Խմբագրական

02.05.2014 18:10


ԽՄԿԿ–ից մինչև ՀՀԿ, Կրեմլից մինչև Մելիք-Ադամյան, «դհոլից» մինչև ջութակ

ԽՄԿԿ–ից մինչև ՀՀԿ, Կրեմլից մինչև Մելիք-Ադամյան, «դհոլից» մինչև ջութակ

Էդուարդ Շարմազանովի շուրթերով օրերս հայտարարվեց Հայաստանի օկուպացման ու վերացման ծրագիրը։ Սա ասում եմ առանց չափազանցության և առանց գույները խտացնելու։

ԽՍՀՄ–ը բոլորիս աչքի առաջ է փլուզվել, և շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած սահմանադրական «բարեփոխումները» Հայաստանը չի կարող մարսել։

«Պետության առաջնորդը հստակ ամրագրեց, որ այսօր և ապագա տասնամյակի համար որոշիչ է լինելու հենց Հանրապետականի ձայնը։ ... Եթե որևէ մեկը ուզում է, կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով։ ... Ապագա տասնամյակում ՀՀԿ-ն է լինելու ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը»,– Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերն էր «թարգմանում» Շարմազանովը։

Այսպիսով, պաշտոնապես հայտարարվեց, որ ընտրությունները վերացվում են, և դրանց փոխարինելու է գալիս Ս. Սարգսյանի ցանկությունը, ըստ որի՝ առաջիկա տասնամյակում ՀՀԿ–ին է վերապահված իշխող ուժի դերը։ Դե, իսկ ժողովրդի առաջնային մանդատ ունեցող ինստիտուտները (նախագահական և ԱԺ) տեղակայված են լինելու ոչ թե Բաղրամյան, այլ Մելիք-Ադամյան փողոցում։

Փաստորեն, քաղաքական դաշտում հիմնականում «դհոլների» միջոցով իր ընդդիմախոսների հետ կռիվ տվող Ս. Սարգսյանը ՀՀԿ խոսնակի միջոցով հայտարարում է թիվ մեկ ջութակ դառնալու իր հավակնությունների մասին։

Շարմազանովը նշեց նաև, որ սահմանադրական փոփոխություններով ներդրվելու է հորիզոնական ու ցանցային հարաբերությունների համակարգ, որտեղ նվազելու է մեկ մարդու դերը, և բարձրանալու է կուսակցության դերը։ Ավելի պարզ լեզվով ասած՝ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ուզում է ունենալ անսահմանափակ իշխանություն և միաժամանակ զրոյական պատասխանատվություն՝ թաքնվելով ՀՀԿ–ի հետևում և հանրությանը դեմ տալով Գագիկ Հարությունյանի տիպի նշանակովի նախագահներ կամ Տիգրան Սարգսյանի տիպի կամակատար վարչապետեր։

Հորիզոնական կամ ցանցային հարաբերությունների մասին ձևակերպումները «Գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված էժանագին և սիրված կոդերից են, որոնց իմաստը քաղաքական կյանքի ապաքաղաքականացումն է կամ, այլ կերպ ասած, Հայաստանի անասնաֆերմայացումը։

Եվ այսպես, «Վերջի բոլշևիկը» ոչ միայն չի ուզում հեռանալ պետական կառավարման համակարգից ու քաղաքականությունից, այլ թաքնվելով «Ժողովու՛րդ ջան, ես հեռանում եմ, միայն թե օգնեք` Սահմանադրությունը փոխեմ, որ հետո հանգիստ հեռանամ» կեղծ խոստում–բանաձևի տակ ձգտում է ցմահ իշխանության։

Թե ինչով կարող է ավարտվել այդպիսի ձգտումը, դժվար չէ գլխի ընկնել՝ վերհիշելով ոչ վաղ անցյալում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, որոնց մասնակից էինք նաև մենք։

«Կուսակցությունը ես եմ»

Կուլիսային ինտրիգների միջոցով վերցնելով իշխանությունը՝ մարտնչող միջակության տիպիկ ներկայացուցիչ Իոսիֆ Ստալինը 1936թ. ԽՍՀՄ սահմանադրության 126 հոդվածում ամրագրեց կոմունիստական կուսակցության մոնոպոլ ու ղեկավարող դերը պետական և հասարակական կյանքում։ Դրանից հետո՝ 1937թ.–ին, արդեն սկսվեցին զանգվածային ռեպրեսիաները, որոնց զոհ գնացին միլիոնավոր մարդիկ։

Ստալինը կոմունիստական կուսակցության դերի բարձրացման տակ, բնականաբար, նկատի ուներ սեփական դերի բարձրացումը, քանզի մինչև այդ իրենով էր արել Կոմկուսը՝ այն վերածելով մեկ մարդու որոշումները դակող կազմակերպության։

«Կա տեսակետ»։ Իր առաջարկություններն այսպես էր ներկայացնում Ստալինը։ Պոլիտբյուրոյում բոլորն էլ գիտեին, որ դա ոչ թե կոլեգիալ, այլ անհատական տեսակետ է։ Բայց ձևացնում էին, թե մասնակցում էին կոլեգիալ կառավարմանն ու կողմ քվեարկում Ստալինի առաջարկներին։

Սերժ Սարգսյանն էլ է այդ ոճով կառավարում։ Դրա համար ՀՀԿ–ում որևէ մեկը չի փորձում սեփական տեսակետը ներկայացնել, քանզի այդպիսին գոյություն չունի։ Տիգրան Սարգսյանը միայն իր հրաժարականից րոպեներ առաջ է իմանում, որ դրանից ամիսներ առաջ է ուզեցել հեռանալ, սակայն առաջարկել են սպասել ՍԴ–ի որոշմանը։ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելն իր համար անակնկալ է եղել։ «Ֆուտբոլային» դիվանագիտության մասին ՀՀԿ–ականներն իմացել են լրատվամիջոցներից։ Նույն Գալուստ Սահակյանը մինչև անցած տարվա սեպտեմբերի 2–ը համոզված էր, որ ՀՀ–ն ասոցացվում է ԵՄ–ի հետ, իսկ հիմա նա ՄՄ–ի հետ ինտեգրվելու ջերմեռանդ պաշտպան է։ Եթե պետք լինի, ապա ԱԺ նորանշանակ նախագահը կմասնակցի թուրքալեզու ժողովուրդների կոնֆերանսին. նայած թե Սարգսյանի «նախաձեռնողականությունն» այդ պահին որ ուղղությամբ է։

«Գեբելսյան» քարոզչամեքենայի ամենափոքրիկ պտուտակն ավելի ինֆորմացված է Սերժ Սարգսյանի ծրագրերից, քան ՀՀԿ–ի ճնշող մեծամասնությունը, քանզի «Գեբելսյան» քարչոզչամեքենան և այն կառավարող երիտօլիգարխիան են Սարգսյանի իրական թիմը, այլ ոչ թե անդեմ մարդկանց այն խումբը, որը լուրջ դեմքով գալիս է ՀՀԿ գրասենյակ՝ իմանալու համար, թե իր անունից ինչ որոշումներ են կայացվելու։

«Թալանե՛ք՝ որքան կարող եք, միայն թե կուստոմսեր ունեցեք ձեր գրպաններում»

Ստալինին ԽՍՀՄ ղեկավարի աթոռից բաժանեց միայն նրա մահը։ Դրանից հետո այդ ավանդույթը գրեթե չէր խախտվում։

Միակուսակցական ԽՍՀՄ–ում միայն Նիկիտա Խրուշչովը հեռացավ իշխանությունից իր կենդանության օրոք (տեղի ունեցավ ներիշխանական հեղաշրջում)։ Մնացածները Կրեմլից հեռանում էին բացառապես հորիզոնական դիրքում՝ դագաղի մեջ պառկած տարբերակով։ Այդպես եղավ Բրեժնևի, Անդրոպովի և Չեռնենկոյի դեպքերում։

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովն էլ Խրուշչովի պես իշխանությունից զրկվեց ոչ իր մահվան պատճառով, սակայն դա առանձնահատուկ դեպք էր, քանզի իշխանությունից հեռացումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դադարեց ԽՍՀՄ գոյությունը։

Ի դեպ, Խրուշչովին իշխանության մեջ փոխարինած Լեոնիդ Բրեժնևի իշխանության օրոք ԽՍՀՄ սահմանադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվեցին (1977թ.)։ Մասնավորապես, 6–րդ հոդվածում ԽՄԿԿն հռչակված էր որպես սովետական հասարակությանն ուղղորդող և առաջնորդող ուժ։

Բրեժնևի օրոք, ճիշտ է, ռեպրեսիաները անհամեմատ քիչ էին, քան Ստալինի ժամանակ, սակայն, միևնույն է, երկիրը կառավարվում էր հետադիմական մեթոդներով, քանզի քաղաքական ու տնտեսական մրցակցության բացակայությունը պարզապես քայքայում էր հսկայական ռեսուրսներ ունեցող այդ համակարգը։

Բրեժնևի կառավարման շրջանում ԽՄԿԿ–ին անդամակցելը կանաչ լույս էր վառում կուսնոմենկլատուրայի մեջ հայտնվածների համար կոռուպցիայով զբաղվելու և կաշառակերությամբ հարստանալու համար։

Ըստ էության, հայտարարվեց, որ կուսակցական կարիերա անելու և պաշտոնական առաջխաղացման հասնելու ճանապարհն ուղիղ անցնում է Կրմելով (Շարմազանովը նույն բանն է ասում, պարզապես Կրեմլի փոխարեն մարդկանց ուղղորդում է դեպի Մելիք-Ադամյան փողոց, քանզի Կրեմլում կարիերա անելու մենաշնորհը, Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տալուց հետո, վերապահված է միայն Սերժ Սարգսյանին՝ դե, իհարկե, Զորի Բալայանի գաղափարական աջակցությամբ)։

Բերեժնևյան պարտոկրատիան հորիզոնական ու ցանցային թալանի համակարգ էր:

«Թալանե՛ք՝ որքան կարող եք, միայն թե գրպաններումդ կուստոմս ունեցեք»։ Ահա՛ այն կարգախոսը, որն առաջարկում էր Բրեժնևը։

Համանման մի բան առաջարկում է սեփական կուսակիցներին նաև Սերժ Սարգսյանը, ով հայտարարում է, թե քաղաքական կյանքին կմասնակցի ՀՀԿ–ի գրասենյակում նստած՝ ցմահ «գենսեկի» կարգավիճակով՝ նախապես հարմարեցնելով ՀՀ սահմանադրությունն իր ծրագրերին։

ԽՄԿԿ–ից մինչև ՀՀԿ

Երբ մենք տարիներ շարունակ գրում էինք, որ Սերժ Սարգսյանը վարում է նեոբոլշևիկյան քաղաքականություն, մեզ մեղադրում էին, թե, իբր, անհիմն պիտակավորման ենք ենթարկում Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը։

Կային մարդիկ, ովքեր կարծում էին, թե մենք պարզապես անձնական վիրավորանք ենք հասցնում Սերժ Սարգսյանին՝ նրան նեոբոլշևիկ անվանելով։

Այժմ արդեն գլխի մեջ ուղեղի փոխարեն խառը կանաչի ունեցողների համար էլ է պարզ, որ մենք ոչ թե անհիմն պիտակավորում ենք, այլ տալիս ռեժիմի քաղաքական դիագնոզը։

ԵԿՄ ցմահ նախագահ Մանվել Գրիգորյանի տված բնորոշումն այդ կառույցի համագումարի ժամանակ շատ խորհրդանշական ստացվեց։

Ճամբարափոխության դիմաց գեներալի կոչում ստացած այդ մարդն, անշու՛շտ, «Վերջի բոլշևիկ» է անվանել Սերժ Սարգսյանին քծնելու, այլ ոչ թե պիտակավորելու նպատակով։

Գեներալը չի խորացել, թե ինչ է ասում։ Տվյալ դեպքում գործ ունենք նրա ենթագիտակցության հետ։ Իսկ Մ. Գրիգորյանի ենթագիտակցության մեջ բոլշևիկը լավ ու բարձր բան է, և եթե այդ լավ բանի վերջինը համարես Սերժ Սարգսյանին, ապա քեզ համար էլ լավ կլինի։

Ըստ ամենայնի՝ Սարգսյանի մոտ էլ աշխատեց ենթագիտակցությունը, և նա ահագին ուրախացավ, երբ իրեն «Վերջի բոլշևիկ» անվանեցին։

Նկատենք, որ Սարգսյանի նեոբոլշևիզմը բոլշևիզմից տարբերվում է նրանով, որ ՀՀԿ ղեկավարը դեմ չէ մասնավոր սեփականության ինստիտուտի գոյությանը, բայց պայմանով, որ այլոց մասնավոր սեփականությունը պետք է ուղղակի (փայ մտնելով կամ խլելով) կամ անուղղակի (հարկային տեռորի միջոցով) տնօրինվի պետության (իշխանության) կողմից։

Սարգսյանական նեոբոլշևիզմը մեկ այլ կետով էլ է տարբերվում բոլշևիզմից։ Եթե բոլշևիկները սկզբում անկեղծորեն, իսկ հետագայում` ձևականորեն ընդունում էին մարքսիզմը և պաշտում այն՝ Մարքսի «Կապիտալը» վերածելով Աստվածաշնչի, ապա «Վերջի բոլշևիկն» ու իր թիմակիցները երկրպագում են միայն փողին։

Փո՛ղն է այս իշխանության աստվածը։ Բոլորն էլ հասկանում են, որ ՀՀԿ–ն ու դրա ղեկավարը նույնքան կապ ունեն Նժդեհի գաղափարախոսության հետ, որքան Ստալինը՝ հումանիզմի։

Եթե հանգամանքներն այլ կերպ դասավորված լինեին, ապա երիտբոլշևիկ Ղուկաս Ղուկասյանը կարող էր դառնալ իշխող ուժի խորհրդանիշը, ինչն, ի դեպ, շատ ավելի հոգեհարազատ կլիներ Սարգսյանին ու իրեն կցված երիտօլիգարխիային։

Բոլշևիկյանից սերժսարգսյանական այս համակարգը տարբերվում է նաև այն բանով, որ ոչ թե մեկ կուսակցության դիկտատուրա է փորձ արվում հաստատել, այլ մեկ խմբի՝ օլիգարխիայի։ Կուսակցությունը ֆորմալ առումով գաղափարախոսություն է պահանջում, իսկ ահա այս օլիգարխիան նման «թիթիզ» բաների հետևից ընկնելու կարիք չունի։ ՀՀԿ–ն տվյալ դեպքում կուսակցական շղարշի դեր է կատարում Ս. Սարգսյանի գլխավորած օլիգարխիայի համար։

«Կուսակցությունն ու պետությունը ես եմ»

Սարգսյանը Սահմանադրությունն ուզում է փոխել այնպես, որ խորհրդարանում հայտնվեն միայն մեծամասնական տարածքներում վխտացող լիսկաները, իսկ թե ով կլինի նշանակովի նախագահի ու վարչապետի պաշտոնում, երկրորդական հարց է դառնում։ Շարմազանովը հենց այդ նոր քաղաքական իրավիճակի հասունացման մասին էր խոսում։

Սարգսյանն ուզում է սովետական «գենսեկի» կարգավիճակով կառավարել ԱԺ–ն ու որևէ պատասխանատվություն չկրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Նա ուզում է իրավունքներն իրեն պահել, իսկ պարտականություններով օժտել նշանակովի պաշտոնյաներին ու ողջ հասարակությանը՝ հենվելով օլիգարխիայի վրա։ Ասել է թե՝ մեզ ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդայի՛ն (սովետական) կառավարման մոդել են առաջարկում։ Իսկ դրանք տարբեր բաներ են։

Ունի՞ արդյոք Հայաստանը Ս. Սարգսյանի ախորժակը բավարարելու ռեսուրս։ Իհա՛րկե չունի։

Հսկայական ԽՍՀՄ–ն ընդամենը 70 տարի դիմացավ միակուսակցական դիկտատուրային ու «բեսպրեդելին»։ Փոքրիկ Հայաստանը չի կարող ՀՀԿ–ի անվան տակ միանձնյա իշխանության ձգտող Սարգսյանին պահել ու միաժամանակ մրցել Ադրբեջանի հետ։ «Սառը» պատերազմում մենք այդպիսի համակարգով պարզապես կպարտվենք։

Եվ ուրեմն, Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական շարժումները և անհատները պետք է միավորեն իրենց ջանքերը Հայաստանի օկուպացման ու ոչնչացման ծրագրի խափանման համար։

Միասնական պայքար մղելն այլընտրանք չունի։ Դրված է Հայաստանի լինել–չլինելու հարցը։ Իսկ նման հարցի համեմատ՝ անձնական հարաբերություններն ու ինչ–ինչ տարաձայնությունները պետք է մղվեն հետին պլան։

Հաջողության հասնելու համար միասնություն և ոչ ստանդարտ լուծումներ են պետք։ Մնացածը տեխնիկայի հարց է։

Հայաստանը դատապարտված է հաղթանակի։ Կասկածողները թող կրկնեն Շարմազանովի խոսքերը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը