Լրահոս

06.05.2014 10:49


«Սերժ Սարգսյանի` մեկ տարի առաջ տված խոստումը տապալվել է»

«Սերժ Սարգսյանի` մեկ տարի առաջ տված խոստումը տապալվել է»

Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը հանրությանը հերթական «աչքալուսանքն» է տվել` ներկայացնելով անցած ամիսներին երկրում արձանագրված գնաճի մասին տվյալները: Ըստ այդմ` Հայաստանում 12 ամիսների գնաճը կազմել է 4.4%, իսկ այս տարվա 4 ամիսներինը` 1.7%: Այս տարվա ապրիլին, մարտ ամսվա համեմատ, պարենային ապրանքների գնաճը կազմել է 1%, ոչ պարենային ապրանքների մասով 0.1% գնանկում է գրանցվել, ծառայությունների ոլորտում` 0.1% գնաճ: ԱՎԾ տվյալներով` առավել բարձր գնաճ է արձանագրվել բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում` 5.4%, միրգ ապրանքախմբում` 1.8%, կաթնամթերք ապրանքախմբում ` 2.1%:
Այս տվյալներն, իհարկե, որեւէ նոր բան չեն ասում շարքային քաղաքացիներին, թերեւս միայն այն, որ իրականից ավելի մեղմ պատկեր են ներկայացնում: Սակայն արդեն իսկ դա բավական է, որպեսզի ակնհայտ դառնա, որ Սերժ Սարգսյանի` մեկ տարի առաջ՝ մարտի 18-ին տված խոստումը, թե «աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը», մեղմ ասած, տապալվել է: Իհարկե, դա ասվել էր արդեն նախկին վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը, սակայն, ինչպես հիշում ենք, այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանը փառավորապես տապալեց ինչպես այս, այնպես էլ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ծրագիրը, նույն Սերժ Սարգսյանը հանդես եկավ Տ. Սարգսյանի հրապարակային պաշտպանությամբ ու գովեստով: Բավական է հիշել հենց միայն ԵԿՄ վերջին համագումարում Ս. Սարգսյանի ունեցած ելույթը:
Իսկ երբ Ս. Սարգսյանն, ի վերջո, որոշեց փոխել երկրի վարչապետին, հանրությանն այդպես էլ չներկայացվեց, թե որն էր Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու պատճառը: Ս. Սարգսյանն այդպես էլ հանրային պատասխանատվություն չդրսեւորեց` իր ընտրողներին ասելու, թե` հարգելի քաղաքացիներ, ես կառավարության առջեւ խնդիր էի դրել, որն այն չկատարեց, ուստի եւ, ես այս կառավարությունը փոխում եմ:
Իսկ դա նա չարեց մեկ պարզ պատճառով՝ քանի որ հաջորդ հարցը, որը տալու էր յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, հետեւյալն էր՝ մի՞թե ամբողջ վեց տարի էր պետք` հասկանալու, որ Տիգրան Սարգսյանը երկրի տնտեսությունը տանում է քայքայման: Եվ եթե այո, ինչո՞վ է իր ծրագրերը տապալած վարչապետից ավելի լավը այն նախագահը, ով ամբողջ վեց տարի դա չի հասկացել, բնականաբար, ոչնչով: Ուստիեւ, Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը պետք է ընդհատել նույնքան կտրուկ եւ նույնքան անվերադարձ: Տիգրան Սարգսյանի բառապաշարով ասած` «ջհանդամը», թե դրանից հետո Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին ստիպված չենք լինի ուղարկել դիվանագիտական աշխատանքի: Ի վերջո, Հայաստանն անցած տարի դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի եւ Վանուատուի հետ: Թող գնան ու ծառայեն:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթում։

Այս խորագրի վերջին նյութերը