Լրահոս

08.05.2014 10:55


Կարեն Թովմասյան. «Սա իշխող ուժի օկուպացիոն պլանն է» (տեսանյութ)

Կարեն Թովմասյան. «Սա իշխող ուժի օկուպացիոն պլանն է» (տեսանյութ)

Երիտասարդական խորհրդարանի Կոնգրեսի անդամ Կարեն Թովմասյանի ելույթը ԵԽ–ում.

Հենց այս պահին, մինչ մենք քննարկում և քվեարկում ենք, հանդես գալիս ելույթներով, Հայաստանի տարբեր անցակետերից շարունակում են արտագաղթել մեր քաղաքացիները, Հայաստանը շարունակվում է դատարկվել:

Հայաստանը լքում են մեր բարեկամները, ընկերներն ու հարազատները, մարդիկ, առանց որոնց մենք չենք պատկերացնում Հայաստանը, կամ մարդիկ, առանց որոնց մենք չենք պատկերացնում մեր կյանքը Հայաստանում:

Նայե՛ք ձեր շուրջը՝ վերջին տարիներին ձեր ընտանիքների անդամներից, ընկերներից և հարազատներից քանիսն են անվերադարձ լքել Հայաստանը:

Արտագաղթը չի շրջանցում ոչ մեկին՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, դավանած գաղափարախոսությունից, կուսակցական պատկանելությունից:

Սրընթաց դատարկվող և մշուշոտ ապագայով Հայաստանին պետք չեն ո՛չ մեր օրինագծերը, ո՛չ մեր ելույթները և ոչ էլ մեր քվեարկությունները:

Հայաստանին պետք են փոփոխություններ, փոփոխություններ բոլոր ասպարեզներում և բոլոր ոլորտներում:

Հարց կառաջանա՝ ո՞րն է լուծումը, և ո՞վ է խոչընդոտում լուծումներին:

Պատասխանը մեկն է՝ փոփոխություններին առաջին հերթին խոչընդոտում է իշխող ռեժիմը, որը արտագաղթը իր պարագլուխներից մեկի՝ օֆշորային վարչապետի շուրթերով հայտարարել է որպես հակահեղափոխական միջոցառում:

Ո՞րն է լուծումը:

Իշխանությունները պատասխան չունեն: Ռեժիմի առաջնորդ Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին ունի ընդամենը մեկ պատասխան՝ «Ես մեղավո՞ր եմ, որ Հայաստանի նախագահն եմ, ու խիյարը թարս ա բուսնում», իսկ եթե հարցնես ժողովրդին, ապա պատասխանն ավելին քան ակնհայտ է:

Ժողովրդական բանահյուսությունն արտագաղթի խնդրով անգամ անեկդոտներ է հորինում, որոնք դիպուկ կերպով արտահայտում են արտագաղթի պատասխանատուների նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Համաձայն այդ անեկդոտներից մեկի՝ «Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանն ամուսնուն ասում է՝ ա՛յ մարդ, բոլորը արտագաղթում են, արի մի տեղ էլ մենք արտագաղթենք, ինչին ի պատասխան՝ ամուսինը պատասխանում է, որ եթե իրենք արտագաղթեն, բոլորը կներգաղթեն»:

Այո՛, հենց այստեղ է խնդրի լուծումը: Արտագաղթը չի կասեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն ու իր թիմն են Մելիք-Ադամյան փողոցից ղեկավարում մեր երկիրը, ու արտագաղթի հարցը լուծելու համար առաջին հերթին պետք է լուծել հենց իշխող ռեժիմի հարցերը:

Սերժ Սարգսյնի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վերջերս ցինիկաբար մեր ժողովրդին գուժում էր, որ առաջին տասնամյակում Հանրապետականը, ի հեճուկս ժողովրդի և իրեն ներկայացնող քաղաքական ուժերի, առաջիկա տարում էլ կշարունակի բռնազավթած պահել երկրում իշխանությունը:

Սա լոկ հայտարարություն չէ. սա իշխող ուժի օկուպացիոն պլանն է, սա պատերազմի հայտարարություն է հասարակությանը և ընդդիմադիր ուժերին:

Նետված ձեռնոցը պետք է վերցնել և անցնել հարձակման, հապաղելն անթույլատրելի է, հետևում Հայաստանն է:

Սերժ Սարգսյանի հեռացման հարցն այլևս դադարել է լինել զուտ քաղաքական հարց և վերածվել է ազգային անվտանգության և հայրենիքի փրկության հարցի, իսկ հայրենիքի փրկությունն ու անվտանգությունը պահանջում են ինքնազոհ պայքար և միասնականություն:

Հասարակության և իրեն ներկայացնող ընդդիմադիր քաղաքական ուժերի մտածված և ճշգրիտ հաշվարկների և քայլերի դեպքում, համոզված եմ, Սերժ Սարգսյանի ռեժիմն իշխանությունը կարող է պահել ոչ ավել, քան տաս շաբաթ, առավելագույնը՝ տաս ամիս, բայց հաստատ ոչ տաս տարի:

Վերջին բոլշևիկը պետք է հեռանա։

Այս խորագրի վերջին նյութերը