Մեկնաբանություն

01.05.2014 22:05


«Վերջի բոլշևիկը» և աշխատավորության շահերը

«Վերջի բոլշևիկը» և աշխատավորության շահերը

Այսօր մայիսի 1–ն է։ Ամբողջ աշխարհում նշվեց աշխատավորության տոնը։ Միջին ու բարձր տարիք ունեցող հայաստանցիների համար մայիսի 1–ն ասոցացվում է կոմունիստական անցյալի հետ։

Սովետական տարիներին հոմոսովետիկուսներին մայիսի 1–ին դուրս էին բերում «մայովկայի» (ՍՍՀՄ–ի վերջին տարիների «մայովկան» համաժողովրդական տոնի կարգավիճակ էր ստացել. երեխաներին տանում էին ման տալու, սովետական անորակ փուչիկներ էին նվիրում նրանց և օրվա վերջում մտերիմներով գնում էին կոլեկտիվ հայտերով հաց ուտելու)։

Կոմկուսի «բոսերը» և նրանց քարոզչամիջոցները համոզում էին, որ աշխատավոր մարդու համար ՍՍՀՄ–ը դրախտավայր է։

Սովետական բանվորը հերթերի մեջ ժամանակ էր կորցնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքտեսակների ձեռքբերման համար, իսկ երկրորդ անհրաժեշտության ապրանքները գնում էր «տակից», եթե իհարկե կողմնակի եկամուտ էր ունենում։ Բայց հեռուստատեսությամբ նրան ասում էին, որ ինքն աշխարհի ամենաերջանիկ բանվորն է։ Նույն այդ բանվորի սառնարանը դղդրդոցով էր աշխատում, քանզի անորակ էր, հեռուստացույցը «գլխին» կերած հարվածից հետո էր միայն ցույց տալիս, քանզի նույնպես անորակ էր։ Ժողովրդական ավտոմոբիլներ էին համարվում «Ժիգուլին», «Մոսկվիչը» և «Զապորոժեցը», բայց աշխատավորության ճնշող մեծամասնությունը հնարավորություն չունեին դրանք գնելու։

Հոմոսովետիկուսին համոզում էին նաև, որ պրոլետարիատն ամենալավ վիճակում է գտնվում ՍՍՀՄ–ում, քանզի հանդիսանում է առաջատար դասակարգը։ Միամիտներն ու անտեղյակները հավատում էին այդ պնդումներին, ցինիկները, անողնաշարները և կարիերիստները ցույց էին տալիս, թե հավատում են (այսօրվա ՀՀԿ–ականների պես), իսկ ահա կուսակցական վերնախավն ու լավատեղյակը գիտեին, որ դա բլեֆ է։

Եթե սոցիալական արդարություն կար, ապա դա այն էր, որ սովետական բանվորները հավասարաչափ աշխատավարձ էին ստանում ու իրենց արտասահմանյան կոլեգաների համեմատ հավասարապես ապրում էին դիսկոմֆորտի մեջ։

Բոլշևիկների կողմից «փտած» որակումը ստացած բուրժուական կամ կապիտալիստական կոչված երկրներում բանվորները շատ ավելի իրավունքներ ունեին, քան սովետական կուսնոմենկլատուրայի ներկայացուցիչները։

Սովետը փլվեց, ունեցանք անկախ Հայաստան։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ազդեցության տակ աշխատավորության մեծ մասն է՛լ ավելի վատ վիճակում հայտնվեց, քան համայնավարների օրոք։ Ապրանքային դեֆիցիտին փոխարինելու եկավ փողի դեֆիցիտը։

Շատ է խոսվում այն մասին, որ մեզ պետք են արհմիութենական շարժումներ, որպեսզի մենք կարողանանք անկախ Հայաստանում պաշտպանել աշխատուժի շահերը, սակայն չի նշվում, թե ո՞րն է արհմիութենական շարժումներ և ինստիտուցիոնալ կառույցներ ունենալու ճանապարհային քարտեզը։ Բարի ցանկությունները հաշիվ չեն։ Տրեդյունիոնիստական համակարգն իր կայացման փուլերն ունի և հնարավոր չէ թռիչքաձև ճանապարհով կամ վարչական որոշումներով շրջանցել այդ փուլերը։

Անշու՛շտ, անհրաժեշտ է աշխատուժի շահերի պաշտպանության օրենսդրաիրավական ու իրավակիրառական մեխանիզմներ ստեղծել, սակայն քանի դեռ բուրժուազիայի շահերը պաշտպանված չեն մեզանում և մշտապես առկա է սեփականության վերաբաշխման վտանգ, ամեն ինչ կմնա թղթի վրա։

Աշխատուժի շահերի պաշտպանությունն առանց մասնավոր սեփականության անձեռմխելիության ապահովման և այդ սեփականության պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման պարզապես հնարավոր չէ։

Միայն ազատ ու մրցակցային շուկայի պայմաններում կարելի է խոսել աշխատուժի իրավունքների պաշտպանության նախադրյալների ստեղծման մասին։

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ մենք այդ առումով լուրջ հետընթաց ենք ապրում։ Քանզի 2008–ից վարվում է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման քաղաքականություն, որը նեոբոլշևիկյան է իր բնույթով։

«Վերջի բոլշևիկը» խնդիր է դրել ցմահ իշխելու, իսկ այդ խնդրի լուծմանը հասնելու համար փորձ է արվում կենտրոնացնել մեր երկրի ֆինանսական հոսքերը և ամբողջ տնտեսությունը։ Իսկ դա նշանակում է, որ վտանգված են պետության լոկոմոտիվ հանդիսացող բուրժուազիայի բոլոր շերտերի, կամ որ նույնն է՝ Հայաստանի շահերը։

Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում խոսք անգամ չի կարող լինել աշխատուժի շահերի պաշտպանության մասին։ Եթե պաշտպանեն էլ այդ շերտի շահերը, էլի բուրժուազիայի ներկայացուցիչներն ու բուրժուազիայի քաղաքական գործընկներներն են պաշտպանելու, ինչպես որ դա տեղի ունեցավ, օրինակ, «կուտակայինի» հարցում։

Ուրեմն նախ բուրժուազիայի ու մասնավոր սեփականության պաշտպանություն, ապա նոր միայն արհմիությունների կայացում։ Սա՛ է աշխարհի փորձը և հակառակը պնդողները պարզապես դեմագոգներ են կամ անգրագետներ։

Այնպես որ լիարժեք մայիսի 1 մեր աշխատավորությունը կկարողանա մեզանում նշել, երբ կավարտվի «Վերջի բոլշևիկի» իշխանությունը և կունենանք մրցակցային տնտեսական ու քաղաքական համակարգեր։

Հայաստանը սովետական «գենսեկի» տիպի ղեկավար պահելու ռեսուրս չունի, որքան էլ որ Սերժ Սարգսյանը ձգտի դրան, և որքան էլ որ ՀՀԿ խոսնակը խանդավառված «ավետի» այդ ցանկության մասին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը