Մեկնաբանություն

04.05.2014 10:05


«Նոր» կառավարություն, հին դեմքեր և «տուժածներ»

«Նոր» կառավարություն, հին դեմքեր և «տուժածներ»

«Լավ չմոռացված հինը» ամբողջացավ: Ձեւավորվեց նոր կառավարությունը:

18 գերատեսչություններից 10-ի ղեկավարները վերանշանակվեցին: Այսինքն՝ նախկին վարչապետի կաբինետի 10 նախարարները մնացին տեղերում՝ պահպանելով իրենց պորտֆելները:

Դժվար է ասել, թե նախարարական պաշտոն ստացած մնացած 8-ը նոր ու թարմ դեմքեր են, քանի որ անցած տասնամյակներում նրանք եւս եղել են կառավարման այս կամ այն «ֆրոնտում»: Համեմատաբար նոր են Սպորտի և Առողջապահության նորանշանակ նախարարները։

Զարմանալին այն է, սակայն, որ նման կառավարության կազմ ձեւավորելու համար Սերժ Սարգսյանից պահանջվեց 20 օր, մինչդեռ եթե 18 նախարարություններից 10-ում նույն նախարարները վերանշանակվեցին։ Նման «նոր» կառավարության ձեւավորման համար մի քանի օրն էլ բավական էր:

Իհարկե, «շատ ուժեղ տուժածների» շարքին կարելի է դասել քաղաքաշինության նախկին նախարարին, որը նախարարական պորտֆելը պահելու համար հեռացավ ՕԵԿ-ից, բայց ի տարբերություն արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարների, որոնք նույնպես դադարեցրին անդամակցությունը ՕԵԿ-ին՝ Սամվել Թադեւոսյանը չվերանշանակվեց:

Դե, ոչինչ, հիմա կարող է հանգիստ իր գործով զբաղվել՝ անասնաբուժությամբ, քանի որ մասնագիտությամբ անասնաբույժ է (երեւի միայն մեր երկրում է հնարավոր անասնաբույժին վստահել քաղաքաշինական ոլորտը):

Սոցիալական ցանցերում ոմանք սկսեցին ողբալ «ճաք տված» Հրայր Թովմասյանի արդարադատության նախարարի պաշտոնում այլեւս չլինելու փաստը, ասելով, թե նա «ուժեղ, բանիմաց մասնագետ է, լավ իրավաբան»: Չգիտենք, մասնավոր ԲՈՒՀ ավարտածը որքանո՞վ կարող է «գերպրոֆեսիոնալ» լինել, երբ իրապես լուրջ մասնագետները նրան համարում են միջակ, միջակից էլ ցածր մասնագետ: Ինչեւէ:

«Շատ ուժեղ տուժածների» շարքին կարելի է դասել նաեւ սպորտի եւ երիտասարդության արդեն նախկին նախարար Յուրի Վարդանյանին: Մարդը, Սերժ Սարգսյանի հետ լուրջ հույսեր կապելով, թողեց Ամերիկան եկավ, բայց հիմա խնդրեմ՝ դարձավ գործազուրկ: Դե, ոչինչ, վերջապես ժամանակ կունենա զբաղվել սեփական երեխաների դաստիարակությամբ, որոնցից մեկն, ինչպես հայտնի է թմրանյութերի առքուվաճառքի գործով հիմա բանտում է: Կամ էլ նորից կվերադառնա ԱՄՆ ու կդառնա թունդ ընդդիմադիր: Բաց է մնում միայն այն հարցը, թե հիմա ում ենք «ի ցույց դնելու» բակերում ու փողոցներում։ Ախր բոլորը չեն «կենդանի լեգենդներ»։

Ինչ-որ նախարարություններ ու կառավարությանն առընթեր կոմիտեներ էլ միացրին իրար՝ անունը դնելով կառուցվածքային փոփոխություններ:

Դե, հիմա էլ պետք է սպասենք «նոր» կառավարության նոր ծրագրին, որի բովանդակությունն արդեն պարզ է, քանզի ի սկզբանե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին հրահանգեց շարունակել Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները»:

Այսինքն՝ նոր ծրագրից էլ սպասելիքներ չկա:

Իսկ ընդհանրապես, այս ամենը հանրությանն ընդհանրապես չի հետաքրքրում: Հանրությունը արդեն վեց տարի ոչ մի սպասելիք չունի այս իշխանությունից ու նրա համար լրիվ միեւնույն է, թե ով գնաց, ով մնաց:

Սերժ Սարգսյանը դեռ կա, մնում է եւ դա հերիք է, որ ոչ ոք որեւէ դրական սպասելիք չունենա:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը