նշելով, ինքնաառաջադրվում է ԱԺ նախագահի թեկնածու և ստանում 3 քվե։ Եթե Բագրատյանն անկեղծ մտածել է, թե կընտրվի ԱԺ նախագահ, ապա դա կլինիկական դեպք է։ Իսկ եթե շատ լավ իմացել է, որ մի քանի ձայն է ստանալու, բայց, այդուհանդերձ, ինքնաառաջադրվել է, ապա դա ուրիշ դեպք է։

Ոչ պակաս մարազմ էր նաև Նիկոլ Փաշինյանի ու Ալեքսանդր Արզումանյանի՝ քվեարկությանը մասնակցելու որոշումը։ Դա քվեարկություն էր հանուն քվեարկության։ Դա նաև իշխանական թամաշային մասնակցելու ակտ էր։

ԲՀԿ–ական տարբերակով առաջնորդվեց նաև ՕԵԿ–ը, որը երեկ «փոզմիշ» արեց Գալուստի «ընտրության» քվեարկությունը, բայց այսօր ազատ ռեժիմով մասնակցեց այդ միջոցառմանը։

Քվեարկությանը չեն մասնակցել միայն ՀԱԿ խմբակցության մյուս 5 պատգամավորները, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը», որոնք հայտարարել էին չմասնակցելու մասին։ Չի քվեարկել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Չմասնակցողները մի փոքր մեղմեցին մարազմատիկ իրավիճակը, բայց ընդամենը մեղմեցին։

Այս պատմության մեջ ամենաանհասկանալին ԲՀԿ–ի պահվածքն էր։ Եթե քվեարկությանը մասնակցելու էին ազատ ռեժիմով, ապա գոնե թող սեփական թեկնածուն առաջադրեին կամ քառյակի հետ միասնական թեկնածուի պաշտպանեին։ Իսկ եթե քվեարկելու էին Գալուստի օգտին, ապա ինչու երեկ տապալեցին Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները, և ընդհանրապես ի՞նչ իմաստ կար Գալուստի օգտին քվեարկելու մեջ։ Եթե պատճառը գործարար պատգամավորների ճնշումն է եղել, ապա թող բաց հայտարարվի այդ մասին։ Իսկ եթե այլ տրամաբանությամբ է կազմակերպվել մասնակցությունը, ապա կրկին հանրությանը հաշվետվություն տալու կարիք կա։

Անհասկանալի է նաև այն, որ ԲՀԿ–ն, իր գործընկերների հետ, ճնշում է իշխանությանն ու թոշակի ուղարկում Տիգրան Սարգսյանին, սակայն չի զարգացնում հաջողությունն ու ընկնում է մարազմի գիրկը՝ Գալուստ Սահակյան խաղացնելով։

Մի խոսքով, քաղաքական դաշտում գրանցվեց 1:1 հաշիվ։ Տիգրան Սարգսյանին հեռացնելը քառյակի հաջողությունն էր, իսկ Գալուստի օգտին գրանցված ձայների քանակը՝ նույն քառյակի անհաջողությունը։ Ընդ որում, ԲՀԿ–ն ինքնագոլի հեղինակ դարձավ տվյալ դեպքում։

Թե ինչ կլինի հետո, արդեն այլ խոսակցության թեմա է։ Մեկ բան ակնհայտ է` եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզանով, այն էլ ինչպես կզբաղվի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը