Մեկնաբանություն

05.05.2014 11:11


Բա հիմա ո՞ւմ ենք ի ցույց դնելու

Բա հիմա ո՞ւմ ենք ի ցույց դնելու

«Նոր» կառավարությունն արդեն ձևավորված է։ Ոչ այնքան լավ մոռացված հին դեմքերը համալրեցին կառավարական շարքերն ու խոստացան լավ աշխատել։

Տիգրան Սարգսյանի կառավարությունն էլ էր խոստացել լավ աշխատել։ Աշխատելը՝ աշխատեց (փող), բայց հայ ժողովրդի հաշվին։

Որքան էլ նորը հնի կրկնությունն է, այդուհանդերձ, որոշ կոսմետիկ փոփոխություններ կան։

Արդարադատության նախարարի աթոռը լքեց Արմեն Ռուստամյանի կողմից «չաթլախ» որակումը ստացած Հրայր Թովմասյանը։ Իսկ դա նշանակում է, որ երիտօլիգարխիային ծառայելը չփրկեց օդիոզ այդ նախարարին, և հիմա նա, թերևս, արտահաստիքային փաստաբանություն կանի որևէ «կանտոռայում»։

Նախարարական աթոռին հրաժեշտ տվեց նաև կենդանի լեգենդը՝ Յուրի Վարդանյանը, ում պաշտոն էին տվել «մուտիլովկաներով» զբաղվելու և Գագիկ Ծառուկյանի դեմ աշխատելու համար։

Պաշտոնապես հայտարավել էր, որ Վարդանյանին նշանակել են ոչ թե նրա մենեջերական հատկանիշները, այլ լեգենդ լինելու հանգամանքը հաշվի առնելով։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ նախարարության աշխատակազմը բակերում և այլուր պետք է ի ցույց դնի կենդանի լեգենդին։ Հիմա, փաստորեն, «ի ցույց դնելու» բան չկա, քանզի բոլորն էլ տեսան, թե ինչ «կենդանի» է լեգենդը։

Սերժ Սարգսյանն էլ, տեսնելով, որ Յուրին չի կարողանում կատարել իր հիմնական առաքելությունը՝ Ծառուկյանի դեմ «մուտիտներ» անելն ու մարզաշխարհը քանդելը, նրան ազատեց աշխատանքից։ Ասել է թե՝ «ի ցույց դնելու» բան չմնաց։

Ի դեպ, մի ժամանակ «ի ցույց էին դնում» նաև «օղորմածիկ» Տիգրան Սարգսյանին։ Ուզում էին ասել, թե տեսեք՝ ինչ բարեպաշտ, աստվածավախ, համեստ ապրելակերպի կողմնակից ու կրթված վարչապետ ունենք։ Շատ չանցած, սակայն, հանրության լայն շերտերն իրենց համար պարզեցին, որ գործ ունեն փարիսեցի, դեմագոգ, թալանչի, օֆշորասեր ու Օստապ Բենդերի հոգեկերտվածքով մեկի հետ։

Հիմա բոլորս ականատեսն ենք լինելու, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը պարտադիր, բայց ոչ պարտադրված շոուներով զբաղվում։ Եկել է նոր վարչապետին «ի ցույց դնելու» ժամանակը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը