Լրահոս

04.05.2014 13:51


Վրաստանում շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Վրաստանում շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

«Վարչական իրավախախտումների» Կոդեքսում ապրիլի 28-ին մտցված փոփոխությունների համաձայն՝ իրավապահպան մարմինների ներկայացուցիչներին չհնազանդվելը կամ դիմադրության ցուցաբերումը կենթարկվի 400-2000 լարիի չափով տուգանքի:
Ապրիլի 28-ին Ժնևում կայացել է «Կտտանքների վերացման» հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի նիստի ընթացքում կայացան իշխող մարմնի՝ հանձնաժողովի Բյուրոյի ընտրությունները: Ընտրությունների արդյունքների համաձայն՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վրաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գիորգի Տուղուշին: Հիշեցնենք, որ Գիորգի Տուղուշիի՝ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում եղած ժամանակ հանրությանը հայտնի դարձավ վրացական բանտերում բանտարկյալների հանդեպ պարբերաբար գործադրված կտտանքների և ծաղրանքների մասին:
Ապրիլի 28-ին «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ կուսակցությունից թեկնածուների նախընտրական ցուցակներում չեն ներառվի այն մարդիկ, ովքեր եղել են «Ազգային շարժում» կուսակցության անդամներ: «Շուտով մեր կուսակցությունը կներկայացնի համամասնական և մեծամասնական պատգամավորների ցուցակները: Ուսումնասիրվում են շատ թեկնածուներ: Մինչդեռ ուզում եմ մեծ պատասխանատվությամբ հայտնել, որ «Ազգային շարժման» մարդիկ չեն ներառվի մեր ցուցակներում», -հայտարարել է Կախա Կալաձեն:
Փորձագետ Ելենա Խոշտարիայի խոսքերի համաձայն՝ «այն դեպքում, եթե Խորհրդարանը չընդունի հակախտրական օրենքը, ապա դա կլինի հակաեվրոպական և հակապետական քայլ»: Հիշեցնենք, որ ամբողջ շաբաթվա ընթացքում երկրում ակտիվորեն քննարկվում էր հակախտրականության օրինագիծը, որի ընդունման դեմ ներկայացավ վրաց եկեղեցու Պատրիարքարանը՝ հայտարարելով, որ տվյալ օրիանգիծը մեծ սպառնալիք է ներկայացնում Վրաստանի համար: «Օրենքներ ընդունելը Պատրիարքարանի արտոնությունը չէ: Եկեղեցին չպետք է թելադրի երկրին՝ ինչ օրենք ընդունել, ինչը՝ ոչ: Հակախտրական օրինագիծը Վրաստանի եվրաինտեգրացիային ուղղված երկարաժամկետ հեռանկար է, և տվյալ օրիանգծի քննադատումը տեղին չէ: Հակախտրականության օրենքը, առաջին հերթին, նշանակում է, որ երկիրն արգելում է ըստ այս կամ այն նշանի մարդկանց միջև խտրականություն ցուցաբերելը: Կլինի Վրաստանը Եվրոպայի մեջ, թե՞ ոչ, այդ արժեքը՝ խտրականության արգելքը, միևնույնն է, պետք է ընդունվի: Չէ՞ որ մենք ուզում ենք ապրել արդար և ժողովրդավարական երկում: Բացի դրանից այդ օրենքի ընդունումը մեր պարտականությունն է Եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին: Եթե մենք ուզում ենք, որ Եվրոպան մեզ պաշտպանի, մենք պետք է եվրոպացիներին հասկացնենք, որ մենք այն նույն արժեքների կրողներն ենք, ինչ նրանք, և որ մենք պատրաստ ենք, ոչ միայն չխախտել տարբեր խմբերի իրավունքները, այլև պաշտպանել դրանք: Այդպիսով, եթե մենք հրաժարվենք այդ օրենքն ընդունելուց, ուրեմն մենք հրաժարվում ենք Եվրոպայից: Եկեղեցին սկզբունքորեն պահանջում է, որպեսզի իրեն իրավունք տրվի ուժ գործադրել այլ խմբերի հանդեպ: Մենք, փոխանակ խելք սովորեցնենք եկեղեցուն, ընդհակառակը, փորձում ենք արդարացնել որոշակի խմբերի, ասելով, որ «ոչ, գիտե՞ք, նրանք այնքան էլ վատը չեն և պետք է չէ նրանց քննադատել, նրանց ևս կարելի է որոշակի իրավունքներ տալ…»: Եկեղեցին մեզ առաջարկում է ստեղծել այնպիսի հասարակություն, պետություն, որտեղ մի խումբը իրավունք կունենա բռնություն գործադրելու այլ խմբերի նկատմամբ: Դա անընդունելի է», -հայտարարել է փորձագետ Ելենա Խոշտարիան:
Ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահը անցկացրել է եռակողմ հանդիպում Վրաստանի և Ուկրաինայի նախկին նախագահների հետ: Ինչպես հայտնում են Ադրբեջանի նախագահի վարչությունում հանդիպման ընթացքում քննարկվել են «կարևոր շրջանային հարցեր, ինչպես նաև երկրների միջև համագործակցության հարցեր»: Միևնույն ժամանակ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել բաքվի հանդիպումը՝ հենվելով այն բանի վրա, որ Վրաստանի նախկին նախագահը ազատ մարդ է և իրավունք ունի հանդիպելու ում հետ ցանկանում է, և երբ ցանկանում է:
Ապրիլի 28-ին Վրաստանի Պաշտպանության նախարարը գործնական այցով ուղևորվել է ԱՄՆ: Գործնական այցի շրջանակներում Իրակլի Ալասանիան անցկացրել է հանդիպումներ ԱՄՆ-ի գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև սենատորների և կոնգրեսականների հետ: Այցի ընթացքում Պաշտպանության նախարարը նաև ելույթ է ունեցել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կոնֆերանսի ժամանակ, որտեղ քննարկվել է Վրաստանի՝ եվրո-ատլանտյան ալյանսում ինտեգրվելու հարցը:
«Մենք ոչ մի դեպքում չենք օգտագործի վարչական ռեսուրսը ընտրությունների ընթացքում: Մենք արդեն փորձ ունենք, մենք անցկացրել ենք նախագահական ընտրություններ, որը օրինակ է դարձել շատ երկրների համար: Այդպես կանցկացնենք նաև տեղական ինքնակառավարման ընտրությունները: Խոստանում ենք, որ չենք օգտագործի վարչական ռեսուրսը: Մեզ դա պետք չէ», -ապրիլի 29-ին հայտարարել է Կախա Կալաձեն:
Ապրիլի 29-ին ներկայացրած օրինագծի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության Խորհուրդը կդառնա երկպալատ: Մասամբ կստեղծվի Մոնիտորինգի Խորհուրդ, որի նպատակնը կլինի ղեկավարող խորհրդի վերահսկումը: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Մոնիտորինգի խորհրդի ստեղծումը պետք է բացառի խախտումների հնարավորությունը և Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից լիազորությունների գերազանցումը, իսկ մյուս կողմից պետք է աջակցի հեռուստաընկերության աշխատանքի արդյունավետության բարելավմանը: Օրինագծի հեղինակներն են՝ Գիա Ժորժոլիանին, Նուկրի Քանտարիան, Իրակլի Չիքովանին և Զվիադ Կվաճանտարիձեն:
«Փաստացիորեն, այդ օրենքը մեզ որևէ բան տալի՞ս է, բացի նրանից, որ մենք խորհրդանշաբար ապացուցում ենք մեր պատկանելությունը Եվրոպային: Չէ՞ որ մեր Սահմանադրությունում վաղուց գրված է, որ չի կարելի իրականացնել խտրականություն: Ո՞րն է այդ օրենքի ընդունման իմաստը: Միայն այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է լրացուցիչ երաշխավումներ տալ ինչ-որ մեկի՞ն», -հայտարարել է փորձագետ Գիա Նոդիան:
Մայիսի սկզբին Վրաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը: Այցը Վրաստանում ծրագրված է տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարը կայցելի նաև Մոլդովա և Ուկրաինա:
«Ժողովրդավարական շարժում» կուսակցության քաղաքական քարտուղարը քննադատել է Շվեդիայի Արտաքին գործերի նախարարի կողմից արված հայտարարությունը, որտեղ շվեդ նախարարը հայտնել է, որ «ուղղափառությունը շատ ավելի սարսափելի է և վտանգավոր, քան իսլամական ֆունդամենտալիզմը»: Ըստ Գիգլա Բարամիձեի՝ նման հայտարարությունները անհանդուրժողականության բացեիբաց մասսայականացում են և գրգռում են բռնություն: «Նման հայտարարությունները վարկաբեկում են Եվրոպային մեր քաղաքացիների աչքին: Նման հայտարարությունները հակասում են եվրոպական բոլոր նորմերին և սկզբունքներին, այդ թվում նաև քրիստոնեական արժեքներին», -ապրիլի 30-ին հայտարարել է Գիգլա Բարամիձեն՝ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության քաղաքական քարտուղարը:
Վարչապետի կարծիքով հակախտրական օրենքի ընդունումն անհրաժեշտ է: «Մենք անպայման կընդունենք այդ օրենքը: Ես ուզում եմ, որ երկրի բնակչությունն իմանա, որ մենք երբեք չենք ընդունի այնպիսի օրենք, որը սպառնալիքի տակ կառնի մեր արժեքները և վտանգավոր կլինի մեր սովորույթնորի և ավանդույթների համար: Ինչ վերաբերում է պատրիարքի հայտարարությանը, Պատրիարքը իմաստուն մարդ է: Նա գիտի՝ ինչ և ինչու է անում: Մենք Վրաստանը քաղաքակիրթ երկիր դարձնելու շահագրգռվածություն ունենք: Այդ օրենքի ընդունմամբ մենք ևս մեկ անգամ կհաստատենք, որ մենք ուժեղ ազգ ենք և ուժեղ պետություն ենք», -ապրիլի 30-ին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վրաց ժողովրդին աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: «Մեր Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի բարելավվի մեր քաղաքացիների կյանքը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հաջողության և բարեկեցության հասնել իր աշխատանքով: Այսօր երկիրն ունի «Աշխատանքային Կոդեքս», որը համապատասխանում է միջազգային և եվրոպական չափանիշներին: Հաշվի առնելով, որ մենք ձգտում ենք դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ՝ այդպիսի աշխատանքային կոդեքսի առկայությունը պարտադիր է: Ես ուզում եմ ասել, որ միայն օրենքի առկայությունը չի կարող դառնալ առողջ աշխատանքային փոխհարաբերությունների երաշխիք: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մենք աշխատում ենք մոնիտորինգի կառույցի ստեղծման վրա՝ որի ստեղծման նպատակը հենց աշխատանքային շուկայի իրավիճակի վերահսկումը կլինի: Այդ կառույցը պետք է վերահսկի և ավելի առողջ դարձնի իրական դրությունը», -մայիսի մեկին հայտարարել է Վրաստանի վարչապետը: Հիշեցնենք, որ հաջորդ տարվանից մայիսի մեկը պաշտոնապես կհամարվի ոչ աշխատանքային օր:
Մայիսի 1-ին կայացավ Վրաստանի նախագահի հրաժեշտի հանդիպում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետ: Հրաժեշտի հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վրացական փոխհարաբերությունները և հույս հայտնեցին, որ հարաբերությունները երկու երկրների միջև ավելի կխորանան: Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Գիորգի Մարգվելաշվիլիին աջակցության համար և հաջողություն մաղթեց երկրի զարգացման գործում: Հայաստանի դեսպանը նաև հրաժեշտի հանդիպում անցկացրեց Վրաստանի վարչապետի և Արտաքին գործերի նախարարի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Հայաստանի նախագահը ստորագրել է երկու հրաման: Առաջին հրամանի համաձայն՝ Հովհաննես Մանուկյանը ազատվում է Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից, իսկ երկրորդ հրամանով նա նշանակվում էր Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար: Հովհաննես Մանուկյանը ներկայցնում էր Հայաստանի Հանրապետության շահերը Վրաստանում 2012թ.-ից:
Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարությունը զգուշացնում է երկրի քաղաքացիներին Ուկրաինայում «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու առթիվ և կոչ է անում հեռու մնալ Ուկրաինայի արևմտյան շրջանների այցելություններից: «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չայցելել կոնֆլիկտային շրջաններ, իսկ եթե մեր քաղաքացիներն արդեն այնտեղ են, ապա զգուշացեք և անհրաժեշտության դեպքում միանգամից դիմեք դեսպանատուն կամ Ուկրաինայում Վրաստանի հյուպատոսություն», -ասված է մայիսի 2-ին տարածված դիմումի մեջ:
Մայիսի 2-ին 107 կողմ և 1 դեմ ձայնով Վրաստանի Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքը: Խորհրդարանի կողմից ընդունվելուց հետո օրենքը փոխանցվել է երկրի նախագահին, որը 10 օրվա ընթացքում պետք է ստորագրի այն:
Վրաց Պատրիարքը Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավարի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Անկարայում անցկացված հանդիպման ընթացքում Իլյա Երկրորդը հայտարարել է. «Վրաստանում ստեղծված են բոլոր պայմանները մուսուլմանական կրոնի քաղաքացիների համար: Վրաստանում գործում է 311 մզկիթ: Եվ դա այն ժամանակ, երբ Թուրքիայում չի գործում ոչ մի վրացական եկեղեցի»: Վրաց պատրրիարքը նաև խնդրել է Թուրքիայի իշխանությանը ընդարձակել վրաց մասնագետների հնարավորությունները մասնակցելու վերականգնողական աշխատանքներում, որոնք տարվում են Օշկ և Իշխան քաղկեդոնական եկեղեցիներում:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը