Լրահոս

08.05.2014 11:25


Անի Գևորգյան. «Բարձրախոսը եղել է Կոնգրեսի երիտասարդների միակ «զենքը»»

Անի Գևորգյան. «Բարձրախոսը եղել է Կոնգրեսի երիտասարդների միակ «զենքը»»

Հարցազրույց լրագրող, ֆոտոլրագրող, Կոնգրես կուսակցության անդամ Անի Գևորգյանի հետ

–Անի՛, հայտնի է, որ դու, լինելով լրագրող, ակտիվ զբաղվում ես նաև կուսակցական աշխատանքներով: Ընդունված է կարծել, որ կուսակցականությունը որոշակի կաղապարի մեջ է դնում մարդուն, և նա դադարում է լինել օբյեկտիվ, հետևաբար, ավելորդ է խոսել օբյեկտիվ լրագրության մասին: Այդպե՞ս է:

-Այսօրվա Հայաստանում ցանկացած մարդ, անկախ իր մասնագիտությունից, պարտավոր է պայքարել ապօրինությունների դեմ: Ես դա կարողանում եմ անել թե՛ որպես լրագրող, թե՛ որպես Հայ ազգային կոնգրեսի անդամ, երբեւէ չեմ թաքցրել իմ սկբունքները եւ միշտ հրապարակային հայտարարել եմ դրանց մասին: Եթե այսօր ինձ ինչ-որ մեկն ասի, թե այս կամ այն լրագրողը չունի քաղաքական հայացքներ, ես կկասկածեմ այդ խոսքերի ազնվության վրա: Ինչ վերաբերում է օբյեկտիվ լրատվությանը, ապա դրա մասին խոսելն անիմաստ է, քանի որ այսօրվա լրատվական դաշտի 90 տոկոսը գտնվում է իշխանությունների ձեռքում:

–Ի դեպ, «օբյեկտիվի» մասին: Դու զբաղվում ես նաև լուսանկարչությամբ, և քո նկարներն ունեն ոչ միայն տեղեկատվական նշանակություն, այլև գեղագիտական: Դժվար չէ՞ համատեղելը:

-Դրանք միմյանցից շատ քիչ են տարբերվում: Առաջինով ես ցույց եմ տալիս այն, ինչ տեղի է ունենում, այն ինչ որ կա, իսկ երկրորդով, բացի իրականությունը ցույց տալուց, ցույց եմ տալիս նաեւ իմ վերաբերմունքը դրա նկատմամբ: Կարծում եմ՝ ցանկացած լուսանկարչի մոտ ուշ թե շուտ գալիս է մի պահ, երբ բացի հայելու ֆունկցիա կատարելուց՝ նա ցանկանում է իր լուսանկարների միջոցով նաեւ կարծիք հայտնել, բողոք արտահայտել՝ այդպիսով փորձելով ինչ-որ բան փոխել:

–Հետագայում նաև քո՛ նկարների հիման վրա մարդիկ պատկերացում կկազմեն 2000-ականների Հայաստանի, մասնավորապես հայաստանյան քաղաքական-հասարակական շարժումների մասին: Քո կարծիքով ո՞ր նկարդ կամ նկարներդ են առավել դիպուկ ներկայացնում այսօրվա Հայաստանը:

-Իմ բոլոր լուսանկարները հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին են. ես ամեն ինչի մեջ եմ քաղաքականություն կամ դրա հետեւանք տեսնում: Ցանկացած վավերագրական լուսանկար ինֆորմացիա է պարունակում, որը յուրահատուկ է ու անկրկնելի, հենց այդ պատճառով էլ ես խուսափում եմ առանձնացնել իմ արած լուսանկարներից որեւէ մեկը:

–Մայիսի 10-ին տեղի է ունենալու Երիտասարդական կոնգրեսի համագումարը, ինչի կապակցությամբ «Ֆեյսբուք» սոցցանցում դու և այլ կոնգրեսական երիտասարդներ տեղադրել եք քո հեղինակային բարձրախոսով նկարները: Ինչո՞ւ է բարձրախոս, և ի՞նչ է այն խորհրդանշում:

-Բարձրախոսն ինձ համար ազատության պայքարի խորհրդանիշ է: Այն մարդը, ով ազատ է, բարձրախոսով խոսելու կարիք չունի. նա կխոսի առանց դրա, եւ իր ձայնը առանց դրա էլ լսելի կլինի: Վերջին վեց տարիների ընթացքում բարձրախոսը եղել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների միակ զենքը, որով իրենք պայքարել են ապօրինությունների ու բռնության դեմ: Բարձրախոսով նրանք պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալների, դադարեցնել ապօրինությունները, վերականգնել իրենց իրավունքները, պահանջել են իշխանությունների հեռացումը, եւ այս իշխանությունները հակադարձել են իրենց ողջ զինանոցը, իրական զինանոցը:

Զրուցեց Տաթևիկ Պողպատյանը

Այս խորագրի վերջին նյութերը