Լրահոս

07.05.2014 22:18


Հրատարակվել է «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» վերտառությամբ վերլուծական ձեռնարկը

Հրատարակվել է «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» վերտառությամբ վերլուծական ձեռնարկը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայերենով և անգլերենով հրատարակել է վերլուծական ձեռնարկ` «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» վերտառությամբ:
Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի պետ Կարեն Կարապետյանը, բաժնի աշխատակիցներ Գրիգոր Ամիրյանը և Տիգրան Խաչիկյանը:
Ուղեցույցը վերաբերում է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերի քննության կազմակերպմանը և իրականացմանը, խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների վերլուծությանը, խոշտանգման գործերով նախաքննություն իրականացնելիս Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից ներկայացվող պահանջների էության բացահայտմանը:
Ուղեցույցի գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը ձեռնարկի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորում է քննչական պրակտիկայում խոշտանգման հետ կապված քրեական գործերի քննության ընթացքում հաճախակի առաջացող փակուղային իրավիճակների կամ օբյեկտիվորեն ծագող առանձին հարցադրումների շուրջ անհրաժեշտ գիտագործնական մեկնաբանություններ տալու հրամայականով:
- Ուղեցույցում արվել են նաև որոշակի առաջարկներ, որոնց պահպանումը քննարկվող հանցատեսակին վերաբերող քրեական գործերի քննության ընթացքում, մեր համոզմամբ, մի նոր իրավական խարիսխ կլինի որակյալ քննչական աշխատանք ապահովելու գործում,- ասում է Վահրամ Շահինյանը և շարունակելով` նշում,- և այն, որ ուղեցույցը կարող է լինել արդյունավետ կողմնորոշիչ ծագող առանձին խնդիրների պարզաբանման, տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապի ապահովման և հնարավորության սահմաններում քննչական պրակտիկայի միասնականացման համար, կարծում ենք, ակնհայտ է:
Ձեռնարկի գիտական խմբագիրը լիահույս է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նման բնույթի աշխատանքների հրատարակումը կդառնա բնականոն գործելաոճ:
Ասենք, որ ուղեցույցը նախատեսված է ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ասպիրանտների համար:
«Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» խորագրով վերլուծական ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև դատական-դատախազական աշխատողների, քրեական և քրեադատավարական իրավունքի հարցերով հետաքրքրվող քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների համար:

Այս խորագրի վերջին նյութերը