Լրահոս

05.05.2014 11:01


Աշոտ Գրիգորյան. «Արցախի անկախության հռչակման մեկ օր ուշացումն այլևս հանցագործություն է»

Աշոտ Գրիգորյան. «Արցախի անկախության հռչակման մեկ օր ուշացումն այլևս հանցագործություն է»

Վերջին ամիսների քաղաքական զարգացումները` կապված Ուկրայինայի և մասնավորապես Ղրիմի հետ, ստեղծել են նոր իրավիճակ նաև Հարավային Կովկասի քաղաքական զարգացումների համար: Եվրոպական վերլուծաբանները, այդ թվում՝ սլովակ քաղաքական գործիչները, իրենց տարակուսանքն են հայտնում Հայաստանի իշխանությունների հաշտվողական ու իներտ վերաբերմունքի շուրջ` կապված Արցախի խնդրի հետ: Ցեղասպանության 99-ամյակի իր ելույթում սլովակ հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ, Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամ Յան Չառնոգուրսկին նշեց. «Սլովակիայից կարելի է սպասել հսկայական օգնություն, եթե այսօր Ադրբեջանն Արցախի և կամ Հայաստանի դեմ ոտնձգություններ սկսի»:

Մենք հաստատում ենք, որ Սլովակիայի հետ դիվանագիտական և քաղաքական աշխատանքների զարգացման դեպքում Սլովակիան Հայաստանին ու Արցախին կօգնի՝ ինչպես ռազմավարական գործընկեր: Հարկ է նշել նաև, որ Սլովակիայում Հայաստանի դեսպանի դե ֆակտո բացակայությունը /Սլովակիան դե յուրե ծածկում է Պրահայում հայկական դեսպանությունը, որի ակտիվությունը Սլովակիայում համարյա հավասարվում է զրոյի/, թույլ չի տալիս հայ-սլովակական հարաբերությունների զարգացման այնպիսի մակարդակ, որին ձգտում են հասցնել Սլովակիայի հայ լոբբիստները: Լիովին անհասկանալի է նաև Արցախի իշխանությունների դիրքորոշումն արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Եվրոպայում շատերը կարծում էին, որ, օգտվելով Ղրիմի՝ Ռուսաստանին կայծակնորեն միանալու փաստից, Արցախը նույնպես կսկսի սրընթաց գործընթաց, և նույնքան արագորեն կմիանա Հայաստանին, կամ գոնե կհաստատի իր անկախությունը` պահանջելով մի շարք բարեկամ երկրներից ու ամենից առաջ Հայաստանից իր անկախության հաստատումը: Սակայն, ավաղ, արցախյան իշխանությունները քնած են լեթարգիական քնով` հար և նման Հայաստանի նախագահին և արտգործնախարարին: Մենք հաստատում ենք, որ աշխատանքների լավ զարգացման դեպքում հնարավոր էր վերջին տարիների ընթացքում Սլովակիայում և մի շարք բարեկամ երկրներում բարձրացնել Արցախի անկախության հարցը: Մեր խորին համոզմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ զարգացման դեպքում այսօր էլ կարելի է արագորեն լուծել Արցախի Հայաստանին միանալու խնդիրը: Այս թեմայի շուրջ խորհելու տեղիք է տալիս օրեր առաջ <>-ում տպագրված փորձագետ Վիկտոր Յաղուբյանի վերլուծությունը, որտեղ տրվում է գնահատական Ադրբեջանի ռազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին և դրան ոչ համարժեք ՀՀ-ի և Արցախի իշխանությունների արձագանքին: Իսկապես, Ադրբեջանն իրադրությունը լարում է Արցախը գրավելու երազանքով, որին ի պատասխան՝ հայկական կողմն ակնհայտորեն ոչինչ չի կարողանում ձեռնարկել: Այս իրադրությունից դուրս գալու իդեալական ելքն Արցախը Հայաստանին միացնելու գործընթացի կայծակնային իրականացումն է, որի համար մենք դիմում ենք արցախյան իշխանություններին` պահանջելով շտապ և մտածված քայլեր կատարել: Պահանջել բառն օգտագործում եմ` ելնելով այն տրամաբանությունից, որ պասիվ քաղաքականությունը շարունակելու դեպքում Ադրբեջանը կարող է գործել ճակատագրական սխալ և հարձկվել Արցախի վրա, որի արդյունքում ԵՀՄՖ-ն և արտերկրում գործող բոլոր հայկական կազակերպությունները դիմելու են արտերկրի հայությանն` Արցախին օգնելու պահանջով, և հայտնվելու են բազմակի անգամ ավելի ծանր իրավիճակի մեջ. որքան ավելի հեշտ է այսօր կատարել մտածված քայլեր` 10 միլիոն հայությանն ապագայում ծանր իրավիճակի մեջ չդնելու միտումով:

Հուսով ենք, որ Արցախի նախագահը և ԱԳՆ-ն կձերբազատվեն Հայաստանից եկող ճնշումներից ու, ընկալելով ՀՀ-ում ներքին քաղաքական ոչ պարզ իրավիճակից բխող հետևանքների առկայությունը, կլինեն նախահարձակ և կկատարեն որոշակի խիզախություն պահանջող և իրավիճակին համարժեք ակտիվ քայլեր` ընդհուպ մինչև Հայաստանին միանալու գործընթացի սրընթաց իրականացումը:

ԵՀՄՖ նախագահ, Աշոտ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը