Մեկնաբանություն

03.05.2014 13:59


ՀՀԿ–ն Գարեգին Նժդեհի ու Անաստաս Միկոյանի արանքում (տեսանյութ)

ՀՀԿ–ն Գարեգին Նժդեհի ու Անաստաս Միկոյանի արանքում (տեսանյութ)

Երևանում ուզում են տեղադրել ԽՍՀՄ տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Անաստաս Միկոյանի արձանը։ Ստալինի ու Բրեժնևի սահմանադրությունների վերականգնմանը ձգտող Սերժ Սարգսյանի պարագայում դա զարմանալի չէ։

Միկոյանն իր ժամանակաշրջանի տիպիկ ներկայացուցիչ էր։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1937թ. ռեպրեսիաներին։

Վլադիմիր Իլյիչ Լենինից մինչև Լեոնիդ Իլյիչ Բրեժնև նա կարողացել է ողջ մնալ, ինչը քչերին էր հաջողվել։

Ամբողջ աշխարհին Միկոյանը հայտնի է որպես Կարիբյան ճգնաժամի հանգուցալուծման հարցում կարևոր դերակատարում ունեցած ֆիգուր։ Խրուշչովը նրան նշանակել էր Կուբայի հարցով բանակցող կողմ։ Ու Միկոյանը կարողացավ պատվով դուրս գալ ճգնաժամից և կանխել խոշոր բախումը ԱՄՆ–ի ու ԽՍՀՄ–ի միջև։

Իր այդ առաքելությունը հաջող իրականացնելու համար Միկոյանը համարվում է 20–րդ դարի լավագույն մենեջերներից և բարձրակարգ բանակցողներից մեկը։

Մի խոսքով, Ա. Միկոյանը հակասական կերպար էր։ Նրա մասին կարելի է և՛ լավը գրել, և՛ վատը։ Բայց նա ոչ թե հայկական միջավայրի գործիչ էր, այլ սովետական։

Թե ինչու են հիմա որոշել տեղադրել սովետական պետության թեկուզև ազգությամբ հայ պաշտոնյայի արձանը, կարող են պատասխանել միայն Սերժ Սարգսյանն ու նրա մտքերի թարգման Զորի Գայկովիչը։ Չէ՞ որ նրանք են Կրեմլին հաճոյանալու «կրեատիվ» մոտեցումների սիրահար։ Սկզբում Գյուլիստանն էր, հիմա էլ Միկոյանի արձանի միջոցով են ուզում ասել, որ հոգով-սրտով Սովետ են ուզում։

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանն այժմ հայտնվել է իր բնական վիճակի մեջ։ Չի բացառվում, որ Միկոյանը Սարգսյանի թաքնված կուռքն է եղել. պարզապես «արևմտամետության» փուլում նա չէր կարող իր կուռքերի արձանների մասին մտածել։ Իսկ հիմա այլ վիճակ է, և Սարգսյանը համատեղում է հաճելին օգտակարի հետ։ Հաճելին իր կուռքերին հարգանքի տուրք մատուցելն է, իսկ օգտակարը՝ Կրմելին քծնելը։

Իսկ այն, որ Միկոյանը «Վերջի բոլշևիկի» կուռքերից է, կասկածի տեղիք չի տալիս։

Ինչպես հայտնի է, Միկոյանը տարիներ շարունակ հաջողացրել է Կրմելի առաջին դեմքերի հետ լեզու գտնել ու մնալ աթոռին։ Իսկ դա արդեն լուրջ պատճառ է, որ Սերժն ուզենա Միկոյանի արձանը տեղադրել։

Ի դեպ, Սարգսյանի կենսագրությունն աթոռին մնալու առումով հիշեցնում է Միկոյանինը, բայց` փոքր մասշտաբներով։

ՀՀ անկախության սկզբից մինչև հիմա նախկին կոմսոմոլեցը կարողացավ մնալ աթոռին՝ տարբեր ժամանակահատվածներում դառնալով օրվա իշխանության «մարդը»։

2008ից հետո Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի պաշտոնում և ամբողջությամբ բացահայտեց իր դեմքը։ Պարզվեց, որ նա ամենա–ամենան երևալու մոլուցքով է տառապում և լրջագույն կոմպլեքսներ ունի։ Նախկինում նա չէր խոսում, ու շատերը կարծում էին, թե նա իմաստուն է, սակայն խոսեց, և ամեն ինչ թարս բուսնեց։ Շատերը նորովի են բացահայտում Սերժ Սարգսյանին, բայց դա արդեն այլ պատմություն է։

Հիմա Սարգսյանն ուզում է Միկոյանի արձանը կանգնեցնել։ ՀՀԿ ղեկավարի մոտ տվյալ դեպքում ենթագիտակցականն է աշխատում։ Նա անուղղակիորեն սեփական արձանն է կանգնեցնում, քանզի Միկոյանի մոտ Սարգսյանը գնահատում է աթոռին մնալու և Կրեմլի առաջին դեմքերի հետ լեզու գտնելու կարողությունը։

Ի դեպ, եթե վերջնականապես որոշեն Միկոյանի արձանը կանգնեցնել, ապա ճիշտ կլինի, որ այն տեղադրվի Մելիք–Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի դիմաց։ Չէ՞ որ Շարմազանովի բերանով հայտարարվեց, որ առաջիկա տասնամյակում Հայաստանի պետական կառույցները ստորադասվելու են ԽՄԿԿ–ՀՀԿ–ին։

Միկոյանի արձանը «կակռազ» կխորհրդանշի նժդեհյան համարվող ՀՀԿ–ից դեպի բոլշևիկյան ԽՄԿԿ–ին անցումը։ Մանավանդ որ Միկոյանը դեմքով նման է Նժդեհին, և ով ինչպես ուզի, այնպես էլ կընկալի արձանը։ Համ էլ նմանությունը հնարավորություն կտա Սարգսյանի սիրած «և, և»–ը խաղալ ու պետք եղած դեպքում կտրուկ շրջադարձեր կատարել։

Կարեն Հակոբջանյան

Նկարում ձախից աջ՝ Անաստաս Միկոյանը, Իոսիֆ Ստալինը և Սերգո Օրջոնիկիձեն։

Կից տեսանյութում կարելի է ծանոթանալ Անաստաս Միկոյանի մատուցմամբ սովետական պրոպագանդայի ու սովետական տեռորի խտացված տարբերակը։ Նա դրական է գնահատում այն, որ երեխան իր ծնողի դեմ մատնություն է գրել, ու առաջարկել գնդակահարել հորը։

Այս խորագրի վերջին նյութերը