Լրահոս

09.05.2014 08:50


Գառնիկ Իսագուլյան. Այսօր ավելի կարևոր խնդիր, քան ընդհանուր համակարգային փոփոխություններն են, գոյություն չունի:

Գառնիկ Իսագուլյան. Այսօր ավելի կարևոր խնդիր, քան ընդհանուր համակարգային փոփոխություններն են, գոյություն չունի:

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

–ԼՂի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ ներկայացրեց 6 կետանոց հիմնարար սկզբունքները, իսկ ՀՀում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պնդեց, որ Արցախին հարակից «գրավյալ» տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս հայտարարությունները։

–Նախ նշեմ, որ այս հայտարարություններում որևէ նոր բան չի ասվել: Ուղղակի շատ տարօրինակ է, որ ամերիկացի համանախագահը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը իրենց ակտիվացումը մեկնաբանում են այն հանգամանքով, որ շուտով լրանալու է զինադադարի 20-ամյակը, և այսպես երկար շարունակել չի կարելի: Չեմ կարծում, որ այդ հայտարարություններն արված են տեղին ու ժամանակին, քանզի համաշխարհային քաղաքական օրակարգում այսօր ԼՂՀ հիմնախնդիրը ամենևին էլ առաջնային չէ: Ուորլիքի ելույթի բովանդակությունից պարզ է դառնում, որ նա լավ չի տիրապետում այն նյութին, որով զբաղվում է, և կարծեք այլոց ձեռքով գրված տեքստը նա հրամցնում է ունկնդիրներին՝ անչափ միակողմանի շարադրանքով: Այլապես, ինչպե՞ս հասկանալ, որ խոսվում է միայն մեկ կողմի փախստականների մասին, երբ Ադրբեջանից Հայաստան փախստականների քանակն ավելի շատ է, քան հակառակը: Խոսում է փոխադարձ վստահության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության մասին ու այդ միտքն ավարտում է տարածաշրջանում անհասկանալի խաղաղապահների պարտադիր անհրաժեշտությամբ: 20-ամյա խաղաղությունը պահպանվել է առանց այդ առաքելության և դեռ երկար կպահպանվի, եթե չլինի արտաքին միջամտություն: Միաժամանակ անհասկանալի է, որ խոսք անգամ չի ասվում այն տարածքի ու ժողովրդի մասին, ում կարգավիճակը փորձում են որոշել առանց այդ ժողովրդի ակտիվ մասնակցության: Պետք է ուղղակի արձանագրել, որ պայթյունավտանգ տարածաշրջաններն այսօր Արևմուտքին անչափ անհրաժեշտ են, և ամերիկացի համանախագահի ու նաև դեսպանի ելույթները միտված են հենց դրան:

Ուորլիքի և Հեֆերնի այդ հայտարարություններն արդյոք Սերժ Սարգսյանի վարած նախաձեռնողական քաղաքականության հետևա՞նքը չեն։

–Ժամանակն է, որ այլևս չխոսենք Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին: Այն ցավոք սրտի վերջին տարիներին չկա, և պատեհ ու անպատեհ մեր իշխանություններն ուղղակի տուրք են տալիս արտաքին ցանկացած ազդակի, որի՝ որպես իրենց համար միակ ընկալելի հետևանք, ցանկանում են տեսնել իշխանության վրա է՛լ ավելի երկար մնալը:

–Բայց ինչո՞ւ հենց այս պահին ամերիկացի դիվանագետները նման կտրուկ շեշտադրումներով հանդես եկան։

-Այն ամբողջությամբ տեղավորվում է Միացյալ Նահանգների կողմից արտաքին քաղաքականության մեջ որդեգրած «կառավարելի քաոս» մարտավարության շրջանակներում, որի հիմնական նպատակն է այդ միջոցով թույլ չտալ աշխարհաքաղաքականության մեջ նոր ուժեղ բևեռի ձևավորման գործընթացը:

–Այդուհանդերձ, հայաստանյան թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքական առկա իրավիճակից դուրս գալու լուծումը ո՞րն եք տեսնում։

–Այսօր ավելի կարևոր խնդիր, քան ընդհանուր համակարգային փոփոխություններն են, գոյություն չունի: Սա պետք է գիտակցեն բոլորը: Կորուստներից խուսափելու համար անչափ կարևոր է միասնական նոր բևեռի ձևավորումը, որը օրակարգի խնդիր կդարձնի օր առաջ Հայաստանում հասնել այնպիսի փոփոխությունների, որոնց արդյունքում կձևավորվի ժողովրդի կողմից վստահություն վայելող նոր իշխանություն՝ նոր մոտեցումներով, ու պետության առջև ծառացած խնդիրների լուծման համար նոր գործելաոճով:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը