Լրահոս

30.04.2014 15:27


Հաստատվել են բուհերի 2014-2015 ուստարվա առկա ուսուցման տեղերը

Հաստատվել են բուհերի 2014-2015 ուստարվա առկա ուսուցման տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը: Նոր ուսումնական տարվա համար նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2516 տեղ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 1715 տեղ, որից 1312 տեղ՝ առանց տարկետման իրավունքի և 403 տեղ՝ տարկետման իրավունքով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Ասպիրանտական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հաստատվել է 379 տեղ, որից 239-ը առանց տարկետման իրավունքի, 140 տեղ տարկետման իրավունքով, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով և 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:

ՀՀ կառավարության որոշմամբ «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի, նոր խմբագրությամբ է շարադրվել կրթօջախի կանոնադրությունը: Ակնկալվում է, որ վերակազմակերպման արդյունքում բուհի հետագա զարգացման համար կբացվեն նոր հեռանկարներ, կընդլայնվեն մասնագետների պատրաստման ծավալը, ձեռնարկատիրական գործունեության ոլորտները:
Նույն հիմնավորմամբ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի, հաստատվել է համալսարանի նոր խմբագրությամբ շարադրված կանոնադրությունը, սահմանվել են ձեռնարկատիրական գործունեության տեսակները:
Կրթության ոլորտին վերաբերող հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրով մատակարարել են ուսումնական ռոբոտներ, սահմանել, որ դրանք մատակարարվում են անհատույց: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական ռոբոտների անհատույց տրամադրման գործարքները ԱԱՀ-ից ազատելու անհրաժեշտությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը