Մեկնաբանություն

30.04.2014 13:58


Նոր իրավիճակի հրամայականը

Նոր իրավիճակի հրամայականը

Այն, որ ԲՀԿ–ի երեկվա պահվածքը սխալ էր, երկրորդ կարծիք լինել չի կարող։

«Էն գլխից» էլ պարզ էր, որ ԲՀԿ–ի մասնակցությունը կամ չմասնակցությունը բան չէր փոխելու, քանզի իշխող ՀՀԿ–ն քանակական մեծամասնություն ունի։ ԲՀԿ–ի մասկանցությունը և նույնիսկ Գալուստին դեմ քվեարկելը բան չէր փոխելու, բայց փոխարենը «մուտիլովկաների» հսկայական դաշտ էր բացվելու, ինչպես նաև պարարտ հող էր ստեղծվելու ֆեյսբուքներում հորթային հրճվանքով դիշովկայություն անողների համար։ Այդպես էլ եղավ։

Առավել ևս` իմաստ չուներ մասնակցել մի միջոցառման, որի արդյունքները հաշվելու էին «բարեշրջված» Հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ–ական անդամները։

Հիմա ԲՀԿ–ն ներկայացնող մի շարք պատգամավորներ նշում են, որ իրենք քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին (Վահան Բաբայանն, օրինակ, նման գրառում է թողել ֆեյսբուքյան իր էջում) կամ չեն քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին (Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նույնիսկ մթագնած ուղեղով՝ Գալուստ Սահակյանի օգտին ինքը չէր քվեարկի), սակայն դա, մեծ հաշվով, բան չի փոխում, քանզի պարզ էր, որ ընտրակեղծիքների մեջ մասնագիտացած թիմը կեղծելու է նաև ԱԺ նախագահի ընտրությունը։ Հետևաբար, ճիշտն այն կլիներ, որ ԲՀԿ–ն մյուս ուժերի հետ միասին բոյկոտեր այդ ձևական պրոցեդուրան և հնարավորություն չտար իշխանություններին «մուտիլովկաներ» անելու համար։ «Սութի ընդդիմադիր» ֆեյսբուքյան օգտատերերն էլ շանս չէին ստանա «Բա որ ասում էինք» ոճի մեջ կոկորդիլոսի արցունքներ թափել ընդդիմադիր դաշտի համար՝ իշխանահաճո կոդերով «ստատուսներ» գրելու ծրագրի շրջանակներում։

Հարկ է արձանագրել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում քաղաքական գործընթացներում թելադրող ու պարտադրող դիրքում հայտնված «քառյակը» առաջին անգամ հայտնվեց ոչ շահեկան վիճակում։ Իշխանությունը քնած չէ և Տիգրան Սարգսյանի պահով ստացած հարվածից հետո փորձում է կուլիսային ինտրիգների միջոցով շունչը տեղը բերել։ Երեկ մենք այդ «շունչը տեղը բերելու» գործողությանն ականատես եղանք։

Ինչ մնում է ԲՀԿ–ին, ապա այդ ուժը պետք է հետևություններ անի և քաղաքական դաշտում գործի բացառապես քաղաքական կանոններով, այլ ոչ թե «նվազագույն դիմադրության» հայեցակարգով։ Ի վերջո, հաղթած խաղում չի կարելի զգոնությունը թուլացնել, բացվել ու հարված ստանալ։ Այլապես իշխանությունները չեն հապաղի օգտվել իրավիճակից ու նորանոր «մուտիլովկաներով» անցնել հարձակման։

Բաղրամյան 26–ի ծրագրերն ակնհայտ են. Հովիկ Աբրահամյանի միջոցով թուլացնել ԲՀԿ–ին, ԲՀԿ–ին թուլացնելու միջոցով պառակտել «քառյակը» և հարվածել ՀԱԿ–ին, որին կհաջորդի քաղաքական դաշտի անապատացման գործընթացը։ Սա չտեսնելն ու չհասկանալը հավասարազոր է ինքնաոչնչացման։ Իսկ նրանք, ովքեր ուրախությունից ծափ էին զարկում երեկ սոցիալական ցանցերում, թե` բա տեսաք, որ ԲՀԿ–ն «քաշեց», թող իմացած լինեն, որ կամա թե ակամա, վճարովի թե անվճար, մասնակից են դառնում մեր պետության ու հասարակության դեմ գործող ծրագրի իրականացմանը։

Եվ այսպես, ստացած հարվածը պետք է ընդունել որպես ահազանգ, հավաքվել ու հանրության առաջ հանդես գալ պարզաբանումներով և գործողությունների ճանապարհային քարտեզով։ Իշխանական տիրույթից դուրս գործող քաղաքական բոլոր ուժերը և ազդեցիկ անհատները պետք է մի կողմ դնեն պատրանքներն ու իռացիոնալ պատկերացումները և գնան միասնական լուծումների ճանապարհով։

Մեկ բան հստակ է` ներքաղաքական կյանքում և հատկապես ներկա դասավորության պայմաններում «և, և»–ը հնարավոր չէ։ «Կամ, կամ». ա՛յս սկզբունքը պետք է ընկած լինի քաղաքական ուժերի գործողությունների հիմքում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Եթե Հովիկ Աբրահամյանին թվում է, թե իր գործողությունները և մատուցած ծառայությունները գնահատվելու են Բաղրամյան 26–ում, ապա նա չարաչար սխալվում է։ Նորանշանակ վարչապետին ընդամենն օգտագործում են։ Հետո գալու է քավության նոխազ դառնալու փուլը։ Բայց դա արդեն իր խնդիրն է։

Այս խորագրի վերջին նյութերը