Մեկնաբանություն

05.05.2014 12:07


Սերժ Սարգսյանի բնական դաշնակիցները

Սերժ Սարգսյանի բնական դաշնակիցները

Շատերն են զարմանում, թե ինչպես է ստացվում, որ պետության ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ամբողջությամբ ձախողված Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ իշխանության ղեկին։

Պատասխանը շատ պարզ է՝ Սարգսյանը մնում է իր տեղում, քանզի իշխանությունը գցած է փողոցում, բայց վերցնող չկա։

Իրոք որ, դա ֆենոմենալ բան է, բայց այս ամենը ոչ թե Սարգսյանի շնորհքն է, այլ նրա բնական դաշնակիցների ներդրումը։ Խոսքս ոչ միայն ՀՀԿ ղեկավարի հետ անձնական շահով կապվածների մասին է։

ՀՀԿ ղեկավարի բնական դաշնակիցներ են հանդիսանում նրա վճարովի և անվճար հաճախորդները, Սարգսյանին գիտակցված ու չգիտակցված ձևով ծառայություններ մատուցողները, քաղաքական ռացիոնալիզմի հակառակորդները, համապատասխան գիտակցություն չունեցող քաղաքական ուժերն ու անհատները։

Տեսե՛ք, քաղաքական ու քաղաքացիական կոչված դաշտերում կան մարդկանց խմբեր ու անհատներ, ովքեր իրենց ներկայացնում են որպես ընդդիմադիր գործիչներ, սակայն պայքարում են ոչ թե Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմի, այլ ոչիշխանական քառյակի, հատկապես՝ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։

Այն, որ ոչիշխանական ուժերն արժանի են քննադատության, վիճելի բան չէ, բայց եթե դու հիմնական թիրախ ես դարձնում այդ ուժերին՝ մտածելով, որ մինչև ոչիշխանական ուժերը չոչնչանան, քո բախտը չի բացվի, ու դու ընդդիմադիր դաշտի միակն ու անկրկնելին չես դառնա, ապա այդօրինակ վարքագծով դառնում ես Սերժ Սարգսյանի բնական դաշնակիցը, քանզի վերջինիս նպատակն էլ է ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին մեջտեղից վերացնելը։

Ու արդեն կապ չունի, թե «բյուրեղյա մաքրության» տեր քաղաքական կամ քաղաքացիական դաշտի ներկայացուցիչներն իրենց ծառայություններն «անկախ» լրատվամիջոցների էջերից Սարգսյանին մատուցում են վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով։

Եթե Սերժի բնական դաշնակիցներին թվում է, թե քաղաքական դաշտը քառյակից մաքրելով իրենց համար դուռ է բացվելու, ապա չարաչար սխալվում են, քանի որ դրանից հետո Հայաստանում կհաստատվի սուլթանատ։ Այնպես որ, առնվազն տարօրինակ է ԱԺ նախագահի ընտրության հետ կապված ԲՀԿ–ի սայթաքման առիթով հորթային հրճվանք ցուցաբերելը։

Եթե ԲՀԿ–ն սխալվում է, ապա ոչ թե պետք է ծափ զարկել ու ձեռքերը շփել, թե ուռա՜, մեզ համար տեղ է բացվելու, այլ մտահոգվել, որովհետև ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու մյուսների հարցերը եթե լուծվեն, ապա ոչ թե տեղ կբացվի, այլ բոլոր տեղերը կփակվեն, ու ազգովի «բայրամ» կանենք և, ի վերջո, պետություն կկորցնենք։

Սերժ Սարգսյանի բնական դաշնակիցներ են նաև, չզարմանա՛ք, նրա բնական հակառակորդները։

Եթե Հայաստանում ստեղծված իրավիճակից դժգոհ ու փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերը չեն գիտակցում, որ պետք է մի կողմ դնել ինչ–ինչ խնդիրները և միավորվել, ապա Սերժը Շարմազանովի շուրթերով կշարունակի հայտարարել, որ առաջիկա տասնամյակում լինելու է քաղաքական դաշտի առաջին ջութակը, և որ իշխանության հարցը լուծվելու է մերօրյա պոլիտբյուրոյում, որը գտնվում է Մելիք–Ադամյան փողոցում։

Եվ ուրմեն, Սերժ Սարգսյանի համար ակամայից բնական դաշնակցի դեր կատարողները պետք է մեկ բան անեն՝ հրաժարվելու համար այդ կարգավիճակից։ Նրանք պետք է գնան միասնական և հանրային լայն կոնսոլիդացիա ապահովող ճանապարհով։ Այլ տարբերակ գոյություն չունի։

Ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծում։ Թեև այդ լուծումն այնքան բնական է, որ այդ չի կարելի ոչ ստանդարտ համարել, քանզի 2–ը միշտ մեծ է 1–ից։ Դա աքսիոմա է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը բնական դաշնակիցներ ունի նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Դրանք Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված պետություններն են և Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերում որպես մանրադրամ օգտագործողները։ Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։

Այս խորագրի վերջին նյութերը