Լրահոս

09.05.2014 22:48


«Եթե Հայաստանում իշխանությունը չփոխվի, Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի արդյունքները կվերացվեն»

«Եթե Հայաստանում իշխանությունը չփոխվի, Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի արդյունքները կվերացվեն»

Եթե Հայաստանում իշխանությունը չփոխվի, Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի արդյունքները կվերացվեն

Այսօր տոնում ենք Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձը: Բայց տոնում ենք ծանր սրտերով, տոնում ենք արտագաղթի, տնտեսական անկման և ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի համար շատ վտանգավոր զարգացումների ֆոնին: 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես եկավ մի ելույթով, որից պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն, փաստացի, պնդում է, որ հայկական ոկղմը պետք է հողեր հանձնի ադրբեջանցիների «ազնիվ խոսքի երաշխիքի տակ»: Շատերը սրա մեջ կմեղադրեն ԱՄՆ-ին, ոմանք` ՌԴ-ին` ասելով, որ եթե Ուկրաինայում ռուսները գնային զիջման, այսպիսի բաներ չէին լինի և այլն, սակայն մեղավորն այս իրադարձությունների մեջ Սերժ Սարգսյանն է:

Իր «նախաձեռնողական» խաղերը թուրքերի, ադրբեջանցիների հետ, իր` ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը, որը բերեց ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ զարգացումներին, չէր կարող անհետևանք մնալ մեզ համար: Հիմա էլ ստացվում է, որ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքը նյութականացվում է և հանգեցնում մի իրավիճակի, որտեղ շատ կտրուկ մեծանում է պատերազմի վտանգը: Ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում.

1. Քաղաքական ուժերը (ընդդիմադիր քառյակը) պետք է իրենց հստակ գնահատականը տան այս իրավիճակին` նշելով, որ հայկական կողմի համար բանակցությունների շարունակման հիմք է հանդիսանում 2007 թվականի փաստաթուղթը:

2. Կարծում եմ, որ իրենց գնահատականներով պետք է հանդես գան նաև Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները` նշելով, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող 6 կետերը Հայաստանի համար ընդունելի չեն և չեն կարող բանակցությունների հիմք հանդիսանալ: Կարծում եմ նաև որ նախագահները պետք է չբացառեն, որ Հայաստանի առջև կանգնած սպառնալիքի լրջության պարագայում պատրաստ են համատեղ ջանքեր գործադրելու երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Քաղաքական խնդիրները մի կողմ թողնենք, պետության մասին է խոսքը և այն ամեն գնով պետք է պահպանել` անկախ քաղաքական հայացքների տարբերությունից:

3. Վերջապես, ավելի կոշտ գնահատականներով պետք է հանդես գա նաև ԼՂՀ իշխանությունը:

4. Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները քայլեր չձեռնարկեն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար, ապա ընդդիմությունը պետք է դնի ամբողջական իշխանափոխության հարցը, քանզի ներկայիս իրավիճակի ձգձգումը կհանգեցնի նրան, որ լուրջ սպառնալիքներ կստեղծվեն ԼՂՀ-ի ու Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Եվ սուտ են այն խոսակցությունները, որ եթե մեզ մոտ իշխանափոխության պահանջ դնի ընդդիմությունը, ազերիները դրանից կօգտվեն: Ադրբեջանցիներն ավելի շատ օգտվում են նրանից, որ Սերժ Սարգսյանն է իշխանության ղեկին: Եթե նա չհեռանա, ապա վաղ թե ուշ ազերիները զենքի միջոցով կփորձեն լուծել իրենց խնդիրը: Դա կանխելու համար մենք պետք է մեր երկրի ներսում լուծենք իշխանությունների հարցը:

5. Նոր իշխանությունները պետք է հստակ ձևակերպեն իրենց դիրքորոշումը և ասեն, որ հայկական կողմի համար ընդունելի է 2007 թվականի փաստաթուղթը (իհարկե, այն նույնպես իր բացասական կողմերն ունի, բայց դա այսօրվա 6 կետերի նման «ղազագիր» չէ):

Խոսքերս դեռ որպես հասարակ կարծիք են ներկայանում, սակայն ես իմ կողմից ամեն բան կանեմ, որպեսզի ասվածւ դառնա քաղաքական ուժերի համար գործողությունների ճանապարհային քարտեզ: Ես ուզում եմ ապրել ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈԻ ԱՐՑԱԽՈՒՄ, ու այստեղ բոլոր անձնական ու նեղ քաղաքական վեճերը պետք է մի կողմ դրվեն:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը