Մեկնաբանություն

03.05.2014 15:23


Այդ ո՞ւր առանց ծաղիկ

Այդ ո՞ւր առանց ծաղիկ

Տիգրան Սարգսյանը հայտնվել է «Հայկական աշխարհում»։

«Yerkir.am»–ի տեղեկություններով՝ նախկին վարչապետն իր ընտանիքի հետ միասին Հայաստանում չէ։ Ըստ կայքի աղբյուրների՝ արդեն տևական ժամանակ է, ինչ նրա ընտանիքի մի մասը բնակվում է Տիգրան Սարգսյանի Իսպանիայի առանձնատանը, իսկ մյուս մասն այս պահին բնակվում է Բրյուսելում:

Պարզվում է, որ ոչ միայն Տիգրան Սարգսյանն է իրերը հավաքում, այլ նաև նրա փեսան՝ Հայկ Սուվարյանը, ով, «Yerkir.am»–ի փոխանցմամբ, այս օրերին ակտիվ կերպով լուծարում է Հայաստանում ունեցած տարբեր բիզնեսները: Օրինակ` օրերս փակվել են Հայկ Սուվարյանին պատկանող «Նիքս քոմփյութերս» խանութների ցանցի գրեթե բոլոր խանութները, բացի Սայաթ-Նովա փողոցում գտնվող խանութ-պահեստից: Այդտեղից էլ շտապ կարգով ամբողջ ապրանքը մեծածախ վաճառվում է, որ այն էլ փակվի: Այս խանութների աշխատակիցներին կանչել ու հայտնել են, որ մայիսի 1-ից այլեւս գործազուրկ են:

Փաստորեն, Տիգրան Սարգսյանը «թռնում» է։ Մեր երկիրը միլիարդավոր դոլարների չափով պարտքի տակ գցած, աննախադեպ ծավալների բյուջետային «ատկատներ» արած, բիոզուգարանների ու «տեխնոպարկերի» միջոցով օստապբենդերիզմով զբաղված, օֆշորային մեքենայությունների մեջ ներգրավված և այլ ապօրինություններով աչքի ընկած «տիրացուն» խուսափում է քրեական պատասխանատվությունից։

Սա շատ վատ նախադեպ է։ ՀՀ անկախության տարիներին պաշտոնյաների մեծ մասն աչքի է ընկել թալանով, բայց 2008–ից այս կողմ այդ թալանը հասավ աննախադեպ չափերի։ Տիգրանն այդ թալանի խորհրդանիշն է։ Ճիշտ է, նա միայնակ չի արել, բայց, կրկնում եմ, նա խորհրդանիշն է, և այդ խորհրդանիշը պետք է դատվի։

Միայն գազի գնի ու Որոտան ՀԷԿ–ի վաճառքի հետ կապված պատմությունը հերիք է, որ նա երկար ժամանակով վերածվի «Տիկոշենկոյի»։

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին արգելել է Տիգրան Սարգսյանի թողած ժառանգությունից դժգոհել և վերջինիս գործունեությունը քննադատել։ Բայց դա նշանակում է, որ Տիգրանի արածների համար պատասխան պետք է տա Հովիկը։

Արդյոք շատ խելք պե՞տք է հասկանալու համար, որ ուրիշների եփած «բորշը» չարժե ուտել։ Եթե Հովիկ Աբրահամյանը չի ուզում որոշ ժամանակ անց դառնալ քավության նոխազ և պատասխան տալ ուրիշների ձախողումների համար, ապա պետք է բացահայտի Տիգրանի արածները և հրապարակայնացնի կառավարության գաղտնի որոշումները։

Միևնույն է, վաղ թե ուշ Տիգրանը հայտնվելու է դատարանի դահլիճում և մանրամասն պատմելու է ամեն ինչ։ Հետևաբար՝ Հ. Աբրահամյանը լավ կանի հենց հիմա պատմի, թե ինչ է արվել վերջին վեց տարիների ընթացքում, այլապես հետագայում կընկնի իմանալ–չհայտնելու հոդվածի տակ։

Ինչ մնում է Տիգրանին, ապա հետաքրքրիր է, թե արդյոք նա մեկնելիս իր հետ ծաղիկներ վերցրե՞լ է։ Չէ՞ որ «Հայկական աշխարհում» նրան ահագին մարդ կարող է դիմավորել, քանզի նրա վարչապետության շրջանում շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացի է արտագաղթել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը