Լրահոս

06.05.2014 15:01


Ամենայն Հայոց Կաթողիկոսը գիտի...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գիտի...

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Հանդիպման ընթացքում Ամենայնը նշել է. «Գիտենք, որ Կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»։

Ինչպես տեսնում ենք, անգամ Ամենայնն է փաստում, որ երկրում այնքան խնդիր կա, որ ուժն ու եռանդը չեն խանգարի։ Ինչպե՞ս կարող է Ամենայնը չիմանալ երկրի ողբալի վիճակի մասին. չէ՞ որ նրա սպասավորներից մեկն օֆշորային մեքենայությունների գլխավոր դերերում է, սակայն շարունակում է գործել հոգևոր (ոչ մի չարժեզրկված հասկացություն ու երևույթ երկրում չի մնացել) ոլորտում։

Բացի դրանից, Ամենայնը շատ լավ տեղյակ է նաև Տիգրան Սարգսյանի թողած ժառանգությունից. ինչպե՞ս չիմանա, հակառակ դեպքում Հովիկին ուժ ու եռանդ չէր մաղթի։ Իզուր եք մտածում, որ Ամենայնի ասածը ստանդարտ, անգիր արած տեքստ է։ «Գիտենք»–ը հենց այնպես չի ասվել. նա, տեղյակ լինելով երկրում առկա իրավիճակից, ենթագիտակցության մակարդակով արտաբերել է այն, ինչ չպետք է բարձրաձայներ։

Եկեղեցին իր կարիքները հոգում է, իսկ ժողովուրդը՞...

Ամենայնն ինչպե՞ս կարող է չիմանալ, առավել ևս, որ Նավասարդ Կճոյանը գիտի...

Այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանին արժե մտիկ անել Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերին, քանզի Տիգրան Սարգսյանի թողած ժառանգության տակից դուրս գալու ու ձեռքի հետ էլ նրա հետ մեկ քառակուսում չհայտնվելու համար ուժն ու եռանդն օդի պես անհրաժեշտ են։

Վեհափառը ենթագիտակցորեն նաև տեղին է մտահանգել՝ «ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»։ Եթե Հովիկ Աբրահամյանն, այնուամենայնիվ, շրջանցի Սերժ Սարգսյանի պատգամը («Իրականացվող «բարեփոխումներն» արդյունավետ շարունակվելու են»), ու լսի Ամենայնին, ապա մի կողմից կստանա ժողովրդի որոշակի աջակցությունը, մյուս կողմից՝ կունենա «հոգևոր ալիբի»։ Թող աշխարհիկ առաջնորդը հոգևորի՛ն մեղադրի Հովիկին նման խորհուրդներ ու մաղթանքներ տալու համար, թող իրե՛նք իրար հետ հարց լուծեն։ Եվ հետո, քաղաքական ինտրիգների մենաշնորհն ո՞վ է ասել, որ միայն Բաղրամյան 26-ին է վերապահված։

Հ. Գ. Այնուամենայնիվ, քաղաքականության մեջ խելքն առաջնային կարևորություն ունի։ Քաղաքական կյանքը նորանշանակ վարչապետին այդքան հնարավորություններ է ընձեռնում՝ դեմք դառնալու, իսկ նա ընդդիմանում է՝ մնալով «դեպք»։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը