Մեկնաբանություն

30.04.2014 19:30


Գագիկ Ծառուկյանը կարող է փակել թեման, եթե ...

Գագիկ Ծառուկյանը կարող է փակել թեման, եթե ...

Անկասկած, ամենալավ տարբերակն այն կլիներ, եթե ԲՀԿ-ական պատգամավորները չմասնակցեին Ազգային ժողովում շոուի վերածված քվեարկությանը: Ընտրակեղծարարների հետ այլ լեզվով (քաղաքական) և այլ ձևաչափով (միասնական քաղաքական օրակարգ և գործողությունների ծրագիր) է պետք հարաբերվել։

Բոլորս տեսանք, որ «Գեբելսյան» քարոզչամեքենային միայն առիթ էր պետք ԲՀԿ-ի եւ հատկապես նրա առաջնորդի վրա անպարկեշտ հարձակումներ սկսելու համար: Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե քննադատություն էր ԲՀԿ-ի հասցեին, այլ վիրավորական արտահայտություններով գրոհ, ինչի առիթը տալ պետք չէր, քանզի իշխանությունների ու նրանց սպասավորների զենքը ոչ հրապարակային դաշտն ու «մուտիլովկաներն» են:

Ասել, որ ԲՀԿ–ն իմիջային հարված չի ստացել ԱԺ–ում տեղի ունեցած քվեարկությունից հետո, ճիշտ չի լինի։ Բայց մյուս կողմից էլ պետք է նկատել, որ այդ հարվածը ստացվեց անկապ տեղը։ Դա նման էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի՝ պահի տակ զգոնությունը կորցնելու արդյունքում ստացած հարվածին, որը չի տապալում, բայց աժիոտաժ է առաջացնում դիմացինի ճամբարում ու միավորներ պարգևում դրանից առաջ հարվածների տեղատարափից կուչ եկածին։

Մեծ հաշվով, աղետ տեղի չի ունեցել ու անդառնալի որևէ բան չի եղել (եթե, իհարկե, ԲՀԿ–ում համապատասխան հետևություններ անեն)։ Պարզապես Գագիկ Ծառուկյանի համար Գալուստ Սահակյանի թեմայով կազմակերպված քվեարկությունն այնքան աննշան իրադարձություն էր, որ նա անգամ հարկ չէր համարել այս խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպել խմբակցությունում: Արդյունքում, պատգամավորներն ազատ էին քվեարկության հարցում:

Եւ, վերջին հաշվով, հենց ԲՀԿ խմբակցության ազդեցիկ ներկայացուցիչներն էլ շեշտեցին, որ եթե այս հարցում միասնական տեսակետ որդեգրվեր, միասնական որոշում կայացվեր, ապա ԲՀԿ-ն կգործեր հենց այդ շրջանակներում:

Հարցը չեն կարեւորել նաեւ քառյակի մյուս անդամները՝ նախընտրելով առանձին-առանձին որոշումներ կայացնել: Անկասկած, սա լավ դաս կլինի քառյակի ու հատկապես ԲՀԿ–ի համար, որ այսուհետ հակառակ կողմին ուրախանալու թեկուզ մանր առիթներ չտան: Չմոռանանք, որ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում։

Ի դեպ, ապրիլի 30-ը սկսվեց ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարություններով, որոնք պնդում էին, որ քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին: Ավելին, հենց Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իրենից ձայներ են գողացվել: Ահա այսպես, համապետական ընտրություններ կեղծողները չեն կարողանում անգամ հեռու մնալ ընտրակեղծիքներից այն դեպքում, երբ բավարար չափով ձայն ունեն իրենց ուզած թեկնածուին անցկացնելու համար: Մՙնում է կռահել, որ ՀՀԿ-ականները միմյանց չեն վստահում եւ հաշվիչ հանձնաժողովի կազմում էլ փոփոխությունների դիմեցին հենց այս պատճառով: Սակայն, կրկնենք, ԲՀԿ–ն չպետք է շանս տար ՀՀԿ–ին ու արդարանալն այս առումով անարդյունավետ է։ Շատ ավելի կարևոր են հետագա քայլերը։

Ակնհայտ է, որ այս թեմայի շուրջ խոսակցությունները փակելու և երկրի համար կարևորագույն նշանակության հարցերի, ինչպես նաև հետագա քայլերի վերաբերյալ իր տեսակետը պետք է հայտնի Գագիկ Ծառուկյանը։

Մեկ բան հստակ է. Ազգային ժողովում կազմակերպած շոուով եւ կեղծարարությամբ հնարավոր չէ վարկանիշ գցել: Ամեն մի քաղաքական ուժ ինքն է տնօրինում իր ճակատագիրը։ Այնպես որ, ոչ թե «Գեբելսյան» քարոզչամեքենան, այլ ԲՀԿ–ն է իր վարկանիշը բարձրացնողն ու իջեցնողը։

Գնահատական տվողը հասարակությունն է և հենց հասարակությանն էլ պետք է բացատրություններ տա ԲՀԿ–ն ու նույն հասարակությանն առաջարկի սեփական ծրագրերը։ Մնացած հարցերին ժամանակն իր պատասխանը կտա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը