Լրահոս

08.05.2014 08:08


«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրապարակայնացված սկզբունքների վերաբերյալ

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրապարակայնացված սկզբունքների վերաբերյալ

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը, ուշադրությամբ հետևելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի 2014թ. մայիսի 7-ին Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթին, որի ընթացքում պարոն դեսպանը ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտության լուծման վեց հիմնական սկզբունքները, որոնց շուրջ այժմ ընթանում են հակամարտության կարգավորման բանակցությունները, հարկ է համարում ներկայացնել կուսակցության տեսակետը վերոնշյալ սկզբունքների վերաբերյալ՝ հենց սկզբից հայտնելով, որ ԱՎԿ-ի համար այս սկզբունքներն ամբողջովին անընդունելի են:

Ժամանակավոր միջանկյալ կարգավիճակի և ապագայում կամարտահայտման մասին: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991թ. անցկացված հանրաքվեի ընթացքում արդեն հայտնել է իր կամքը: Հանրաքվեին մասնակցելու հնարավորություն է տրվել նաև ԼՂԻՄ ազերի բնակիչներին, սակայն վերջիններս այն բոյկոտել են, իսկ հետո միացել Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիային: Արցախի ժողովրդի ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի հիման վրա և այն անտեսելը Արցախի ժողովրդի դեմ ուղղված քայլ է՝ Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի անտեսում:

Արցախի Հանրապետության տարածքների մի մասի Ադրբեջանին զիջման մասին: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հարկ է համարում հիշեցնել, որ Արցախի տարածքների ավելացումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում և արցախցիների պատասխանն է ադրբեջանական ագրեսիային: Տարածքներ վերցնելը՝ որպես պատիժ ագրեսիայի դիմաց, միջազգային պրակտիկայում ընդունված նորմ և գործընթաց է: Բավական է հիշեցնել Արևելյան Պրուսիայի տարածքների բաժանումը ԽՍՀՄ և Լեհաստանի միջև՝ որպես պատիժ նացիստական Գերմանիայի ագրեսիայի դիմաց: Երբ Ռուսաստանը, Լեհաստանն ու Լիտվան այդ տարածքները վերադարձնեն Գերմանիային, այդ ժամանակ էլ Արցախում հնարավոր կլինի մտածել առաջարկվող այս կետի մասին:

Ներքին տեղահանվածների և փախստականների՝ իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի մասին: Նույնիսկ այս իրավունքի ճանաչման դեպքում այն իրագործելու որևէ մեխանիզմ չկա: Ադրբեջանի պաշտոնական հակահայկական քաղաքականությունը վերադառնալու որևէ հնարավորություն չի թողնում խորհրդային Ադրբեջանից հեռացած հարյուրհազարավոր հայերի համար: Խորհրդային տարիներին Ադրբեջանի հատուկ քաղաքականության պատճառով կոմպակտ բնակված հայկական շրջաններում առաջացել էին ադրբեջանաբնակ բնակավայրեր, 1920թ. Շուշիում հայկական բնակչության կոտորածից հետո քաղաքի հայկական թաղամասը չի վերականգնվել և հայերի վերադարձն այնտեղ չի խրախուսվել: Այս վայրեր ադրբեջանցիների վերադարձը միայն նոր հակամարտության ներուժ կառաջացնի:

Անվտանգության միջազգային երաշխիքների և խաղաղապահների մասին: Ուկրաինայում ընթացող իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգության միջազգային երաշխիքները ոչինչ չեն նշանակում, իսկ խաղաղապահները որևէ հակամարտությունում էական դեր չեն խաղացել, ավելին, նրանց առկայությամբ նույնիսկ ցեղասպանություն է տեղի ունեցել Ռուանդայում, և սա ընդամենը 20 տարի առաջ: Արցախի ժողովրդի միակ երաշխավորը Պաշտպանության բանակն է և սահմանին կանգնած հայ զինվորը:

Ղարաբաղյան կարգավորման Ջեյմս Ուորլիքի կողմից հրապարակայնացրած սկզբունքներն ամբողջովին անընդունելի են Արցախի ժողովրդի համար:

Այս սկզբունքներն էականորեն ոտնահարում են Արցախի ժողովրդի իրավունքները և ձեռքբերումները, աջակցում Ադրբեջանի ագրեսիային և ամբողջովին ուղղված են հայության դեմ:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված պետություններին հեռանալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ոտնահարող և ագրեսիան պաշտպանող այս հանցավոր սկզբունքներից և ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչմանը՝ որպես հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ տարբերակ: Եթե ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է, ապա ագրեսիայի և ոչնչացման եզրին հայտնված ժողովրդի ինքնորոշումը միջազգային հանրության պարտականությունն է: Պարտականություն, որը չկատարվեց ղարաբաղյան պատերազմի ծանր պահերին, երբ ադրբեջանական ագրեսիայի զոհ էր դարձել Արցախի քառասուն տոկոսից ավելին և Արցախի հայությունը հայտնվել էր լիակատար ոչնչացման եզրին:

Արցախի ժողովուրդն իրականացրել է ազատ և անվտանգ ապրելու, գոյություն ունենալու իր իրավունքը: Պարոն Ուորլիքի ներկայացրած կարգավորման սկզբունքները, ինչպես նաև այդ սկզբունքների շուրջ բանակցողներն արհամարհում են Արցախի ժողովրդի այս իրավունքը:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը