Լրահոս

08.05.2014 14:07


Մերի Մովսիսյան. «Խաղաղության» մասին միֆը պայթեց

Մերի Մովսիսյան. «Խաղաղության» մասին միֆը պայթեց

Սերժ Սարգսյանի նախագահության առաջին իսկ տարիներին շրջանառության մեջ դրվեց «գոնե չի թողնում՝ պատերազմ լինի, գոնե պատերազմ չկա...» և այլն, և այլն կարգախոսը։ Ի սկզբանե նմանատիպ մտքերը ոչ այլ ինչ էին, քան «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակի մեկնարկի ազդանշան։ Քանի որ հայ ժողովուրդը գրեթե մշտապես ապրել է այլոց տիրապետության տակ և շատ քիչ կամ էլ ընդհանրապես չի պատկերացնում պետության գործառույթները, նրան հեշտ եղավ խաբել «խաղաղության» պահպանման միֆով։ Իրականում խախաղության դրոշի տակ երկրի ղեկավարի արտաքին քաղաքականությունը ստեղծեց երկու հայկական պետությանների համար ռիսկերով ու վտանգներով լի միջավայր։ Եթե Հայաստանում «խաղաղության» մասին գեբելսյան քարոզչամեքենայի միֆերը որոշակի ազդեցություն ունեն, ապա Արցախում դա չի անցնի։ Արցախցիները գրեթե դարեր շարունակ լինելով ազատ ու մարտնչող՝ կարողացել են պետականակերտ ու պետական մտածողություն ձևավորել։ Արցախցիները շատ լավ գիտեն իրենց անելիքները յուրաքանչյուր պարագայում։

Չեմ ցանկանում խորանալ ԱՄՆ դեսպանի ու համանախագահների հայտարարության և ելույթի մեջ, պարզապես նշեմ, որ նրանք հետապնդում են իրենց պրագմատիկ շահերն ԱՄՆ–Ռուսաստան լարված հարաբերություններում։ Սակայն նրանց լարված հարաբերությունների շահարկման հարց չէր դառնա Արցախը, եթե դրա համար առիթ չլիներ։ Իսկ առիթը տրվել է «ֆուտբոլային» դիվանագիտությունից սկսած, որին հաջորդեց Կազանը, և այլն։

Սերժ Սարգսյանը լավ չի պատկերացնում, որ Արցախում որակապես այլ մտածողության ժողովուրդ է ապրում, և նրանց համար, մեծ հաշվով, կապ չունի, թե ով է վտանգում, սպառնում ու վտանգի տակ դնում ԼՂՀ ամբողջականությունը և ազգային անվտանգությունը։ Այս հանգամանքը պետք է լուրջ մտահոգության առարկա լինի Հայաստան պետության յուրաքանչյուրղեկավարի համար։ Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունն, ի տարբերություն այլ երկրների, առաջին դեմքերից հիմնվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների կողմից ընդունելությամբ, այլև Արցախի ու Սփյուռքի։ Սփյուռքի վստահությունը Սարգսյանը կորցրեց հայ–թուրքական սիրախաղի հետևանքով։ Արցախցիների վստահությունն էլ կորցրեց։ Պարզապես, քանզի Արցախը պետություն է, մեծ հաշվով, հարկ չի համարում բարձրաձայնել սեփական վերաբերմունքը Սարգսյանի նկատմամբ։ Սակայն դա չի նշանակում, որ Սարգսյանը նրանց համար ընդունելի է։ Նրանց պետական շահերից է բխում, որ Հայաստանում լինի իրենց համար ընդունելի առաջնորդ։

Հ. Գ. Արցախցիներն, ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, հանդուրժողականությամբ չեն փայլում։ Սերժ Սարգսյանը լավ կանի՝ խնդրի իր խորհրդականներին զեկույց պատրաստել «ՀՀ առաջնորդի լեգիտիմության առանձնահատկությունները. Սփյուռքի և Արցախի գործոնները» թեմայով։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը