Մեկնաբանություն

06.05.2014 19:31


«Գիր-ղուշ» եք գցում, որ ի՞նչ անեք

«Գիր-ղուշ» եք գցում, որ ի՞նչ անեք

«Նոր» կառավարության ձեւավորումից անմիջապես հետո ոմանք, ավելի կոնկրետ՝ ինքնահռչակ «քաղտեխնոլոգներ» ու նմանատիպ «գիտունիկներ» սկսել են շրջանառել մի հարցադրում, որ առավելապես զառանցանք է հիշեցնում:

Դեռ 20 օր կա, որ «նոր» կառավարությունը ներկայացնի իր նոր ծրագիրը՝ վերոհիշյալ անձինք արդեն «որոշել» են, թե ինչպես է այդ ծրագրին քվեարկելու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Ավելին՝ սրանք իրենց չեղած երեւակայությանը զոռ տալով նշում են տարբերակներ, որոնք կարող են «հիմք հանդիսանալ» ԲՀԿ-ի համար՝ կառավարության նոր ծրագրին կողմ արտահայտվելու համար:

Եվ այս ամենն այդ մարդիկ, ոչ թե որպես կանխատեսում են ներկայացնում, այլ… այլեւս կատարված փաստ:

Նորից ընդգծենք՝ դեռ 20 օր կա, որ կառավարությունը հանդես գա իր ծրագրի ներկայացմամբ: Բայց այսօրվանից արդեն ոմանք խոսում են ԲՀԿ-ի քվերակության մասին: Սա այն դեպքում, երբ դեռ կառավարությունն ինքը չի տեսել սեփական ծրագիրը, այսինքն՝ այն դեռեւս մշակման փուլում է կամ՝ առհասարակ դեռ չեն սկսել ծրագրի վրա աշխատանքը:

Այլ կեպ, քան՝ կլինիկական դեպք, հնարավոր չէ բնութագրել չեղած ծրագրի վերաբերյալ ԲՀԿ-ի քվեարկության մասին պնդումներ անողներին:

Մտածում ես, լավ, սրանք պարա՞պ են մնացել, այլ զբաղմունք չունե՞ն, թե՞ հանձնարարություն են կատարում՝ էս գլխից հարցի վերաբերյալ ԲՀԿ-ի «ռեակցիան» ստուգելու կոնկրետ նպատակով: Դե, ասենք, որ Բաղրամյան 26-ում «էս գլխից» հանգիստ լինեն:

Մինչդեռ, այս «հրատապ» հարցը պարզելուց առաջ դեռ որքա՜ն կարեւոր հարցեր կան, որոնք կարող էին բարձրաձայնել «քաղտեխնոլոգներն» ու մնացած «գիտունիկները»: Ինչը, սակայն, շատ հասկանալի պատճառներով սրանք չեն բարձրաձայնում:

Ասենք, օրինակ, հանրությանն անչափ հետաքրքրում է Տիգրան Սարգսյանի գործունեության իրական գնահատականը, որին, ինչպես հայտնի է քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն որոշեցին դեսպանի պաշտոնով պարգեւատրել:

Ի՞նչու, ի՞նչ տրամաբանությամբ: Մարդիկ այս հարցն են տալիս ու պատասխանը չեն գտնում: Մի՞թե նախկին վարչապետին, որ համատարած ձախողումներ է արձանագրել, հետն էլ ներգրավված է օֆշորային սկանդալի մեջ՝ նրան պատժելու փոխարեն, պարգեւատրում են նոր պաշտոնով:

Բա եթե հարցադրում եք անում, այս հարցադրումով հանդես եկեք, ա՛յ, «քաղտեխնոլոգներ»: Թե՞, դա ձեզ համար շատ վտանգավոր հարց է կամ՝ այդ հարցը հնչեցնելու վերաբերյալ հանձնարարական չեք ստացել:

Այդքան հարցասեր եք, նաեւ պարզեք, թե, ի վերջո, որտեղ է հիմա Տիգրան Սարգսյանը, որ պաշտոնաթողությունից հետո մի երկու սրտաճմլիկ հղումներ տեղադերց իր ՖԲ-յան էջում (ռուսական ռոք եւ Պաստեռնակ), իսկ հետո անհետացավ: Այնպես գետնի տակն անցավ, որ անգամ հարազատ կուսակցության բարձրագույն մարմնի նիստերին էլ չի մասնակցում:

Իսկ երբ լրատվամիջոցները նկատեցին նրա բացակայությունը, նախկին վարչապետը չգիտես որտեղից «հայտնվեց» ու իր ՖԲ-յան էջում տեղադրեց ընտանեկան լուսանկարներ, թե ինքն իբր գտնվում է Սեւանի թերակղզում (տպավորությունն այնպիսին էր, որ այդ լուսանկարները առնվազն հնգամյա վաղեմության են, սակայն, դա չէ էականը):

Այնպես որ, մինչև կառավարության ծրագրի ներկայացումը, այնքա՜ն կարեւոր հարցեր կան, որոնց պատասխանը հանրությունը չի ստացել: Եվ չի ստացել արդեն վեց տարի:

Դե, համարձակություն ունեք՝ նախ անդրադարձեք ա՛յդ հարցերին: Ոչ թե իրադարձություններից առաջ ընկնելով՝ «կոֆեի բաժակ նայեք»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը