Աշխարհ

25.08.2009 14:04


Արամ Սաֆարյան. «Թուրքական քաղաքական քարոզչական մեքենան աշխատում է որքան կարելի է խլացնել ֆուտբոլային դիվանագիտությունից Հայաստանի ստացած քարոզչական առավելությունը»

Արամ Սաֆարյան. «Թուրքական քաղաքական քարոզչական մեքենան աշխատում է որքան կարելի է խլացնել ֆուտբոլային դիվանագիտությունից Հայաստանի ստացած քարոզչական առավելությունը»

-Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի վերջին հայտարարությունն, ըստ իս, վկայում է այն մասին, որ առ այս պահը Հայաստանի հարցում Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումներում որևէ նոր միտում չկա,-ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուս Կիլդիժի արած վերջին հայտարարությունը։

-Ուզում եմ հիշեցնել, որ հայ վերլուծաբանները վերջին ամիսների ընթացքում տարբեր առիթներով ձևակերպել են այն տեսակետը, որն այսօր ունի Թուրքիան Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հարցում։ Կարճ ասած, դա հանգում է հետևյալին.

1. Միջազգային հանրությանը ցույց տալ, որ գործընթացը շարունակական փուլի մեջ է։

 2. Իրականում սպասել, մինչև հայ-ադրբեջանական երկխոսությունն առաջընթաց կունենա, և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Արցախի հարցում ինչ-որ մի համաձայնություն կլինի։

Արամ Սաֆարյանի կարծիքով այն, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը միանշանակորեն կապում է ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի հետ, արդեն քննարկման ենթակա չէ։

-Վերջին 3-4 ամիսների ընթացքում մենք ականատես չենք եղել որևէ խոսակցության թեկուզ բարի կամքի դրսևորման, որը շահագրգիռ մեծ տերություններն անեին Թուրքիայի հասցեին հայ-թուրքական երկխոսության գործընթացում որևէ տեղաշարժ արագացնելու համար։ Կարծում եմ, որ այս պահի դրությամբ էական փոփոխություններ չկան,-ընդգծել է ԲՀԿ քարտուղարը։

Ա. Սաֆարյանն ասել է, որ դժվարանում է պատասխանել այն հարցին, թե այս պայմաններում մեր երկրի նախագահը կգնա՞ արդյոք դիտելու ֆուտբոլային խաղը։

-Թուրքական քաղաքական քարոզչական մեքենան աշխատում է որքան կարելի է խլացնել ֆուտբոլային դիվանագիտությունից Հայաստանի ստացած քարոզչական առավելությունը, և հարցը հանգեցնել նրան, որ սովորական բանակցային գործընթաց է տեղի ունենում, ու առանձնապես ոչ մի իրարանցում դրանից սպասել պետք չէ։

Սյուզի Մելքոնյան

 

Այս խորագրի վերջին նյութերը